ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին |
Քաղաքացիական գործ թիվ 3-1867(Ա) |
Դատավոր՝ Ա. Ադամյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
Է. Հայրիյանի | ||
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Համլետ Ավդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Վարդան Նավասարդյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ կադաստր), երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վարդան Նավասարդյանը պահանջել է մասնակիորեն՝ 107 քմ հողատարածքի մասով, անվավեր ճանաչել կադաստրի կողմից 15.02.2003 թվականին Համլետ Ավդալյանին տրված թիվ 861625 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 26.05.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 2-րդ և 159-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործին մասնակցող անձ Հ. Ավդալյանը դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կերպով չի ծանուցվել և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ: Նշված դատավարական իրավունքի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:
Բացի այդ, սույն գործով հայցվորը դիմել է պետական մարմնի ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: Տվյալ դեպքում պետական մարմնի ակտի վիճարկման հարցում հայցվորը շահագրգիռ անձ համարվել չի կարող, քանի որ գործով որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ հայցվոր Վ.Նավասարդյանը «Արմավիր-Նավթամթերք» ՓԲԸ-ի և նրա գույքի հետ որևէ առնչություն ունի, հայցվորը «Արմավիր-Նավթամթերք» ՓԲԸ-ի անվճարունակության գործով պարտատեր կամ պարտապան չի հանդիսացել, ընկերության գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում հաղթող ճանաչված կամ մասնակցած անձ չէ: Այսինքն, որևէ ձևով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հայցվորի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 159-րդ հոդվածների համաձայն՝ հայցը կարող էր բավարարվել, եթե նշված գրանցումը հակասում է օրենքին և պարտադիր կարգով խախտում է դիմողի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքը կամ ազատությունը, իսկ դատարան դիմելու իրավունք ունի շահագրգիռ անձը՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Մինչդեռ դատարանը չի հիմնավորել, թե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված սեփականության իրավունքի գրանցմամբ Վ.Նավասարդյանի ո՞ր իրավունքն է խախտվել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վրա գտնվող 4200 քմ հողամասի սեփականատերը Հ.Ավդալյանն է:
2) Հայցվոր Վ.Նավասարդյանը նշված հողամասի նկատմամբ Հ.Ավդալյանի իրավունքի գրանցմամբ իր իրավունքի խախտումը պատճառաբանել է այն փաստարկով, որ ինքը՝ լինելով «Արմավիր Նավթամթերք» ՓԲԸ-ի երկարամյա աշխատող, զրկվել է նշված հողամասի նկատմամբ սեփականատեր դառնալու հնարավորությունից:
3) Սույն գործին մասնակցող անձ՝ Հ.Ավդալյանին դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, և վճիռը կայացվել է վերջինիս բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
Սույն քաղաքացիական գործով երրորդ անձ Հ.Ավդալյանը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի օրվա և ժամի մասին: Գործում առկա չէ վերջինիս գործի քննության ժամի և վայրի մասին պատշաճ ծանուցելու փաստը հաստատող որևէ ապացույց: Քաղաքացիական գործում առկա ծանուցագրում միայն նշված է գործի համարը, ամիս-ամսաթիվը, պատասխանողի անունը և ազգանունը. այն ստորագրված չէ ոչ ստացողի, ոչ հանձնողի կողմից, դրանում բացակայում է որևէ տեղեկություն ծանուցագրի ստացման կամ հանձնման մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով դատավարական իրավունքի էական խախտում է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասում ուղղակիորեն նշված չէ, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը: Հետևաբար, դատարանը, գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ վճիռ կայացնելով, չի ապահովել պատասխանողի իրական մասնակցությունը գործի քննությանը՝ զրկելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիշյալ մեկնաբանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Կոլոցցան ընդդեմ Իտալիայի (12.02.1985թ., որոշման 28-րդ կետ) գործով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի խախտումն առկա է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, մասնավորապես, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջների խախտումն առկա է, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի վճիռը բեկանելու հիմք է, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու հայցապահանջը դատարան է ներկայացվել 2003 թվականի ընթացքում, այսինքն՝ մինչև Վճռաբեկ դատարանի կողմից այդպիսի պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ իրավական դիրքորոշումը հայտնելը (նշված իրավական նախադեպային դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը առաջին անգամ հայտնել է 26.10.2006 թվականին կայացված թիվ 3-1920 որոշմամբ), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սկզբնական հայցվորը նման պահանջ ներկայացնելով դատարան՝ նկատի է ունեցել այդ վկայականների հիմքում ընկած՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 26.05.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | ||
|
Ս. Սարգսյան |