Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաստատելով սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը պատկանող և Վրաստանի Հանրապետությանը պատկանող երկաթուղային տրանսպորտի նկատմամբ,
նպատակահարմար գտնելով պահպանել երկաթուղային տրանսպորտային ցանցի տեխնոլոգիական միասնությունը,
ընդունելով ուղևորների փոխադրման բացառիկ կարևորությունը ինչպես իրենց երկրների միջև, այնպես էլ երրորդ երկրներ,
նշանակություն տալով երկու պետությունների երկաթուղային տրանսպորտի համակարգմանը և համատեղ գործունեությանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի գործունեությունը, ինչպես նաև շարժակազմի, տեխնիկական միջոցների պատրաստումը և պահպանումը, երթևեկության և աշխատանքի պայմանների անվտանգության ապահովումը, տեղափոխման աշխատանքների կազմակերպումը, բեռների պահպանումը, երկաթուղային տրանսպորտի փոխգործակցությունը` դրա ծառայությունները տրանսպորտի այլ տեսակների հետ օգտագործելով, իրականացվում է ըստ միասնական նորմատիվների:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերն իրականացնում են համակարգված սակագնային քաղաքականություն: Միջպետական հաղորդակցությունում սակագները սահմանվում, իսկ փոխհաշվարկները կատարվում են հատուկ համաձայնագրերի հիման վրա:
Երկու պետությունների երկաթուղային կայարանների միջև ուղևորների և բեռների փոխադրումը իրականացվում է սույն Համաձայնագրի ստորագրման պահին գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա:
Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ և Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ, ինչպես նաև երրորդ երկրներից երրորդ երկրներ տարանցիկ երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրումը կազմակերպելիս Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությունը հաշվի առնելով, սակագնային քաղաքականություն մշակելիս համակարգում են իրենց գործողությունները` այդ ուղղություններով լրացուցիչ տարանցիկ փոխադրումների հոսքը ներգրավելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ձևակերպելով համապատասխան համաձայնագրեր:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը պահպանում են երկաթուղային տրանսպորտով բեռների և ուղևորների միջազգային փոխադրումների իրականացման գործող կարգը, որը սահմանված են երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախկինում կնքված այն միջկառավարական համաձայնագրերով և կոնվենցիաներով, որոնց մասնակից է հանդիսանում նախկին ԽՍՀՄ-ը:
Այդ համաձայնագրերի և կոնվենցիաների ցանկը Կողմերը սահմանում են առանձին համաձայնագրով:
Կողմերից յուրաքանչյուրը երրորդ երկրների հետ երկաթուղային տրանսպորտի բնագավառում այնպիսի համաձայնագրեր կնքելիս, որոնք փոփոխում են սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված համաձայնագրերով սահմանված կարգը, այդ մասին կծանուցեն մյուս Կողմին:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կձեռնարկեն միջոցներ հետևյալ նպատակներին հասնելու համար.
երկու պետությունների երկաթուղիների միջև ձևավորված տեխնոլոգիական կապերի պահպանում,
փոխադրման աշխատանքի տեխնոլոգիական չափանիշները խախտելու համար պատասխանատվության համակարգի հաստատում,
շարժակազմերի, բեռնարկղերի, սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, շահագործման և վերանորոգման ուղղությամբ Կողմերի իրավասու մարմինների կողմից փոխհամաձայնեցված պարտավորությունների կատարում,
ուղևորատար գնացքների, վագոնահոսքերի և բեռնահոսքերի երթևեկության գործող սխեմաների, բեռնատար գնացքների ձևավորման, քարշիչ միջոցներով գնացքների սպասարկման տեղամասերի պլանի պահպանում: Փոփոխությունները անհրաժեշտության դեպքում կիրականացվեն Կողմերի իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ,
երկաթուղային տրանսպորտի կառավարման համապատասխան մարմիններին փոխադարձ շահերի հաշվառման և տնտեսական գնահատման, փոխադրման աշխատանքի տեխնոլոգիական չափանիշների պատրաստման և հաստատման կարգի սահմանման ուղղությամբ բանակցություններ վարելու իրավունքի տրամադրում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը աջակցություն կցուցաբերեն երկաթուղային տրանսպորտի կարիքների համար տեխնիկայի, հսկիչ և չափող միջոցների, սարքավորումների, պահեստամասերի և նյութական, ինչպես նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսների փոխադարձաբար մատակարարման ապահովման գործում:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կհամակարգեն երկաթուղային տրանսպորտի աշխատողների նկատմամբ սոցիալական քաղաքականությունը` միմյանց տեղեկացնելով պատրաստվող որոշումների մասին:
ՀՈԴՎԱԾ 7
Ժողովրդական տնտեսության նշանակության բեռների փոխադրումներն ապահովելու համար Պայմանավորվող կողմերը բեռնատար վագոնների պարկի կարգավորումը կատարում են հավաքակայանում` ըստ տեսակի հավասար նշանակության վագոնների փոխանակման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը մշակում և իրականացնում են երկաթուղային տրանսպորտում միասնական գիտատեխնիկական քաղաքականություն:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը կհամագործակցեն երկաթուղային տրանսպորտի տարածված մասնագիտությունների աշխատողների, ինժեներների, տեխնիկների ուսուցման և նրանց պատրաստման մակարդակի նկատմամբ միասնական պահանջների մշակման բնագավառում, ինչպես նաև ընդունում են, որ ուսումնական հաստատությունը ավարտելու մասին տրված որակավորման փաստաթղթերը երկու պետությունների տարածքում կունենան հավասար իրավաբանական ուժ:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք կհանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած պետության կառավարության միանալու համար, որի երկաթուղային ցանցը ունի տեխնոլոգիական կապ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության կամ սույն Համաձայնագրին միացած երրորդ պետության երկաթուղային ցանցի հետ:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև 90 օրը լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր կծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, ռուսերեն, ընդ որում երկու օրինակներն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:
