ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 297-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու ընթացակարգը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում նշանակել սույն որոշումից բխող միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումներ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում սահմանել այն դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, որոնք վերադարձի վկայականներ են տրամադրում այն օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձանց, որտեղ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները բացակայում են:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար ժամանակավոր միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է:
2. Վերադարձի վկայականը 21 x 14 սմ չափսերով ուղղանկյուն ձևաթուղթ է:
3. Ձևաթղթի դիմերեսի վերևի մասում գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն` «REPUBLIC OF ARMENIA» (ՐԸՓԱԲԼԻԿ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ) բառակապակցությունը՝
1) կենտրոնում ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող գունավոր ներկերով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը.
2) Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև գլխատառերով տպագրվում է հայերեն` «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և անգլերեն` «CERTIFICATE OF RETURN» (ՍԵՐՏԻՖԻՔԵՅԹ ՕՖ ՐԻԹԸՐՆ) բառակապակցությունը, իսկ դրանից ներքև դրվում է վկայականի անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվում է կանաչ գույնով:
4. Ձևաթղթի դարձերեսի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն` ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ տեղեկությունները`
1) Հայաստանի Հանրապետության դեսպանություն/հյուպատոսություն - քաղաք.
2) տրված է (վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը):
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված գրառումներից հետո յուրաքանչյուր մասում համապատասխան լեզուներով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ» և «Վկայականը տալիս է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք» բառակապակցությունները: Այնուհետև, վերստին հատկացված են տեղեր` նշելու համար հետևյալ անհրաժեշտ տեղեկությունները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թվականը (օրը, ամիսը, տարեթիվը), ծննդյան վայրը, վկայականն ուժի մեջ է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը):
6. Ձևաթղթում տեղ է հատկացվում նաև վկայականի անվանատիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի և վկայականը տրամադրող պաշտոնյայի ստորագրության համար:
7. Վկայականի ձևաթուղթը պատրաստվում է պաշտպանված թղթից, որը պատված է տարբեր գույների` ուլտրամանուշակագույն լույսի տակ արտացոլվող մանրաթելերով: Վկայականի տպագրության համար օգտագործվում են հետևյալ պաշտպանիչ միջոցները`
1) իրիս տպագրություն. գույնից գույն սահուն անցում.
2) պաշտպանված հետնապատկեր. մանրագծերով կառուցված նախշեր.
3) գելեոշիրային տարր. չընդհատվող գծերից բաղկացած գծանկար.
4) միկրոգրություն. ընթեռնելի է դառնում միայն խոշորացման դեպքում.
5) անհատական համարակալում.
6) ուլտրամանուշակագույն ներկ. այս ներկով տպված բոլոր օբյեկտներն ուլտրամանուշակագույն լույսի ներքո արտացոլվում են կանաչ գույնով:
(հավելվածը խմբ. 10.01.13 N 114-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը (այսուհետ` վերադարձի վկայական) միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ վերադարձի վկայական հայցող) հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում:
2. Սույն կարգի իմաստով սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (այդ թվում` դիվանագիտական անձնագիրը), փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը (այսուհետ` օրինական փաստաթուղթ), որոնք վավերական են և պիտանի են օգտագործման համար:
3. Վերադարձի վկայական տրվում է սույն կարգի 1-ին կետում նշված անձանց` օրինական փաստաթղթի անվավեր (ժամկետանց) լինելու, բացակայության, ընդհանրապես տրամադրված չլինելու, օգտագործման համար ոչ պիտանի լինելու և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում: Օգտագործման համար ոչ պիտանի են համարվում այն օրինական փաստաթղթերը, որոնք առավելապես մաշված են, վնասված են, բացակայում են կամ հստակ տեսանելի չեն անձի անհատական տվյալները (լուսանկարը), վիզաները, սահմանահատումների դրոշմակնիքները կամ դրանք պարունակող էջերը, ինչպես նաև առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ կատարված նշումներ:
4. Վերադարձի վկայական տրվում է նաև օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվող և օրինական փաստաթուղթ չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն վերադարձն ապահովելու համար, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` սահմանված կարգով ներկայացված հարցման հիման վրա, այդ թվում` համապատասխան պետության հետ կնքված` առանց թույլտվության գտնվող անձանց հետ ընդունելու և տարանցիկ փոխադրման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրով (այսուհետ` ռեադմիսիայի համաձայնագիր)` նախատեսված կարգով ներկայացված հարցման կամ ռեադմիսիայի համաձայնագրով սահմանված հարցազրույցի արդյունքում կայացրած որոշման հիման վրա:
II. ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Վերադարձի վկայական հայցողն անձամբ (նաև՝ փոստով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմում է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի, լրացված (պարտադիր լրացման ենթակա են 1-7-րդ կետերը) և ստորագրված դիմողի կողմից.
2) 35 x 45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության).
3) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները և`
4) ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի (այլ օրինական փաստաթղթի) կամ նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագրի առկայության դեպքում` տվյալ փաստաթղթի բնօրինակը: Նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև դիմումն ընդունող հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի համապատասխան պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք, կամ՝
5) օրինական փաստաթղթի բացակայության դեպքում՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) անձը հաստատող այլ փաստաթղթերի բնօրինակները (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության (նաև նախկին ՀԽՍՀ) իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական) կամ դրանց նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում),
բ. տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից (այլ իրավասու մարմնից)` անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ բնական կամ տեխնածին աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին (առկայության դեպքում),
գ. վարորդական վկայականի բնօրինակը (առկայության դեպքում),
դ. բացակայող օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում).
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ. ծնողի (ծնողների) անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները:
6. Եթե դիմումը ներկայացնում է վերադարձի վկայական հայցողի լիազորված անձ հանդիսացող ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ այլ լիազոր անձինք կամ օրինական ներկայացուցիչները, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
1) ծնողի դեպքում՝ ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենը, լիազորագրի բնօրինակը.
2) եղբոր և քրոջ դեպքում՝ նրանց անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի բնօրինակը, վերադարձի վկայական հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները, լիազորագրի բնօրինակը.
3) ամուսնու դեպքում՝ ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, լիազորագրի բնօրինակը.
4) զավակի դեպքում՝ զավակի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները, լիազորագրի բնօրինակը.
5) այլ լիազոր անձի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) օրինական ներկայացուցչի դեպքում՝ օրինական ներկայացուցչի անձնագիրը (նույնականացման քարտը), օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ և վերադարձի վկայական հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը:
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում` անձին վերադարձի վկայական տրամադրելու խնդրանքով հյուպատոսական հիմնարկ կարող է դիմել նաև օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Եթե անձը հրաժարվել է լրացնել և ստորագրել դիմում-հարցաթերթիկը, նրա փոխարեն այն հայերենով կամ հայերեն թարգմանությամբ լրացնում և ստորագրում է օտարերկրյա իրավասու մարմնի պաշտոնյան:
III. ԱՆՁԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՊԱՐԶՈՒՄԸ
8. Անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե՝
1) ներկայացվում է անվավեր (վավերականության ժամկետը լրացած) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ՝
2) ներկայացվում է օգտագործման համար ոչ պիտանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ՝
3) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական, կամ՝
4) ներկայացվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր և դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետության քաղաքացիություն ունենալը ժխտող փաստաթուղթ, կամ՝
5) ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձի այդ կարգավիճակը հիմնավորող և ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
9. Անձի ինքնության և քաղաքացիության պարզումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր) պահվող տվյալների հիման վրա, եթե՝
1) չի ներկայացվում սույն կարգի 8-րդ կետում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը.
2) ներկայացվող փաստաթուղթը կասկած է հարուցում (առկա են չհաստատված ջնջումներ կամ ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքները կամ դրոշմակնիքները հստակ չեն, փաստաթուղթն առավելապես մաշված է կամ առկա են այլ հիմնավոր փաստական հանգամանքներ):
10. Անձի քաղաքացիության պարզումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ վերադարձի վկայական հայցողի՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստացած չլինելու դեպքում՝ սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Անձի ինքնության և քաղաքացիության պարզումը կարող է կատարվել նաև ռեադմիսիայի համաձայնագրով սահմանված հարցազրույցի արդյունքում կայացրած որոշման հիման վրա, եթե անձը չի ներկայացնում իր ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ կամ հանդես է գալիս կեղծ տվյալներով:
12. Անձի ինքնությունը պարզելու համար ներկայացված տվյալները՝ լուսանկարը և մյուս անհատական տվյալները, համեմատվում են ներկայացված փաստաթղթերում առկա կամ բնակչության պետական ռեգիստրում պահվող տվյալների հետ: Անձի ինքնությունը համարվում է պարզված, եթե համեմատվող բոլոր անհատական տվյալները համընկնում են:
13. Անհատական տվյալների (լուսանկար, անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ և այլն) անհամապատասխանության դեպքում վերադարձի վկայականի տրամադրումը մերժվում է:
IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
14. Անձի վերաբերյալ բնակչության պետական ռեգիստրում պահվող տվյալների ստուգումը կատարվում է հետևյալ եղանակներով՝
1) «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով.
2) համակարգի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) հարցում կատարելու միջոցով:
15. Նախարարություն հարցում կատարվում է հյուպատոսական հիմնարկի կողմից դիմումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային եղանակով: Հարցմանը կցվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը` բացառությամբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի կամ անհրաժեշտ վավերապայմանների:
16. Նախարարությունում հարցումն ստանալուց հետո համակարգի միջոցով կատարվում է անձի ինքնության և քաղաքացիության պարզում և պատասխանն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հյուպատոսական հիմնարկ: Այս գործողությունը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
17. Հյուպատոսական հիմնարկի կողմից համակարգի միջոցով անձի ինքնության և քաղաքացիության պարզումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե բնակչության պետական ռեգիստրում առկա են անձի անհատական տվյալները և էլեկտրոնային լուսանկարը:
18. Բնակչության պետական ռեգիստրում անձի անհատական տվյալների և էլեկտրոնային լուսանկարի բացակայության կամ դրանց որոշակի անհամապատասխանությունների դեպքում՝ նախարարության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից համակարգի միջոցով մեկօրյա ժամկետում հարցում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ ոստիկանություն):
19. Ոստիկանությունը հարցումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի լուսանկարով անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմումը թվայնացնում և համակարգի միջոցով ուղարկում է հարցումը կատարողին:
20. Ոստիկանության կողմից լրացուցիչ ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին հարցումներ կատարելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետը ոստիկանության կողմից կարող է երկարաձգվել առավելագույնը տասն աշխատանքային օրով:
21. Նախարարությունը ոստիկանության պատասխանն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով պատասխանն ուղարկում է հարցումը կատարած հյուպատոսական հիմնարկ:
V. ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Հյուպատոսական հիմնարկն անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմողին է տրամադրում վերադարձի վկայականը:
23. Վերադարձի վկայականը հայցողի կողմից դիմումն անձամբ ներկայացնելու դեպքում վերադարձի վկայականը վերջինիս ցանկությամբ և իր հաշվին կարող է տրամադրվել նաև փոստով՝ պատվիրված նամակով: Եթե դիմումը ներկայացվել է փոստով կամ օրինական ներկայացուցչի կամ լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա վերադարձի վկայականը կարող է հանձնվել միայն վերադարձի վկայականը հայցողի անձամբ ներկայանալու դեպքում, վերջինիս ինքնությունը պարզելուց հետո, բացառությամբ սույն կարգի 27-րդ կետի:
24. Փոստով դիմելու իրավունք ունի վերադարձի վկայական հայցողը, իսկ վերջինիս օրինական ներկայացուցիչը կամ լիազոր անձը դիմումը ներկայացնում են անձամբ:
25. Վերադարձի վկայականը տրամադրվում է մեկ ամիս ժամկետով: Ռեադմիսիայի համաձայնագրով նախատեսված դեպքում այն կարող է տրամադրվել տվյալ համաձայնագրով սահմանված ժամկետով:
26. Ռեադմիսիայի համաձայնագրերով սահմանված դեպքերում վերադարձի վկայականը կարող է տրվել նաև ոչ ճիշտ տվյալներով, եթե հարցազրույցի արդյունքում բացահայտվում են տվյալ անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող տվյալներ: Այս դեպքում վերադարձի վկայականի դիմերեսի ձախ վերևի անկյունում կատարվում է «Ո.Ճ.Տ.» (ոչ ճիշտ տվյալներ) նշումը:
27. Առանձին դեպքերում, երբ անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, ապա վերադարձի վկայականը կարող է տրամադրվել անձի օրինական ներկայացուցչի կամ լիազոր անձի միջոցով՝ նախարարության կողմից: Նախարարությունն անձի ինքնությունը և քաղաքացիությունը պարզելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմողին է տրամադրում վերադարձի վկայականը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
(լրացնել պարզ և ընթեռնելի, 1-7-րդ կետերը ենթակա են պարտադիր լրացման)
Անձնագրի (այլ փաստաթղթի) □ բացակայության (կորած, գողացված և այլն) □ անվավեր (ժամկետանց) լինելու □ օգտագործման համար ոչ պիտանի լինելու □ ընդհանրապես տրամադրված չլինելու (նշել V-ով)
պատճառով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական: |
|
1* |
Ազգանուն |
|
2* |
Անուն |
|
3* |
Հայրանուն |
|
4* |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
|
5* |
Ծննդյան վայրը (երկիրը, քաղաք/գյուղ) |
|
6* |
Քաղաքացիությունը |
|
7* |
Այլ պետության քաղաքացիության առկայությունը |
|
8 |
ՀՀ-ում հաշվառման հասցեն (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, տուն/բն.) և հեռախոսահամարը |
__________________________ __________________________ |
9 |
Որտեղ, երբ, և որ մարմնի կողմից էր ձևակերպված կորած անձնագիրը, այլ փաստաթուղթը |
|
10 |
Տեղեկություններ ինձ հետ գտնվող ընտանիքի անդամների մասին (նշել նրանց վերաբերյալ 1-6-րդ կետերով սահմանված տվյալները) |
__________________________ __________________________ __________________________
|
11 |
ՀՀ-ից ելքի օրը, ամիսը, տարեթիվը (կամ մոտավոր) |
|
12 |
ՀՀ-ից մեկնման նպատակը |
|
13 |
Տվյալ երկրում փաստացի բնակության հասցեն և հեռախոսահամարը |
|
14 |
էլեկտրոնային փոստի հասցեն (ըստ ցանկության) |
|
15 |
ՀՀ-ում բնակվող մերձավոր ազգականների կամ այլ ազգականների անունները, ազգանունները և հասցեները, որոնց հետ կարելի է կապվել անհրաժեշտության դեպքում |
|
16 |
ՀՀ վերադառնալու օրը, ամիսը, տարեթիվը |
____ _____________ 20___ թ. |
17 |
ՀՀ վերադառնալու երթուղին և տրանսպորտի միջոց (հայտնի լինելու դեպքում) |
|
18 |
Լրացման օրը, ամիսը, տարեթիվը |
____ _____________ 20___ թ |
Հավաստում եմ իմ կողմից ներկայացված բոլոր տվյալների և լուսանկարի իսկությունը, ինչի համար ստորագրում եմ:
□ Խնդրում եմ ՀՀ վերադարձի վկայականն իմ հաշվին ուղարկել______________________________(նշել փոստային ծառայությունը) փոստային ծառայության միջոցով, հետևյալ հասցեով ____________________________________ _________________________________________________________________________________ (երկիր, մարզ /ռեգիոն, քաղաք/գյուղ, փողոց, տուն/շենք, բն., փոստային ինդեքս, ______________________________________________________________________________ ստացողի անունը, հեռախոսահամարը) |
Դիմումը ներկայացվում է վերադարձի վկայական հայցողի __________ -ի կողմից: (Լրացնել, եթե դիմումը ներկայացվում է հայցողի օրինական ներկայացուցչի կամ լիազոր անձի կողմից)
Դիմող |
_____________________ (ստորագրությունը) |
__________________________ (անունը, ազգանունը) |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ
Տվյալները ստուգված են
__________________________
(հյուպատոսի ստորագրությունը)
_____ ____________________ 20 թ.
(ձևը խմբ. 10.01.13 N 114-Ն)
(հավելվածը լրաց. 15.03.12 N 288-Ն, խմբ. 10.01.13 N 114-Ն)