ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0038/04/22 2024 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0038/04/22 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի սեպտեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սմբատ Նասիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․10․2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Սմբատ Նասիբյանի դիմումի՝ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սմբատ Նասիբյանը պահանջել է Տիգրան Արզաքանցյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի 19․09․2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26․12․2022 թվականի որոշմամբ Տիգրան Արզաքանցյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 19․09․2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19․05․2023 թվականի վճռով դիմումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20․10․2023 թվականի որոշմամբ Սմբատ Նասիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19․05․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Դատավոր Կ․ Համբարձումյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Նասիբյանը (ներկայացուցիչ Ալբերտ Արզումանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տիգրան Արզաքանցյանը (ներկայացուցիչ Հասմիկ Նազարեթյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ու մինչև 08․01․2018 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը և 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՎԴ/6556/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտով հաստատվել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործել է անարդյունավետ՝ ժամանակ առ ժամանակ թույլ տալով անգործություն, այնինչ ծառայությունը պարտավոր էր սահմանված ժամկետում՝ անհրաժեշտության դեպքում այն երկարաձգելով, կատարողական վարույթի ծավալուն լինելու դեպքում հարկադիր կատարողների խմբի ներգրավմամբ կատարել օրենքով նախատեսված կատարողական գործողություններ, ինչը չի կատարել։
Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կատարողական վարույթը չի ավարտվել պարտատիրոջ համար բացասական ելքով՝ պարտապանի այլ գույք չունենալու հիմքով, ընդհակառակը՝ պարտատիրոջն առաջարկվել է դիմել դատական պաշտպանության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքերով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ոչ միայն պարտապանի այլ գույք չունենալու հանգամանքն է համարվում կատարողական վարույթի բացասական ելքով ավարտ, այլ նաև բոլոր այն դեպքերը, երբ կատարողական վարույթի ավարտը պարտատիրոջ համար բացասական է թեկուզև այն իմաստով, որ պարտատերն իր պահանջի անմիջապես բավարարում չի ստանում, այդ թվում նաև, երբ սպառվել են կատարողական վարույթի բոլոր հնարավոր ժամկետները՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ոչ իրավաչափ են ճանաչվել հարկադիր կատարողի գործողությունները, և պարտատերը տևական ժամանակ չի ստացել իր պահանջի բավարարում։
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքները, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է միայն այն դեպքում, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու համար, մինչդեռ տվյալ դեպքում առկա է պարտապանի այլ գույք՝ իրավաբանական անձանց կանոնադրական հիմնադրամներում մասնակցություն, որպիսի պայմաններում բռնագանձում տարածելու մասով ընդհանուր կանոնները կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20․10․2023 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2․1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Դիմողը չի ապացուցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առկայությունը։
Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետևության, որ կատարողական թերթի պահանջները չկատարելը ոչ իրավաչափ ճանաչվելու փաստն ի չիք չի դարձնում հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14․05․2018 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, և այն շարունակում է պահպանել իր իրավական ուժը՝ դրանից բխող հետևանքներով։
Տվյալ դեպքում կատարողական վարույթը պարտատիրոջ համար չի ավարտվել բացասական ելքով, քանի որ պարտատերն ունեցել է պարտապանի գույքից բավարարում ստանալու հնարավորություն՝ համապատասխան հայց հարուցելու միջոցով, որից չի օգտվել սեփական անգործության հետևանքով։
Բացի այդ, կատարողական վարույթն ավարտված չէ, այն վերսկսել է պարտատիրոջ գործողությունների արդյունքում, ինչից հետևում է, որ պարտապանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որպես իր իրավունքների պաշտպանության միջոց ընտրել է հարկադիր կատարման եղանակը, ուստի սնանկության դիմումը բավարարվել չի կարող։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճռով Սմբատ Նասիբյանի հայցն ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է՝ վճռվել է ճանաչել Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը Տիգրան Արզաքանցյանի կողմից հօգուտ իրեն գրավադրված «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 20 տոկոսի հանդեպ` փոխառության պայմանագրով Տիգրան Արզաքանցյանին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց, բռնագանձում տարածել Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս (արտասահմանում) գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա` 965․260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով, փոխառության գումարի՝ 4.350.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակել հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած նույն վճռի հրապարակման պահից մինչև «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 20 տոկոսի հանդեպ Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը Լյուքսեմբուրգում պատշաճ գրանցելու պահը (հատոր 1-ին, գ.թ. 5-11)․
2) թիվ ԵԴ/8382/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2022 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Տիգրան Արզաքանցյանի դիմումը՝ Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճիռը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 142-149)․
3) թիվ ԵԿԴ/0607/17/13 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 27.11.2013 թվականի որոշմամբ Սմբատ Նասիբյանի դիմումը՝ միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճիռը պարտադիր ճանաչելու ու դրա հիման վրա կատարողական թերթ տրամադրելու մասին, բավարարվել է՝ որոշվել է՝ միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճիռը ճանաչել պարտադիր և դրա հիման վրա «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 13, 14)․
4) թիվ ԵԿԴ/0607/17/13 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 27․11․2013 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա 21․03․2014 թվականին հարուցվել է թիվ 01/02-1765/14 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է դրվել պարտապան Տիգրան Արզաքանցյանի գույքի ու դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 15, 16ա, 18, 19)․
5) Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14.05.2018 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի «28 և 41.1.4.1» հոդվածներով, թիվ ԵԿԴ/0607/17/13 կատարողական թերթի հիման վրա հարուցված ու 21.08.2017 թվականին վերսկսած թիվ 00207862 կատարողական վարույթն ավարտվել է։ Որոշմամբ նշվել են պարտապան Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող այն գույքերը, որոնց նկատմամբ կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է կիրառվել, միաժամանակ արձանագրվել է, որ գրավոր առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 201-րդ հոդվածների հիմքով դիմել դատարան՝ բաժնային սեփականության իրավունքով ու համատեղ կյանքում ձեռք բերված գույքն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան՝ պարտապան Տիգրան Արզաքանցյանին մի շարք ընկերություններում պատկանող բաժնեմասերի վրա բռնագանձում տարածելու հայցով (հատոր 4-րդ, գ.թ. 37)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի 20․10․2023 թվականի որոշման մեջ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ մեկնաբանությունը հակասում է թիվ ԵՇԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18․12․2019 թվականի որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտատիրոջ դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությանն այն դեպքում, երբ պարտատիրոջ օգտին կայացված դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվում է պահանջատիրոջն ուղղված գրավոր առաջարկությամբ՝ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջ դատարան ներկայացնելու իրավունքի վերաբերյալ։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ (...)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրությունը և Կոնվենցիան դատական ակտերի կատարման իրավունքը թեև ուղղակիորեն չեն ամրագրում որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, այդուհանդերձ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան), Սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների համատեքստում այն դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․07․2016 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշումը)։
Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով։
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հավելել է, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով։ Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի պարտադիրության ու կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար (տե՛ս, օրինակ՝ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22․07․2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով։
Մինչև 09.01.2015 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան։
Անդրադառնալով կատարողական վարույթն ավարտելու՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով սահմանված հիմքին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, եթե ձեռնարկել է իրենից կախված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, սակայն առկա են այնպիսի հիմքեր և հանգամանքներ, որոնք խոչընդոտում են հետագա կատարողական գործողությունների կատարմանը։ Մասնավորապես՝ այն դեպքում, երբ կատարողական վարույթն ավարտվում է պահանջատիրոջ ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու պահանջ ներկայացնելու գրավոր առաջարկով, ապա գործում է այն իրավաչափ կանխավարկածը, որ մինչ այդ հարկադիր կատարողը ձեռնարկել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ առանց պարտատիրոջ կողմից դատարան դիմելու հնարավորության բռնագանձումը նրա գույքի վրա տարածելու ուղղությամբ, սակայն բռնագանձումը հնարավոր չի եղել կատարել՝ այլ անձանց իրավունքներին անթույլատրելի միջամտություն կատարելու խոչընդոտի պատճառով։ Այլ խոսքով՝ դա նշանակում է, որ հարկադիր կատարողը չի հայտնաբերել այնպիսի գույք, որի վրա կարող էր բռնագանձում տարածել՝ առանց դատարանի կողմից իրավական խոչընդոտի հաղթահարման։ Դա իր հերթին նշանակում է, որ հարկադիր կատարողը վերոգրյալ հիմքով կատարողական վարույթն ավարտում է, եթե չի հայտնաբերել պարտապանի այլ գույք, որի առկայությունը բավարար կլիներ կատարողական թերթի պահանջն ինքնուրույն կատարելու համար, այդ իսկ պատճառով էլ նշված հիմքով կատարողական վարույթի ավարտն ինքնին վկայում է պարտապանի մոտ այլ գույքի բացակայության կամ անբավարարության մասին՝ անկախ այդ մասին կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման մեջ նշվելուց կամ չնշվելուց (տե՛ս Շանթ Խայալեանն ընդդեմ Նաիրա Բալոյանի և Նաիրա Բալոյանն ընդդեմ Շանթ Խայալեանի թիվ ԵԱԴԴ/4462/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11․11․2022 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված վճարային պարտավորության առկայությունն անձին սնանկ ճանաչելու առանձին հիմք է։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պարտապանի անվճարունակության հատկանիշների թվին դասվող պարտավորության անվիճելիությանը, փաստել է, որ այն առկա է նաև այն դեպքում, երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն՝ քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքում) (տե՛ս Տիգրան Մարտիրոսյանն ընդդեմ Սուրեն Սադոևի թիվ ԵՇԴ/0133/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31․08․2018 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, իսկ պարտապանը ողջամիտ ժամկետում չի կատարում այդ վճռից բխող իր պարտավորությունը, ապա պարտատերն իրավասու է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու երկու եղանակով, այն է` կա՛մ սնանկության դիմումով դիմել դատարան, կա՛մ օրենքով սահմանված ժամկետում օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնել հարկադիր կատարման (տե՛ս Ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը): Այն դեպքում, երբ պարտատերն ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության՝ վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի` իր համար բացասական ելքը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0137/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը)։
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտատիրոջ օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտատերն ինքն է որոշում ընտրել դատական ակտի կատարման ճանապարհը՝ հարկադիր կատարման, թե սնանկության վարույթի միջոցով: Պարտատիրոջ կողմից ընտրված եղանակն ինքնանպատակ չպետք է լինի, այսինքն՝ եթե պարտատերն ընտրել է սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը, ապա չի կարող դիմել նաև դատական ակտի հարկադիր կատարման, որպիսի արգելքը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածից։ Նույն տրամաբանությամբ՝ եթե պարտատերն ընտրել է դատական ակտի հարկադիր կատարման ճանապարհը, ապա քանի դեռ կատարողական վարույթն իր համար բացասական ելքով չի ավարտվել, պարտատերը չի կարող դիմել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։
Հիմք ընդունելով նաև Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ կատարողական վարույթի առկայության պայմաններում պարտատիրոջ կողմից սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է գնահատել կատարողական վարույթի ավարտի հիմքերի գնահատմամբ: Այսինքն՝ եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որն այդ պահին պարտատիրոջ համար բացասական է թեկուզև այն իմաստով, որ պարտատերն իր պահանջի անմիջապես բավարարում չի ստանում, ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունից: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սնանկության վարույթը, ի տարբերություն կատարողական վարույթի, ավելի ճկուն է պարտատիրոջ պահանջների բավարարում ստանալու տեսանկյունից:
Արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որը տվյալ պահին պարտատիրոջ համար կարող է գնահատվել որպես բացասական ելքով կատարողական վարույթի ավարտ, ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից՝ նկատի ունենալով, որ հակառակ մեկնաբանության դեպքում կխախտվի պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռությունը, պարտատերը կզրկվի իր օգտին կայացված դատական ակտը կատարելու հնարավորությունից, որի արդյունքում կսահմանափակվեն վերջինիս դատական պաշտպանության ու սեփականության իրավունքները (տե՛ս Ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Մագանե» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներից բխում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման նպատակով կատարողական վարույթ հարուցված լինելու դեպքում պահանջատիրոջ կողմից հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու պայմանը վերջինիս համար կատարողական վարույթի բացասական ելքով ավարտն է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավունքի պաշտպանության եղանակն ընտրելու պահանջատիրոջ հայեցողությունը բացարձակ չէ, հետևաբար չպետք է իրականացվի այնպես, որ խեղաթյուրի այդ իրավունքի նշանակությունը և ստեղծի իրավունքի չարաշահման հնարավոր ռիսկեր։ Եթե պահանջատերն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ներկայացրել է հարկադիր կատարման և այդ եղանակով չի սպառել իր իրավունքի պաշտպանությունը՝ թեկուզև իր համար բացասական ելքով, ապա չի կարող միաժամանակ օգտվել նաև սնանկության դիմում ներկայացնելու իր իրավունքից: Հակառակ դեպքում իրավունքի պաշտպանության՝ նախապես ընտրված եղանակը դառնում է ինքնանպատակ և չի ծառայում խախտված իրավունքի վերականգնման իր նպատակին։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ կատարողական վարույթի՝ պահանջատիրոջ համար բացասական ելքով ավարտված լինելու հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատել հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշում կայացնելու՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքի հաշվառմամբ` պարզելով, թե արդյո՞ք վարույթն ավարտելու հիմքն այնպիսին է, որ պահանջատերը զրկվում է իր պահանջի անմիջապես բավարարում ստանալու հնարավորությունից, և, համապատասխանաբար, առաջանում է իր իրավունքը հնարավոր այլ իրավաչափ եղանակով պաշտպանելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն։
Կատարողական վարույթն ավարտելու հիմքերից է նաև ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու վերաբերյալ հարկադիր կատարողի կողմից պահանջատիրոջն առաջարկ ներկայացնելը։ Կատարողական վարույթն ավարտվում է այս հիմքով, եթե օրենքով թույլատրված բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո հարկադիր կատարողին չի հաջողվում առանց այլ անձանց իրավունքներին անթույլատրելիորեն միջամտելու բռնագանձում տարածել պարտապանի գույքի վրա, իսկ կատարողական թերթի պահանջը կատարելու համար պարտապանի մոտ բացակայում կամ անբավարար է լինում այլ գույքը։ Արդյունքում՝ անհնար է դառնում հետագա կատարողական գործողությունների իրականացումը՝ պայմանավորված այլ անձանց իրավունքների հետ կապված խոչընդոտները դատական կարգով հաղթահարելու, այսինքն՝ համապատասխան պահանջով դատարան դիմելու անհրաժեշտությամբ, որի մասին հարկադիր կատարողն առաջարկ է ներկայացնում պահանջատիրոջը։
Շարադրվածից բխում է, որ առաջարկն ինքնին վկայում է այն մասին, որ այդ փուլում կատարողական վարույթի միջոցով անհնար է դառնում պահանջի բավարարումը, ուստի ելքը պահանջատիրոջ համար բացասական է։
Անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքում պահանջատիրոջն առաջարկվում է կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով օգտվել համապատասխան հայցով դատարան դիմելու իրավունքից, որը վերջինիս համար պարտադիր բնույթ չի կրում, հետևաբար՝ ավարտի հիմքն այնպիսին է, որը զրկում է պահանջատիրոջը տվյալ կատարողական վարույթի շրջանակներում իր պահանջի անմիջապես բավարարում ստանալու հնարավորությունից։ Պահանջատերը կատարողական վարույթի շրջանակներում փաստացի չի ստանում իր պահանջի բավարարում, այսինքն՝ սպառում է այդ եղանակով իր իրավունքը պաշտպանելու հնարավորությունը, որպիսի պայմաններում, կաշկանդված չլինելով նաև կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ ներկայացված առաջարկով, կարող է դիմել իրավունքի պաշտպանության այլ եղանակի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով սահմանված հիմքով ավարտելու դեպքերում իրավաչափ չի կարող համարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով ներկայացված սնանկության դիմումն այն պատճառաբանությամբ մերժելը, որ դիմողը կարող էր պահանջի բավարարում ստանալ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջով դատարան դիմելու եղանակով՝ նկատի ունենալով, որ հայց հարուցելն անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը, իսկ անձին իրավունքով ծանրաբեռնել օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանի որ իրեն որևէ իրավունք վերապահված լինելու դեպքում անգամ անձը կարող է ձեռնպահ մնալ դրա իրացումից՝ նախընտրելով իր իրավունքի պաշտպանության հնարավոր այլ եղանակը։ Նշվածից բխում է, որ այս դեպքում պահանջատերն ազատ է իր իրավունքի պաշտպանության եղանակն ընտրելու հարցում, որպիսի պայմաններում, տնօրինչականության սկզբունքից ելնելով, ինքն է որոշում, թե նշված հոդվածով սահմանված առաջարկի հիման վրա դատարան հայց ներկայացնելու կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների առկայության դեպքում հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու եղանակներից որով է իրականացնելու իր իրավունքի հետագա պաշտպանությունը՝ պահանջի բավարարում ստանալու հարցում գնահատելով դրանց արդյունավետությունը, նպատակահարմարությունը և ճկունությունը։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով դիմելով դատարան՝ Սմբատ Նասիբյանը պահանջել է Տիգրան Արզաքանցյանին ճանաչել սնանկ՝ պահանջի հիմքում դնելով Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճռով ճանաչված՝ 4.350.000 ԱՄՆ դոլարի չափով վճարային պարտավորությունը։
Դատարանը 19․05․2023 թվականի վճռով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով Սմբատ Նասիբյանի ներկայացրած սնանկության դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(…) տվյալ կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1. կետի հիմքով, համաձայն որի՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:
Այսինքն տվյալ որոշմամբ կատարողական վարույթը չի ավարտվել պարտապանի գույք չունենալու հիմքով: Ավելին, տվյալ որոշմամբ նշվել են բոլոր այն գույքերը, որոնք սեփականության (բաժնային կամ համատեղ) իրավունքով պատկանել են պարտապանին և պարտատիրոջն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով դիմելու դատական պաշտպանության: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ տվյալ կատարողական վարույթը չի ավարտվել պարտատիրոջ համար բացասական ելքով, այլ կերպ ասած՝ պարտատերն ունեցել է տվյալ դեպքում իրական հնարավորություն ստանալու բավարարում պարտապանի գույքերից՝ համապատասխան հայց ներկայացնելու միջոցով, ինչը չի արել»։
Վերաքննիչ դատարանը 20․10․2023 թվականի որոշմամբ Սմբատ Նասիբյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 19․05․2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ Դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունները վերահաստատող այն եզրակացությամբ, որ «(…) կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1. կետի հիմքով, համաձայն որի՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ կատարողական վարույթը չի ավարտվել պարտապանի գույք չունենալու հիմքով: Հակառակը, որոշմամբ առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով դիմելու դատական պաշտպանության: Վերոգրյալից էլ հետևում է, որ տվյալ կատարողական վարույթը չի ավարտվել պարտատիրոջ համար բացասական ելքով և պարտատերն ունեցել է պարտապանի գույքերից բավարարում ստանալու հնարավորություն՝ համապատասխան հայց ներկայացնելու միջոցով, որպիսի հնարավորությունից, սեփական անգործության հետևանքով, չի օգտվել: Նշվածն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ երբ դիմողի կողմից չի հիմնավորվել դիմումի հիմքում ընկած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքը, (…)»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործի փաստերից հետևում է, որ թիվ ԵԿԴ/0607/17/13 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 27.11.2013 թվականի որոշմամբ պարտադիր է ճանաչել Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճիռը, որով ճանաչվել է Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը Տիգրան Արզաքանցյանի կողմից հօգուտ իրեն գրավադրված «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 20 տոկոսի հանդեպ` փոխառության պայմանագրով Տիգրան Արզաքանցյանին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց, բռնագանձում է տարածվել Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս (արտասահմանում) գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա` 965․260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով, փոխառության գումարի՝ 4.350.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվել է հաշվարկվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած նույն վճռի հրապարակման պահից մինչև «ԷՅ ԷՄ ՋԻ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 20 տոկոսի հանդեպ Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը Լյուքսեմբուրգում պատշաճ գրանցելու պահը։
Նույն որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով միաժամանակ տրամադրվել է կատարողական թերթ, որի հիման վրա հարուցվել է թիվ 01/02-1765/14 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է դրվել պարտապան Տիգրան Արզաքանցյանի գույքի և դրամական միջոցների վրա։
Մինչդեռ Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճռի հարկադիր կատարման նպատակով հարուցված և հետագայում վերսկսած կատարողական վարույթն Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության 14.05.2018 թվականի որոշմամբ ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետով սահմանված հիմքով, որով պահանջատեր Սմբատ Նասիբյանին գրավոր առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ ու 201-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան՝ բաժնային սեփականության իրավունքով և համատեղ կյանքում պարտապան Տիգրան Արզաքանցյանի ձեռք բերած գույքն առանձնացնելու ու դրա վրա բռնագանձում տարածելու, մի շարք ընկերություններում պարտապան Տիգրան Արզաքանցյանին պատկանող բաժնեմասերի վրա բռնագանձում տարածելու պահանջներով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը պահանջատեր Սմբատ Նասիբյանի համար բացասական ելքով ավարտված չլինելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի ու «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիման վրա հայց ներկայացնելու միջոցով պարտապանի գույքից բավարարում ստանալու հնարավորություն ունենալու մասին պատճառաբանությամբ Սմբատ Նասիբյանի սնանկության դիմումը մերժելով՝ ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայց հարուցելը Սմբատ Նասիբյանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, ուստի վերջինս այն կարող է իրացնել միայն սեփական հայեցողությամբ ու ցանկությամբ, իսկ կատարողական վարույթն ավարտելու որոշմամբ պահանջատիրոջն արված առաջարկը նրա մոտ չի կարող ստեղծել համապատասխան վարքագիծ դրսևորելու պարտականություն։ Նույն պատճառաբանությամբ հիմնավորված չեն հայց հարուցելու իրավունքից ձեռնպահ մնալու և անգործություն ցուցաբերելու բացասական հետևանքները կրելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները, քանի որ Սմբատ Նասիբյանն ազատ է որոշելու՝ ինչպես ու ինչ եղանակով պաշտպանել իր պահանջի իրավունքը՝ կա՛մ օգտվել Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության 14.05.2018 թվականի որոշմամբ արված առաջարկից և հայց հարուցել, կա՛մ սնանկության դիմում ներկայացնել։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական վարույթի ավարտով Սմբատ Նասիբյանը չի ստացել Արբիտրաժային տրիբունալի 07.10.2013 թվականի վճռով ճանաչված իր պահանջի բավարարում, այլ տեղեկացել է հայց հարուցելու իրավունքի մասին, ինչն ինքնին վկայել է կատարողական վարույթի բացասական ելքի, այսինքն՝ այդ փուլում պահանջի անմիջապես բավարարում չստանալու մասին, ուստի նրա համար առաջացել է իր պահանջի իրավունքը միմյանց հավասար երկու եղանակներից որևէ մեկով պաշտպանելու հնարավորություն, որոնց միջև ընտրություն կատարելու հարցում եղել է ազատ և նպատակահարմար է գտել այս փուլում սնանկության դիմում ներկայացնելը՝ հիմք ընդունելով նաև սնանկության վարույթի ճկունությունն ու համեմատաբար առավել արագ ընթացքը։
Շարադրվածից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի հիման վրա հայց հարուցելու Սմբատ Նասիբյանի իրավունքը դեռևս չի բացառում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների առկայության դեպքում հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու մյուս իրավունքից օգտվելու հնարավորությունը, ինչը սույն գործով ստորադաս դատարանները հաշվի չեն առել՝ ի խախտումն դատական պաշտպանության միջոցներն ու եղանակները սեփական հայեցողությամբ տնօրինելու կանոնի միաժամանակ որոշելով, թե Սմբատ Նասիբյանը տվյալ դեպքում իրավունքի պաշտպանության որ եղանակից կարող էր կամ պետք է օգտվեր։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Շարադրված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված են, ուստի անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 20․10․2023 թվականի որոշումը։
Միաժամանակ նկատի ունենալով, որ վկայակոչված իրավունքի նորմերի խախտման հետևանքով ստորադաս դատարանները հանգել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սնանկության հատկանիշների առկայության մասին սխալ հետևության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու հարցը լուծելու նպատակով անհրաժեշտ է գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի
[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Սմբատ Նասիբյանի վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 20․10․2023 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է Սնանկության դատարան՝ նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20․10․2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ա. Մկրտչյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|