ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:
Հոդված 2. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ ու իրավական ակտեր:
Հոդված 3. | ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿը և ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակն է`
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.
բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:
Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`
ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումը.
բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.
գ) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.
դ) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:
Հոդված 4. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են`
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով, դրանց շրջապատող պատմական միջավայրը` կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:
Հոդված 5. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.
գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.
դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
Հոդված 6. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ |
Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:
Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:
Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:
Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`
ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.
բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ.
գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.
դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:
Հոդված 7. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ՌԱՍԱՅԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը.
ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ և հաստատում դրանց կանոնադրությունները.
զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և քարոզչական միջոցառումների իրականացմանը.
է) թույլտվություն է տալիս հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար.
ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 9. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Լիազորված մարմինը`
ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը.
գ) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.
ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.
զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.
է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.
ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).
թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.
ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.
ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը.
ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.
ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.
ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:
Հոդված 10. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները`
ա) մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
բ) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.
գ) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.
դ) մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:
Հոդված 11. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`
ա) սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը.
բ) աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը.
գ) սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները.
դ) հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին.
զ) լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները.
է) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ը) ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.
թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմնին:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 12. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից:
Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:
Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ:
Հոդված 13. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄը և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ |
Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ և իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար:
Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:
Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ հուշարձանի գտնվելու վայրի, և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:
Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հոդված 14. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՕԲՅԵԿՏ ԸՆԴԳՐԿԵԼԸ և ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼԸ |
Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 15. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`
ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.
բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.
գ) պատմամշակութային արգելոցների ստեղծումը.
դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.
ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը.
զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.
է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.
ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:
Հոդված 16. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ |
Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:
Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:
Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`
ա) հուշարձանի պահպանության գոտին.
բ) կառուցապատման կարգավորման գոտին.
գ) լանդշաֆտի պահպանման գոտին:
Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:
Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:
Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու և պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 17. | ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ |
Պատմամշակութային արգելոցները հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում:
Պատմամշակութային արգելոցն ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:
Պատմամշակութային արգելոց ստեղծելու առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:
Պատմամշակութային արգելոցի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. | ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Բնության հատուկ պահպանվող տարածքներում հուշարձանների պահպանությունն ապահովում են այդ տարածքները տնօրինող պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված տարածքների սահմաններում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հոդված 19. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ |
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից` կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:
Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանքները կազմում է լիազորված մարմինը և սահմանված կարգով հաստատում պետական կառավարման տարածքային մարմնի (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) հետ համատեղ:
(19-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-222-Ն)
Հոդված 20. | ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 21. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ |
Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:
(21-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-222-Ն)
Հոդված 22. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՆԵՐԱՌՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ և ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ և ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:
Հոդված 23. | ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ |
Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մասնակցությամբ, նախաձեռնությամբ, հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանսական և նյութատեխնիկական օգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման աշխատանքներին, կարող են ներկայացնել և քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մասնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Հոդված 24. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են`
ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով.
բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով.
գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու և իրականացնելու նպատակով:
Հոդված 25. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆը |
Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվություն տալիս է լիազորված մարմինը` միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:
Հոդված 26. | ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:
Հոդված 27. | ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ |
Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսավորողն ու կազմակերպողն է: Նա սահմանված կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման և պեղումներով հայտնաբերված հուշարձանների ամրակայման, գիտական վավերագրման և նյութերի ու արդյունքների հրապարակման համար:
Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Հետախուզության և հնագիտական պեղումների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող չի կարող լինել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը:
Հոդված 28. | ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ |
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու համար թույլտվություն (բաց թերթիկ) ունեցող մասնագետն է:
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանությունը և անվթարությունն ապահովելու համար:
Հոդված 29. | ՀՆԱՎԱՅՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
Անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մասն անհրաժեշտ է պահպանել հաջորդ սերունդների` առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրությունների համար:
Բացառություն են կազմում այն հնավայրերը, որոնք բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուսափելի և արագ ոչնչացման:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 30. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:
Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է` առանց հուշարձանի տեսքի փոփոխության:
Նորոգում է համարվում նաև հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից օգտագործման համար:
Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացումն է` փաստագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:
Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով:
Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հոդված 31. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների սեփականատերերը և օգտագործողները:
Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատու կարող են լինել լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
Հոդված 32. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն:
Հոդված 33. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ |
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով, կամ եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերսկսվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո:
Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը և պետական կառավարման տարածքային մարմինը` տեղյակ պահելով լիազորված մարմնին:
Գ Լ ՈՒ Խ 7
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 34. | ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ |
Հուշարձանների նկատմամբ սեփականության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 35. | ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(35-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-530-Ն)
Հոդված 36. | ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հուշարձանի սեփականատերը պարտավոր է`
ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:
(36-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-222-Ն)
Հոդված 37. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ |
Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:
Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 38. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:
Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:
Բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին և միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները և այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման` իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաև դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները:
Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:
Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը:
Հոդված 39. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ |
Հուշարձաններն օգտագործման են տրամադրում դրանց սեփականատերը կամ օգտագործողը` կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաև հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեսված է վարձակալական պայմանագրով:
Հուշարձանն օգտագործման է տրամադրվում իր տարածքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 40. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Այդ պայմանները չկատարելու դեպքում`
ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:
Օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով:
Հոդված 41. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ |
Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ համաձայնությամբ:
Հուշարձանները զբոսաշրջիկության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջիկային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:
Նշված նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 9
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 42. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում է`
ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով.
բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով.
գ) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.
դ) օրենքով չարգելվող այլ միջոցների հաշվին:
Հոդված 43. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ |
Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են`
ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու և քարոզչական աշխատանքները.
բ) պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության, ապահովման` ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանսավորվում են նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման` ամրակայման և վերականգնման աշխատանքները:
Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 44. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 45. | ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻն ԿԱՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ և ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ |
Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 46. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 47. | ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքը և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1977 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|