ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 19-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ հոդվածով.
«Հոդված 8.2. | Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը |
1. Սույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան`
1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը.
2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները`
1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ.
2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.
3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը.
4) անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկ կամ ճշտված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`
1) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է վարձու աշխատողին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.
2) համապատասխան եռամսյակի ամիսների համար տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատողին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ.
3) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.
4) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:
5. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-187-Ն
ՆախագահՍ. Սարգսյան