Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկու պետությունների քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի հուսալի պաշտպանության ապահովմանը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությունից,
ղեկավարվելով միջազգային պարտավորություններով, իրենց պետությունների օրենսդրություններով և գործելով իրենց իրավասության սահմաններում.
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն ապահովում են երկու պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց անձնական և գույքային իրավունքների, ազատությունների և օրինական շահերի հավասար իրավական պաշտպանությունը:
Կողմերը պարտավորվում են ապահովել մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների և բողոքների անարգել ընդունումն ու քննարկումը իրենց իրավասությանը վերաբերվող հարցերով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը համագործակցություն են իրականացնում հանցավորության դեմ պայքարի բնագավառում, այդ թվում` թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության, հասարակական կարգի պահպանության, մյուս Կողմի պետության տարածքում հանցագործություն կատարած հանցագործների հետախուզման, անհայտ կորած և օրենսդրությամբ սահմանված դեպքերում, այլ անձանց հետախուզման ոլորտում, չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման, անձնագրային և թույլտվության համակարգերի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հրշեջ անվտանգության ապահովման, քրեական պատիժների իրականացման, գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը համագործակցում են հետևյալ ձևերով.
1) փոխանակում են նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների և դրանց հետ առնչվող անձանց մասին օպերատիվ, հետախուզական, տեղեկատվական և քրեական տեղեկություն, միջազգային բնույթի արտակարգ դեպքերի և ծանր հանցագործությունների մասին տեղեկություն, ինչպես նաև արխիվային տեղեկություն,
2) աջակցում են օպերատիվ և հետախուզական միջոցառումների, ինչպես նաև դատավարական գործողությունների անցկացմանը,
3) փոխանակում են աշխատանքային փորձ, օրենսդրական և նորմատիվ ակտեր, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական և գիտական գրականություն,
4) փոխադարձ հիմունքներով աջակցություն են ցույց տալիս կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը,
5) առանձին պայմանագրերի հիման վրա իրականացնում են քրեագիտական, հրշեջ և հատուկ տեխնիկայի, տրանսպորտի և կապի միջոցների, գույքային ունեցվածքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի, պահեստամասերի, օգտագործման նյութերի և այլ իրերի փոխշահավետ մատակարարում,
6) փոխանակում են հանցավորության դեմ պայքարի հարցերով գիտատեխնիկական տեղեկություն, համատեղ իրականացնում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հրատապ խնդիրների քրեագիտական հետազոտություններ, այդ նպատակներով փոխանակում են մասնագետներ, անցկացնում են համատեղ սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ,
7) ապահովում են գաղտնիության ռեժիմը օպերատիվ միջոցառումների իրականացման և օպերատիվ տեղեկության փոխանակման ժամանակ,
8) աջակցում են հատուկ և այլ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, կալանավորների ուղեկցմանը,
9) աջակցություն են ցույց տալիս ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը, սանատորաառողջարանային վերականգնմանը, զարգացնում են սպորտային և մշակութային կապերը:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի խոչընդոտում մշակելու և զարգացնելու համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման ընթացքում Կողմերի ներքին գործերի մարմինների կառուցվածքային ստորաբաժանումները իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարության թույլտվությամբ կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը պարտավորվում են փոխադարձ աջակցություն ցույց տալ.
1) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների կատարման գործում,
2) վկաների, տուժողների կանչման և կալանքի տակ գտնվող անձանց որպես վկաների հարցաքննության համար տեղափոխելու գործում,
3) հանձնման ենթակա անձանց կալանավորելու գործում,
4) հետաքննության մարմիններից, քննությունից և դատարանից թաքնվող անձանց հետախուզման, ձերբակալման և անհրաժեշտության դեպքում կալանքի վերցնելու գործում,
5) հանցագործությունների միջոց հանդիսացող, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ հանցագործությունների հետքեր ունեցող առարկաների հանձնման գործում:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը համագործակցությունն իրականացնում են հարցումների հիման վրա, որոնք պետք է ձևակերպված լինեն համապատասխան ձևով և ունենան հետևյալ ռեկվիզիտները.
1) հարցումը ուղարկող ստորաբաժանման անվանումը և այն ստորաբաժանման անվանումը, որին ուղղված է հարցումը,
2) նյութի կարճ բովանդակությունը, որի վերաբերյալ ուղարկվում է հարցումը,
3) հարցնող Կողմին հետաքրքրող հարցերի ցանկը:
Հարցմանը կցվում են պատշաճ ձևակերպված փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են հարցում կատարելու համար:
Հարցումը պետք է լինի ստորագրված և հաստատված հարցնող ստորաբաժանման կնիքով:
Հարցումները կարող են ուղարկվել ծածկագրային կապի ուղիներով: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են կատարվել բանավոր, բայց դրանք պետք է անհապաղ հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժել հարցումների և խնդրանքների բավարարումը, օպերատիվ, հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացումը, եթե դրանց կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, կամ էլ այն հակասում է հարցվող Կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը:
ՀՈԴՎԱԾ 8
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ապահովել մյուս Կողմից ստացվող տեղեկությունների գաղտնապահությունը, եթե այդ տեղեկությունները կրում են գաղտնի բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը: Տեղեկությունների գաղտնիության աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում մյուս Կողմից ստացված տեղեկությունները երրորդ կողմին հաղորդելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պարտադիր կարգով պահանջվում է տեղեկություններ տրամադրող Կողմի համաձայնությունը:
ՀՈԴՎԱԾ 9
Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ընդունող Կողմից ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն նրանց վրա դրված պարտականությունների կատարման գործում, տրամադրվում են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ավտոտրանսպորտ և տեղեկության (այդ թվում` փակ բնույթի) հաղորդման համար կապի միջոցներ: Անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցույց տրվում գործուղման ընթացքում բնակարանի տրամադրման և երթևեկության փաստաթղթերի ձեռք բերման գործում: Գործուղման մեջ գտնվող աշխատակիցների խնդրանքով կարող է ցույց տրվել նաև նյութական օգնություն` ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը, ներքին գործերի մարմիններում ծառայության ընդունելով մյուս Կողմի նախկին աշխատակիցներին, համաձայն իրենց պետության` այդ մարմիններում ծառայության անցման մասին օրենսդրությանը, որոշում են հատուկ կոչումներ շնորհելու համար ծառայողական ստաժի պահպանման, երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու, աշխատանքի վարձատրման, կենսաթոշակի ապահովման և նրանց իրավունքներ և արտոնություններ տալու հարցերը:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը, իրենց պետությունների կառավարությունների որոշմամբ, փոխադարձ օգնություն են ցույց տալիս տարերային աղետների, խոշոր հրդեհների, վթարների և աղետների, համաճարակների և կենդանիների համաճարակների հետևանքների վերացման գործում:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի կատարման նպատակով համագործակցության իրականացման ժամանակ Կողմերը օգտվում են հայերենից, մոլդովերենից և ռուսերենից:
Հայերենի, մոլդովերենի, ինչպես նաև այլ լեզուների օգտագործման դեպքում Կողմերը ապահովում են բանավոր և գրավոր ռուսերեն թարգմանությունը:
Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում, կապված սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կատարման հետ, Կողմերը խորհրդակցում են միմյանց հետ վեճերը կարգավորելու նպատակով և այդ դեպքում օգտագործում են Համաձայնագրի ռուսերեն տեքստը:
Անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել համաձայնեցնող հանձնաժողով Կողմերի լիազոր ներկայացուցիչներից, որի վրա դրվում են վիճելի հարցերի կարգավորման պարտականությունները: Համաձայնեցնող հանձնաժողովի արձանագրությունը` ստորագրված Կողմերի լիազոր ներկայացուցիչների Կողմից, ընդունվում է ի կատարումն երկու Կողմերի համար:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը Կողմերը կատարում են ինքնուրույն` այն սահմաններում, որոնք անհրաժեշտ են իրենց պարտավորությունների կատարման համար:
Անհրաժեշտության դեպքում Կողմերը ծախսերը կատարում են համատեղ, որը ձևակերպվում է համապատասխան փոխընդունելի համաձայնագրերով կամ պայմանավորվածությամբ` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 15
Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այն զարգացնելու համար Կողմերը կարող են ստորագրել լրացուցիչ արձանագրություններ իրենց գործունեության առանձին ուղղությունների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ու կգործի հինգ տարվա ընթացքում: Համաձայնագրի գործողության ժամկետը մեխանիկորեն կերկարաձգվի ևս հինգ տարի ժամանակով, եթե Կողմերից ոչ մեկը ընթացիկ ժամանակաշրջանը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չուղարկի գրավոր ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի փետրվարի 17-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և մոլդովերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 17-ից:
