Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունը,
ցանկանալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի պետության քաղաքացիների և ընկերությունների խոշոր ներդրումների համար մյուս պետության տարածքում,
ընդունելով, որ այսպիսի ներդրումների խրախուսումը և փոխադարձաբար պաշտպանությունը միջազգային համաձայնագրի ներքո կնպաստի անհատական գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը և կուժեղացնի երկու պետությունների բարգավաճումը, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «ներդրում» տերմինը նշանակում է գույքի բոլոր տեսակները, ներառյալ, մասնավորապես, բայց ոչ բացառապես.
ա) շարժական և անշարժ գույքը, ցանկացած այլ գույքային իրավունքները, ինչպես, օրինակ, վարձակալումները, գրավը կամ գրավականը,
բ) ընկերություններում ունեցած բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտավորությունները կամ նման ընկերություններում մասնակցության այլ ձևերը,
գ) դրամական պահանջները և ֆինանսական արժեք ունեցող և պայմանագրից բխող ցանկացած պարտավորությունը,
դ) մտավոր սեփականության իրավունքները, բարի համբավը, տեխնիկական գործընթացները և նոու-հաուն,
ե) օրենսդրությամբ կամ պայմանագրով տրամադրված կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման կոնցեսիաները:
Ներդրման ձևերի փոփոխությունը չի ազդի դրանց դիտարկմանը որպես ներդրումների, և «ներդրումներ» տերմինը իր մեջ ներառում է բոլոր ներդրումները, որոնք իրականացվել են մինչ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը կամ դրանից հետո:
2. «Հասույթ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները և ներառում է, մասնավորապես, բայց ոչ բացառապես, շահույթը, տոկոսավճարները, կապիտալի աճը, շահաբաժինը, ռոյալթիները և վճարները:
3. «Քաղաքացիներ»- նշանակում է.
ա) ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը` ֆիզիկական անձինք, որոնք ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության,
բ) ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը` ֆիզիկական անձինք, որոնք ստանում են Միացյալ Թագավորության քաղաքացու կարգավիճակ` համաձայն Միացյալ Թագավորության ուժի մեջ եղող օրենքի:
4. «Ընկերություններ» -նշանակում է.
ա) ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը` կորպորացիաները, ընկերությունները և ասոցիացիաները, որոնք կազմակերպվել կամ հիմնվել են Հայաստանի Հանրապետության որևէ մասում գործող օրենսդրության համաձայն,
բ) ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը` կորպորացիաները, ընկերությունները և ասոցիացիաները, որոնք կազմակերպվել կամ հիմնվել են Միացյալ Թագավորության որևէ մասում գործող օրենքի համաձայն կամ որևէ տարածքում, որի նկատմամբ տարածվում է սույն Համաձայնագրի գործողությունը` համաձայն 12-րդ հոդվածի դրույթների:
5.«Տարածք» հասկացությունը նշանակում է.
ա) ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության տարածքը,
բ) ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը` Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Իռլանդիան, ներառյալ տարածքային ջրերը և որևէ մերձափնյա ցամաքային տարածք, որը գտնվում է Միացյալ Թագավորության ծովային տարածքում, որը եղել է կամ ապագայում կարող է նախագծված լինել Միացյալ Թագավորության ազգային օրենսդրության ներքո, համաձայն միջազգային իրավունքի, որպես մի տարածք, որի նկատմամբ Միացյալ Թագավորությունը կարող է իրավունքներ գործադրել` կապված ծովահատակի, ենթահողի և բնական պաշարների հետ, և որևէ տարածք, որի նկատմամբ տարածվում է սույն Համաձայնագրի գործողությունը` համաձայն 12-րդ հոդվածի դրույթների:
ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից իր տարածքում կապիտալ ներդրվելու համար` կապված իշխանություն իրականացնելու օրենսդրությամբ տրված իր իրավունքի հետ և, համապատասխանորեն, ընդունի այդպիսի ներդրումները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է մշտապես տրամադրվի արդար և հավասար ռեժիմ և ապահովվի ամբողջական պաշտպանություն և անվտանգություն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների նկատմամբ ցանկացած պարագայում կբացառի որևէ անհիմն կամ խտրական միջոցառում` կապված ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, օտարման կամ տնօրինման հետ: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կուսումնասիրի ցանկացած պարտավորություն, որը կարող է ծագել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ և ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական քաղաքացիների և ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումներին կամ հասույթներին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին, կապված նրանց ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, օտարման կամ տնօրինման հետ, կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական քաղաքացիներին կամ ընկերություններին կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիներին կամ ընկերություններին:
3. Չտարակուսելու համար հաստատվում է, որ 1-ին և 2-րդ կետերում նախատեսված ռեժիմը պետք է կիրառվի սույն Համաձայնագրի 1-11-րդ հոդվածների դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 4. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ, որոնց ներդրումները վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ իրավիճակների, խռովության կամ ապստամբության հետևանքով, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կարգավորման հետ, վերջին Պայմանավորվող կողմի կողմից պետք է տրամադրվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական քաղաքացիներին և ընկերություններին կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիներին և ընկերություններին: Ծագող վճարումները պետք է ազատ փոխանցելի լինեն:
2. Առանց վնասելու սույն հոդվածի 1-ին կետը` մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք այդ կետում նշված ցանկացած իրադարձության պատճառով վնասներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և որը հետևանք է`
ա) զինված ուժերի կամ իշխանությունների կողմից սեփականության բռնագրավելու, կամ
բ) իրենց զինված ուժերի կամ իշխանությունների կողմից սեփականության ոչնչացվելու, որը մարտական կամ տվյալ պահի անհրաժեշտությունից չի բխել, պետք է ապահովվի վնասի վերականգնում կամ նրանց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Վերջնական վճարումները պետք է ազատ փոխարկելի լինեն:
ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐՈՒՄ
1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումները ենթակա չեն ազգայնացման, օտարման, կամ դրանց համարժեք այլ միջոցառումների (այսուհետ` օտարում) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է հասարակական նպատակներով` կապված այդ Կողմի ներպետական կարիքների հետ, առանց խտրականության և ուղեկցվում է արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ: Այսպիսի փոխհատուցման գումարը պետք է հավասար լինի օտարված ներդրման իրական արժեքին և վճարվի օտարումից անմիջապես առաջ կամ մինչև անխուսափելի օտարման հրապարակայնացումը, կախված նրանից, թե որն է տեղի ունեցել ավելի վաղ, այն պետք է ներառի մինչև վճարման օրը նորմալ առևտրային տոկոսադրույքը, կատարվի առանց ուշացման, լինի արդյունավետ իրացվելի և ազատ փոխանցելի: Վնաս ստացած քաղաքացին կամ ընկերությունը, համաձայն օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենսդրության, այդ Կողմի դատական կամ այլ անկախ իշխանության միջոցով պետք է իրավունք ունենա արագ վերանայելու տվյալ դեպքի համար կատարած իր ներդրման գնահատման հավաստիությունը` սույն կետում սահմանված սկզբունքներին համապատասխան:
2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմն իրականացնում է իր տարածքի որևէ մասում իր օրենսդրության համապատասխան կազմավորված կամ հիմնադրված ընկերության գույքի օտարումը, որում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիները կամ ընկերությունները մասնաբաժինների սեփականատերեր են, օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է երաշխավորի, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն` անհրաժեշտության աստիճանով ապահովելու այդպիսի բաժնեմասերի սեփականատեր քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցումը:
ՀՈԴՎԱԾ 6. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ և ՀԱՍՈՒՅԹՆԵՐԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների առումով պետք է երաշխավորի նրանց ներդրումների և հասույթների անսահմանափակ փոխանցումը: Փոխանցումները պետք է կատարվեն առանց ուշացման այն փոխարկելի արժույթով, որով կատարվել է սկզբնական ներդրումը, կամ շահագրգիռ ներդրողի և Պայմանավորվող կողմի միջև համաձայնեցված այլ` ցանկացած փոխարկելի արժույթով: Ներդրողի կողմից այլ համաձայնության բացակայության դեպքում փոխանցումները պետք է կատարվեն փոխանցման օրվա սահմանված փոխարժեքով` համաձայն փոխարկման գործող կարգի:
ՀՈԴՎԱԾ 7. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Համաձայնագրի դրույթները առ այն, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն որ տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ պետության քաղաքացիներին և ընկերություններին, չպետք է մեկնաբանվեն որպես պարտավորություն մի Պայմանավորվող կողմին տրամադրելու մյուս Կողմի քաղաքացիներին և ընկերություններին այն ռեժիմի առավելությունները, որոնք արդյունք են.
ա) ցանկացած առկա կամ ապագայում կնքվելիք մաքսային միության կամ նմանատիպ միջազգային համաձայնագրի, որին յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մասնակից է կամ կարող է մասնակից դառնալ, կամ
բ) ցանկացած միջազգային համաձայնագրի կամ պայմանավորվածության, որն ամբողջովին կամ գլխավորապես վերաբերում է հարկմանը, կամ ցանկացած ամբողջովին կամ գլխավորապես հարկմանը վերաբերող տեղական օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 8. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԴԻՄԵԼԸ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույնով պարտավորվում է 1965 թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրված և անդամակցելու համար բաց «Մի պետության և մեկ այլ պետության քաղաքացու միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի ներքո գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) կարգավորմանը կամ լուծմանը ներկայացնել յուրաքանչյուր իրավական վեճ, որը կծագի մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության միջև` կապված առաջինի տարածքում վերջինիս կատարած ներդրման հետ:
2. Ընկերությունը, որը կազմավորվել կամ հիմնադրվել է ըստ մի Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրության, և որում նախքան նման վեճի առաջացումը բաժնեմասերի մեծամասնությունը պատկանել է մյուս Կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին, համաձայն Կոնվենցիայի 25-րդ հոդվածի (2)-րդ կետի (բ) ենթակետի, Կոնվենցիայի նպատակներին համապատասխանելու համար պետք է ստանա մյուս Պայմանավորվող կողմի ընկերությանը տրամադրվող նույնանման ռեժիմ:
3. Եթե ծագում է որևէ նման վեճ, որի շուրջ վեճին մասնակից կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում երեք ամսվա ընթացքում, չնայած տվյալ վեճի կարգավորման համար կիրառվել են տեղական ոչ բոլոր հնարավոր միջոցառումները, և եթե վնաս կրած քաղաքացին կամ ընկերությունը նաև գրավոր պահանջում է վեճը ներկայացնել Կենտրոնին այն Կոնվենցիայի ներքո գործող հաշտեցման կամ միջնորդության ընթացակարգով կարգավորելու համար, ապա յուրաքանչյուր Կողմը կարող է ընթացք տալ դատավարություններին Կենտրոնի Գլխավոր քարտուղարին պահանջագիր ուղղելով` համաձայն Կոնվենցիայի 28-րդ և 36-րդ հոդվածների: Տարաձայնության դեպքում վնաս կրած քաղաքացին կամ ընկերությունը, կախված հաշտեցման կամ արբիտրաժային ընթացակարգի նպատակահարմարությունից, իրավունք ունի ընտրելու դրանց միջև: Պայմանավորվող կողմը, որը վեճի մասնակից է, չպետք է ընթացակարգի կամ որոշման գործողության մեջ դնելու որևէ փուլում առարկությունով հանդես գա առ այն, որ մյուս Կողմի քաղաքացին կամ ընկերությունը, համաձայն ապահովագրական պայմանագրի, ստացել է վնասների ամբողջական կամ մասնակի հատուցում:
4. Պայմանավորվող կողմերից ոչ մեկն իրավունք չունի դիվանագիտական ուղիներով հետամուտ լինել որևէ վեճի լուծմանը, որն ուղղված է Կենտրոնին, քանի դեռ`
ա) Կենտրոնի գլխավոր քարտուղարը կամ հաշտեցման հանձնաժողովը կամ վերջինիս կողմից կազմավորված արբիտրաժային դատարանը չեն որոշել, որ այն գտնվում է Կենտրոնի իրավազորության շրջանակներից դուրս, կամ
բ) մյուս Պայմանավորվող կողմը պետք է համաձայնի և ընդունի արբիտրաժային դատարանի կողմից ընդունված ցանկացած վճիռ:
ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև ՎԵՃԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը հնարավորության սահմաններում պետք է լուծեն դիվանագիտական ուղիներով:
2. Եթե նման ձևով Պայմանավորվող կողմերի միջև վեճը չի լուծվում, այն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով ներկայացվում է միջնորդ դատարանին:
3. Այդպիսի միջնորդ դատարանը յուրաքանչյուր մասնավոր դեպքի համար կստեղծվի հետևյալ կարգով: Վեճի կարգավորման համար պահանջագիրը ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամ: Այս երկու անդամները ընտրում են երրորդ պետության քաղաքացի, որը երկու Պայմանավորվող կողմերի հաստատմամբ կնշանակվի դատարանի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի, կամ այլ հանգամանքով անհնար է նրա` նշված գործառույթի կատարումը, ապա անհրաժեշտ նշանակումներն իրականացնելու համար կհրավիրվի Միջազգային դատարանի փոխնախագահը: Եթե փոխնախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ նա նույնպես այլ հանգամանքների պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է Միջազգային դատարանի` ավագությամբ այն հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:
5. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը պարտադիր է Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հոգում է իր կողմից նշանակված անդամի և դատավարության ընթացքում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը, նախագահի և մնացած այլ ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրելու է Պայմանավորվող կողմերից մեկը, և այս վճիռը պարտադիր է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար: Դատարանը սահմանում է իր գործողությունների ընթացակարգը:
ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ
1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած գործակալությունը («առաջին Պայմանավորվող կողմ») վնասի հատուցման երաշխիքի համաձայն փոխհատուցում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում («երկրորդ Պայմանավորվող կողմ») կատարված ներդրումների կապակցությամբ, ապա երկրորդ Պայմանավորվող կողմը կճանաչի.
ա) վնասը հատուցվածի կողմից առաջին Պայմանավորվող կողմի օրենսդրության կամ իրավական որոշման հիման վրա բոլոր իրավունքների և պահանջների փոխանցումը, և
բ) այն, որ առաջին Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի իրավունքի ներքո լիազորված է գործադրել այդպիսի իրավունքներ և ուժի մեջ մտցնել այդպիսի պահանջներ` նույն չափով, ինչքանով որ իրավունք ուներ փոխհատուցված Կողմը:
2. Առաջին Պայմանավորվող կողմը բոլոր հանգամանքներում պետք է արժանանա միևնույն վերաբերմունքին, հետևյալում`
ա) բաշխման համաձայն ձեռք բերած իրավունքները և պահանջները, և
բ) այդ իրավունքների և պահանջների համաձայն ստացված ցանկացած վճարումները, քանի որ փոխհատուցվող կողմը լիազորված էր սույն Համաձայնագրի իրավունքով ստանալ ներդրման և դրա հետ կապված հասույթների առումով:
3. Համաձայն ձեռք բերած իրավունքների և պահանջների` առաջին Պայմանավորվող կողմի կողմից ոչ փոխարկելի արժույթով ստացված ցանկացած վճարում պետք է ազատ տիրապետելի լինի առաջին Պայմանավորվող կողմի համար` երկրորդ Պայմանավորվող կողմի տարածքում ցանկացած ծախս կրելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 11. ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության դրույթները կամ միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունները, ներկայումս գոյություն ունեցող կամ ապագայում, ի լրումն սույն Համաձայնագրի երկու Պայմանավորվող կողմերի միջև հաստատվելիք, ներառում են ընդհանուր կամ յուրահատուկ կանոններ, որոնք մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին տրամադրում են ավելի բարենպաստ ռեժիմ, քան ապահովվում է սույն Համաձայնագրով, ապա այդպիսի կանոնները կգերակայեն սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով նրանք ավելի բարենպաստ են:
ՀՈԴՎԱԾ 12. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
Սույն Համաձայնագրի ստորագրման ժամանակ կամ ստորագրումից հետո ցանկացած ժամանակ սույն Համաձայնագրի դրույթները կարող են կիրառվել այնպիսի տարածքներում, որոնց միջազգային հարաբերությունների համար Միացյալ Թագավորության կառավարությունը պատասխանատու է, ինչը կարող է համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի միջև` հայտագրերի փոխանակմամբ:
ՀՈԴՎԱԾ 13. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր կծանուցի մյուսին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իր տարածքում պահանջվող բոլոր սահմանադրական ընթացակարգերը ավարտելու մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու ծանուցումներից վերջինի ստացման օրը:
ՀՈԴՎԱԾ 14. ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնալու տասը տարվա ընթացքում: Այնուհետև այն շարունակելու է ուժի մեջ մնալ մինչ 12 ամսվա ավարտը` սկսած այն օրվանից, երբ որևէ Պայմանավորվող կողմ գրավոր կծանուցի մյուս Կողմին դադարեցման մասին` պայմանով, որ սույն Համաձայնագրի (ուժի մեջ մտնելու պահին) գործողության ընթացքում կատարված ներդրումների նկատմամբ նրա դրույթները մնալու են ուժի մեջ քսան տարվա ընթացքում, գործողության դադարեցման պահից սկսած, և այնուհետև առանց միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների կիրառման նախապաշարմունքի:
Ի հավաստումն որի` իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով` ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Լոնդոն քաղաքում 1993 թվականի մայիսի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 11-ից:
