«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2005 թ. |
N 386-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և հաշվի առնելով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կատարելագործման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված արժեթղթերի արտահանման» կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասին թիվ 173 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՌԱՔՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, դրանց կարգն ու պայմանները:
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված հասկացություններին համապատասխան:
1.2. Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, ներմուծումն ու արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 2. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
2.1. Ֆիզիկական, իրավաբանական անձինք (բացառությամբ բանկերի և ինկասացիոն կազմակերպությունների) և անհատ ձեռներեցները իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 5 մլն կանխիկ դրամ կամ դրան համարժեք կանխիկ արտարժույթ՝ արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով: Սույն մասում նշված գումարը գերազանցելու դեպքում արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով` բանկային փոխանցումների միջոցով:
2.2. ՀՀ դրամով արտահայտված արժեթղթերի արտահանումը կարող է իրականացվել առանց սահմանափակումների:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
3.1. Հայաստանի Հանրապետության բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետ՝ բանկեր), ինչպես նաև վարկային կազմակերպությունների կողմից արժութային արժեքների Հայաստանի Հանրապետություն փոխադրումը, առաքումը, ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից փոխադրումը, առաքումն ու արտահանումը իրականացվում է առանց ծավալային և այլ սահմանափակումների:
3.2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի փոխադրումը, առաքումը և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և փոխադրումը, առաքումն ու արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե դրան մասնակցում է բանկ կամ վարկային կազմակերպություն, կազմակերպվում է բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից:
Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը գործում է իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագրի հիման վրա:
3.3. Արժութային արժեքների փոխադրման մասին մաքսային ծառայությանը տեղեկացվում է բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի կողմից՝ մաքսային սահմանով անցկացումը սկսելու պահից առնվազն 3 ժամ առաջ:
3.4. Բանկի, կամ վարկային կազմակերպության, կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը մաքսատան համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացնում իր գործադիր մարմնի կողմից տրված լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը, իսկ կանխիկ դրամի կամ արտարժույթի ներմուծման և արտահանման դեպքում նաև բանկի կամ վարկային կազմակերպության ելքային օրդերը: Ինկասացիոն ծառայության ներկայացուցիչը ներկայացնում է նաև բանկի, կամ վարկային կազմակերպության և ինկասացիոն ծառայության միջև կնքված պայմանագիրը կամ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ (ակտ):
3.5. Լիազորագրի ներկայացումից հետո լրացվում է բեռնամաքսային հայտարարագիր՝ ըստ մաքսային ձևակերպումների արարողակարգի:
3.6. Արժութային արժեքների փոխադրումը մաքսային հսկողության գոտով և բանկից կամ վարկային կազմակերպությունից մինչև մաքսային կետ կամ մաքսային կետից մինչև բանկ կամ վարկային կազմակերպություն իրականացվում է բանկի կամ վարկային կազմակերպության ինկասացիոն մեքենայով կամ համապատասխան մասնագիտացված ծառայության ուժերով: Մաքսատունը մաքսային սահմանով արժութային արժեքների անցկացման ժամանակային սահմանափակման առկայության դեպքում իրականացնում է ստուգման և ձևակերպման անհրաժեշտ գործողություններ:
3.7. Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան կողմից սահմանված տեղում, մաքսատան աշխատակցի (աշխատակիցների) կողմից, բանկի կամ ինկասացիոն ծառայության ներկայացուցչի և ուղեկցողի (ինկասատորի) ներկայությամբ:
Ինկասացիոն պայուսակի ստուգումն իրականացվում է մաքսատան և բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) կապարակնիքով:
3.9. Լրացված բեռնամաքսային հայտարարագրի 2-րդ օրինակը (թերթիկը) վերադարձվում է հայտարարատուին՝ բանկի կամ վարկային կազմակերպության (կամ ինկասացիոն ծառայության) լիազորված ներկայացուցչին:
3.10. Սույն կարգից բխող կանոնների վերաբերյալ տեղեկությունները փակցվում են մաքսատանը՝ տեսանելի վայրում: