Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով իրենց պետությունների միջև ձևավորված բարձր ինտեգրացված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,
ձգտելով տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը,
ընդունելով, որ այդպիսի համագործակցության զարգացման անհրաժեշտ պայման է հանդիսանում արդյունաբերական սեփականության արդյունավետ պահպանությունը,
գիտակցելով այդ նպատակով արդյունաբերական սեփականության տերերի և հեղինակների իրավունքների օգտագործման ու պահպանության համար փոխադարձաբար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն իրականացնում և զարգացնում են գյուտերի, արդյունաբերական նմուշների, ապրանքանշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական սեփականության այլ օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և օգտագործման բնագավառի համագործակցությունը փոխշահավետության և հավասարության հիման վրա` այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են նրանք կամ կդառնան այդպիսիք:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերի համագործակցությունը կնպատակաուղղվի`
արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանը,
արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառի ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը,
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության հայտատուներին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության հայտատուներին պահպանական փաստաթղթեր տալու հայտերի ներկայացման և քննման ընթացակարգի փոխադարձ պարզեցմանը,
արդյունաբերական սեփականության բնագավառին վերաբերող տեղեկության, նորմատիվ և այլ փաստաթղթերի փոխանակմանը,
Հայաստանի Հանրապետության ազգային արտոնագրային ծառայության կայացմանն աջակցելուն, արդյունաբերական սեփականության պահպանության բոլոր ոլորտներում աշխատանքի մեթոդների և փորձի փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառում մի Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձինք մյուս Կողմի տարածքում կօգտվեն այն նույն իրավունքներից և առավելություններից, որոնք այդ մյուս Կողմի օրենսդրությամբ ներկայումս տրված են կամ կտրվեն սեփական ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ելնելով դրանից` այդ մյուս Կողմի օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանման դեպքում նրանք կօգտվեն իրավական պաշտպանության նույն միջոցներից, նույն հիմունքներով և նույն ծավալով, ինչ սեփական ֆիզիկական ու իրավաբանական անձինք:
Ընդ որում, այն հարցերի նկատմամբ, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, Կողմերը կկիրառեն 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում վերանայված Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզի կոնվենցիայի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 4
Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի այնպիսի օրենսդրական ակտերի ընդունման համար, որոնք թույլ կտան իրագործել`
արդյունաբերական սեփականության օբյեկտների` նախկին ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի գործողության ճանաչումն իր տարածքում, այդ պահպանական փաստաթղթերի սեփականատերերի, ինչպես նաև այդ պահպանական փաստաթղթերով պաշտպանվող գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքների արդյունավետ պահպանության միջոցների իրականացում,
նշված փաստաթղթերի գործողության վիճարկման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում` արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ հայտի ներկայացման թվականին գործող պահպանունակության պայմաններին` պահպանվող առարկայի անհամապատասխանության դեպքում,
արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերը` դրանց գործողության մնացած ժամկետով ազգային արտոնագրերի փոխանակելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 5
Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ պահպանում է գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը առանց արտոնագրային պայմանագիր կնքելու, եթե այդ գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն օրինականորեն սկսվել է մինչև այլ անձանց կողմից այն գյուտի կամ արդյունաբերական նմուշի ազգային արտոնագիր ստանալու խնդրագիր ներկայացնելու թվականը, որոնց համար կամ որոնց համար մինչև այդ ներկայացվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ ստանալու հայտ, կամ տրվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ: Ընդ որում, վարձատրության վճարումը հեղինակին (հեղինակներին) կատարվում է այն Կողմի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում օգտագործվում է այդ գյուտը կամ արդյունաբերական նմուշը:
ՀՈԴՎԱԾ 6
Մինչև Ռուսաստանի Դաշնության արտոնագրային օրենքի և «Ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանունների մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի ուժի մեջ մտնելու թվականը ԽՍՀՄ գյուտերի և հայտնագործությունների պետական կոմիտե (Գյուտպետկոմ), ԽՍՀՄ պետական արտոնագրային գերատեսչություն (Պետարտոնագիր) կամ Ռուսաստանի Դաշնության գիտության, բարձրագույն դպրոցի և տեխնիկական քաղաքականության նախարարության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտե (Ռուսարտոնագիր) գյուտի, արդյունաբերական նմուշի և ապրանքանշանի պատշաճ ձևով հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության ցանկացած ֆիզիկական կամ իրավական անձ (կամ այդ անձի իրավահաջորդը), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը այդպիսի գյուտի, արդյունաբերական նմուշի կամ ապրանքանշանի հայտ ներկայացնելիս օգտվում է Գյուտպետկոմ, Պետարտոնագիր կամ Ռուսարտոնագիր ներկայացված հայտի առաջնության պահպանության արտոնյալ իրավունքից` երեք տարվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 7
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության առաջադրմամբ Ռուսաստանի Դաշնության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտեն անցկացնում է արտոնագրային որոնում: Արտոնագրային որոնման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից` համապատասխան պայմանագրերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերն անհապաղ միջոցներ կձեռնարկեն իրենց պետությունների տարածքում արդյունաբերական սեփականության արդյունավետ պահպանության ապահովման համար և, անհրաժեշտության դեպքում, իրենց օրենսդիր մարմիններ կներկայացնեն համապատասխան օրինագծեր:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը պարտավորվում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությանը վերաբերող երկկողմ համաձայնագրերում ընդգրկել դրույթներ արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության ապահովման մասին:
ՀՈԴՎԱԾ 10
Պահպանական փաստաթղթեր ստանալու հայտեր ներկայացնելիս, պահպանական փաստաթղթեր ստանալիս և դրանք ուժի մեջ պահելու ընթացքում երկու պետությունների արտոնագրային հավատարմատարները, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կարող են գործերը վարել անմիջականորեն Կողմերի արտոնագրային գերատեսչությունների հետ` ընդսմին ներկայացնելով միայն ազգային հայտատուների շահերը: Մի Կողմի ազգային հայտատուներին, նույնպես փոխադարձության սկզբունքի հիման վրա, իրավունք է տրվում պահպանական փաստաթղթեր ստանալու և դրանք ուժի մեջ պահելու գործերն անմիջականորեն վարել մյուս Կողմի արտոնագրային գերատեսչության հետ:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը միջոցներ կձեռնարկեն իրենց սահմաններով արտոնագրային փաստաթղթերը, այդ թվում` արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառին վերաբերող պոլիգրաֆիական արտադրանքը, առանց տուրքի անցկացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կողմից միմյանց ուղարկվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Կողմերի արտոնագրային գերատեսչությունները`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը, Ռուսաստանի Դաշնությունում`
Ռուսաստանի Դաշնության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտեն:
Արտոնագրային գերատեսչությունների համագործակցության կարգը և պայմանները որոշվում են ծրագրով և նրանց միջև կնքված հատուկ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրից բխող կամ նրա կատարման հետ կապված հարցերի առթիվ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ և անհրաժեշտ ջանքեր կգործադրեն այդ տարաձայնությունների կարգավորմանը հասնելու համար:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից, գործելու է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը դրա գործողության հերթական ժամանակաշրջանը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ձևով չտեղեկացնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրին համապատասխան տրված կամ տրվելիք պահպանական փաստաթղթերի գործողության վրա:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 25-ից:
