«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2171-Ն
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 19 |
Հավելված |
2 0 0 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ՆԱԽԱԲԱՆ
Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՓՄՁ-ի ոլորտը համարում է երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ:
ՓՄՁ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ վերջին 3 տարիներին ստեղծվել են շուրջ 25.000 ՓՄՁ-ի սուբյեկտներ, իսկ միայն 2004 թվականի ընթացքում ստեղծվել են շուրջ 9.000 նոր ՓՄՁ-ի սուբյեկտներ` ապահովելով ավելի քան 22.000 նոր աշխատատեղ: Դրա հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) ձևավորման գործում: 2004 թվականի տվյալներով ՓՄՁ-ի ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է շուրջ 39 տոկոս, գրեթե կրկնակի գերազանցելով 2000 թվականի մակարդակը, իսկ ըստ նախնական կանխատեսումների 2005 թվականին այս ցուցանիշը կկազմի շուրջ 40 տոկոս:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները պահպանվել են նաև 2005 թվականին: Իրականացման փուլում է ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը: ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագրային միջոցառումների շուրջ 70 տոկոսը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը: Բացի այդ, միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպություններից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին ընդլայնվել են ՓՄՁ-ի ոլորտի հեռանկարային զարգացմանն ու այդ նպատակով իրականացվող պետական աջակցությանն ուղղված ծրագրային միջոցառումների շրջանակները: Մասնավորապես`
2005 թվականին միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ծավալվել է արդյունավետ աշխատանք: Շարունակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող ծրագիրը, միաժամանակ սկսվել են այդ ծրագրի հաջորդ փուլի (2006-2008 թվականներ) մշակման աշխատանքները:
2005 թվականի հունիսին Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի» (2005-2008 թվականների կտրվածքով) իրականացման վերաբերյալ:
Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հետ երկարաժամկետ համագործակցության մասին: 2005 թվականի ընթացքում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում իրականացվել է բիզնես ինկուբատորների ստեղծման հետազոտություն, իսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ համատեղ` բիզնես ինկուբատորներին նվիրված միջազգային սեմինար-խորհրդակցություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Միացյալ Թագավորության միջազգային զարգացման վարչության կողմից մշակված ՓՄՁ-ի ոլորտի զարգացման տարածաշրջանային համատեղ ծրագիրը, որը կգործարկվի 2005 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այն կիրականացվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (հիմնականում հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում) և կշարունակվի մինչև 2008 թվականը:
2005 թվականին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի միջև շարունակվել է համատեղ ծրագրի իրականացումը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինստիտուցիոնալ ամրապնդման, սկսնակ գործարարներին աջակցության ցուցաբերման, ՓՄՁ աջակցող ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ապահովման նպատակով ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագրի շրջանակներում հիմնադրվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ևս 4 մարզային մասնաճյուղ` ՀՀ Արմավիրի (ք. Արմավիր), Արարատի (ք. Արտաշատ), Գեղարքունիքի (ք. Սևան) և Վայոց ձորի (ք. Վայք) մարզերում, ի լրումն արդեն իսկ հիմնադրված 6 մասնաճյուղի ՀՀ Շիրակի (ք. Գյումրի), Սյունիքի (ք. Սիսիան), Տավուշի (ք. Իջևան), Կոտայքի (ք. Չարենցավան), Լոռու (ք. Ստեփանավան) և Արագածոտնի (ք. Ապարան) մարզերում, որով ավարտվեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորման գործընթացը:
2005 թվականի ընթացքում, ըստ նախնական կանխատեսումների, վարկային երաշխավորությունների տրամադրման, որակի կառավարման համակարգերի ներդրման, ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել Երևանում և ՀՀ այլ մարզերում գործող շուրջ 4500 ՓՄՁ-ի սուբյեկտի:
2005 թվականի ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև ՓՄՁ-ի պետական աջակցության 2004թ. ծրագրի շրջանակներում ստեղծված «Անդրոն-գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկի» (այսուհետ` տեխնոպարկ) ինստիտուցիոնալ զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ՓՄՁ-ի ոլորտի ուսումնասիրությունների և վարչական մոնիթորինգի արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեռ շարունակում են բախվել ՓՄՁ-ի սուբյեկտները: Այդ հիմնախնդիրները պայմանավորված են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությամբ, գործարար տեղեկատվության, խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններով, ՓՄՁ-ի սուբյեկտների արտադրանքի (ծառայությունների) շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների պակասով:
Հայաստանում ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությանն ու զարգացմանը, գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2006 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային միջոցառումները, ինչը կարևոր նախապայման է հանդիսանում երկրի տնտեսական աճի, բնակչության զբաղվածության ապահովման ու նրա սոցիալական վիճակի բարելավման և ընդհանուր առմամբ երկրում աղքատության հաղթահարման շարունակականության ապահովման գործում:
2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2006 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝
ա) 2003 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրության 3-րդ կետ),
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 1736-Ն որոշմամբ հաստատված Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2005 թվականի ծրագիրը,
դ) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշումը,
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 777-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը,
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն է պետական շարունակական աջակցությամբ նպաստել ՓՄՁ-ի ոլորտի դերի աստիճանական բարձրացմանը` երկրի սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային կայուն զարգացման բնագավառներում:
Ծրագրի նպատակներն են`
ա) ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը,
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը,
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական և արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը,
դ) ՓՄՁ-ի սուբյեկտների՝ գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը,
ե) գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
ա) երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացումը,
բ) Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտների թվի ավելացումը և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը,
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացումը և նրանց կողմից թողարկվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների քանակական և որակական աճը,
դ) Հայաստանի Հանրապետության մարզերում և հեռավոր բնակավայրերում գործարար ակտիվության բարձրացումը` այդ նպատակով ծրագրի շրջանակներում ցուցաբերվող աջակցության շուրջ 70 տոկոսն ուղղելով Երևան քաղաքից դուրս գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ա) Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտին աջակցող այլ կառույցների միջոցով:
բ) Ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության ոլորտում գործող, նորարարություններ ու բարձր տեխնոլոգիաներ կիրառող և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը, ինչպես նաև սկսնակների, երիտասարդների, կանանց, գործազուրկների, հաշմանդամների ու փախստականների ձեռներեցության զարգացմանը:
գ) Ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության այլ մարզերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը:
դ) Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ե) Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում 2006 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր (համաֆինանսավորման սկզբունքով)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2006 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝
5.1. | ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդումը |
5.1.1. | Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդում և դրանց գործունեության ընդլայնում |
Կարևորելով ՓՄՁ-ի ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության տարածքային տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում (տարածաշրջաններում) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի (միջոցառումների) համակարգման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղեր` ձևավորելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանց:
Ծրագրով նախատեսվում է կատարելագործել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բոլոր մարզային մասնաճյուղերի նյութատեխնիկական ապահովվածությունը, ինչպես նաև ներդնել «Իրտեկ» տեղեկատվական համակարգ, որից կարող են օգտվել ՓՄՁ-ի սուբյեկտները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին երկրի ընդհանուր տնտեսական վիճակի, արտաքին և ներքին շուկաներում, իրավաօրենսդրական դաշտում կատարվող փոփոխությունների և ձեռնարկատիրության ոլորտին առնչվող այլ գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավարտել համապարփակ տեղեկատվական բազայի նախագծման և ներդրման աշխատանքները: Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտները հնարավորություն կունենան ինտերնետի միջոցով անմիջական կապի մեջ լինել խորհրդատու փորձագետների մշտական գործող աշխատանքային խմբի հետ և ստանալ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի յուրաքանչյուր մասնաճյուղում կտեղադրվի մեկ հանրային համակարգիչ, որից կարող են օգտվել ՓՄՁ-ի սուբյեկտները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդումն ու դրանց գործունեության ընդլայնումը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համակարգի ձևավորման գործընթացին:
5.1.2. | Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառույց` «Անդրոն» կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ»-տեխնոպարկի ամրապնդում և զարգացում |
Շուկայական տնտեսավարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
ՓՄՁ-ի սուբյեկտների տեխնոլոգիական և նորարարական աջակցության նպատակով ստեղծված տեխնոպարկում արդեն իսկ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ` վերջինիս ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և զարգացման, տեխնոպարկի հաճախորդ ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանը նպաստող գործարար ծառայությունների մատուցման կարողությունների ընդլայնման ուղղությամբ:
ՓՄՁ-ի սուբյեկտներում նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության տրամադրման նպատակով կիրականացվեն միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տեխնոպարկում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավման համար համապատասխան պայմանների ձևավորմանը, ինչը ենթադրում է առկա ենթակառուցվածքների զարգացում, վերանորոգում և նոր բաղադրիչների ավելացում: Դրա հետ մեկտեղ 2006 թվականին աշխատանքներ կիրականացվեն տեխնոպարկի գործունեության ընդլայնման և զարգացման ուղղությամբ:
5.2. | ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակումը և ընդլայնումը |
ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման, դրանց ֆինանսական և ներդրումային աջակցության ցուցաբերման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, 2006 թվականին կշարունակվի և կընդլայնվի վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը:
Վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, որպես սույն ծրագիրն իրականացնող կառույցի, գործընկեր առևտրային բանկերի միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման նպատակով: Այս ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կընդլայնի պայմանագրային հիմունքներով ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման ծրագրեր իրականացնող առևտրային բանկերի հետ իր համագործակցությունը:
Վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրից կարող են օգտվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ՓՄՁ-ի սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: Այստեղ նախապատվությունը կտրվի գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում առևտրի ոլորտում գործող շահառուներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող և նոր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:
Ծրագրի շրջանակներում նպատակային ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության 70 տոկոսը և 10 մլն դրամը:
2006 թվականին կշարունակվեն վարկային երաշխավորությունների տրամադրման մեխանիզմի և ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքները:
Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում կդիտարկվի մշակված ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրի նախագիծը, որի ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովման պարագայում հիմք կդրվի դրա իրականացման համար:
5.3. | Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցությունը |
Սկսնակ գործարարների աջակցություն ծրագրի նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և նրանց աջակցություն ցուցաբերել հենց հիմնադրման շրջանում, քանի որ ՓՄՁ-ի սուբյեկտները հաղթահարելով հիմնադրման և հաստատման կրիտիկական շրջանը (սովորաբար այն համարվում է 3 տարի ժամանակահատվածը) ավելի հազվադեպ են սկսնակ համարվում: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրներում սկսնակ և երիտասարդ գործարարների հաջողության գրավականն է արդիական գիտելիքները գործարար պլանավորման, շուկայավարման, կառավարման, մասնավորապես, ֆինանսների կառավարման և այլ բնագավառների վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան գործարար հմտությունների առկայությունը, գործարար խորհրդատվության և ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը և այլն: Այդ իսկ պատճառով նախատեսվում է համապատասխան աջակցություն ցուցաբերել սկսնակներին հենց հիմնադրման փուլում` նվազեցնելով վերջիններիս ձախողման ռիսկը:
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ մարզերում իրականացնել միջոցառումներ, որոնք կներառեն ուսուցման, մասնագիտական խորհրդատվության, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման բաղադրիչներ: Այդ միջոցառումների նպատակն է խթանել նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծմանը և համապատասխան աջակցություն ցուցաբերել նրանց հիմնադրման շրջանում:
Փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերը նոր ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծման համար հանդիսանում են արդյունավետ գործիք, սակայն հմտությունների զարգացման և գիտելիքների փոխանցման հետ մեկտեղ նոր գործ ձեռնարկելիս սկսնակ գործարարները բախվում են ֆինանսական միջոցների ձեռք բերման հետ կապված բազմաթիվ խնդիրների: Այդ իսկ պատճառով աշխատանքներ կիրականացվեն նաև ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման, մասնավորապես ծրագրի շրջանակներում միկրոֆինանսական հաստատություններից արտոնյալ պայմաններով փոխատվության տրամադրման (միկրովարկավորման) և փոխատվական հիմնադրամի ստեղծման մեխանիզմների մշակման ուղղությամբ:
Սկսնակ գործարարների ձեռներեցության զարգացման նպատակով աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությանը սկսնակ գործարարների աջակցություն ծրագրին և նրանցից առավել հաջողակների հետ կիրականացվի երկարատև համագործակցություն:
5.4. | ՓՄՁ-ի սուբյեկտներին` մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ աջակցությունը |
ՓՄՁ-ի սուբյեկտների համար մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման հնարավորությունների ապահովումը դա նրանց գործունեության հաջողության, տեղական շուկայում ամրապնդվելու և արտաքին շուկաներ մուտք գործելու գրավականներից է:
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի աջակցություն մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման հարցերում: Մասնավորապես. ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման թեմաներով դասընթացներ, ինչպես նաև վերոհիշյալ հարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություններ և կլոր-սեղան քննարկումներ: Դրա հետ մեկտեղ վերոհիշյալ ուղղություններով ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
5.5. | ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցությունը |
Ելնելով նշված նկատառումներից` 2006 թվականին ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների ներդրմանը, մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման ԻՍՕ 9001-2000 համակարգի ներդրման ուղղությամբ խորհրդատվության տրամադրման ճանապարհով, ինչպես նաև կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացներին նվիրված տեղեկատվական և ուսուցողական բնույթի միջոցառումներ, կհրատարակվեն համապատասխան տեղեկատվական նյութեր:
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր միջոցառումներից է Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցության ապահովումը: Այս ուղղությամբ 2006 թվականին ծրագրի շրջանակներում համապատասխան աջակցություն կցուցաբերվի արտահանման ներուժ ունեցող և հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին նրանց կողմից թողարկվող արտադրանքը (մատուցվող ծառայությունները) լավագույն տեսքով ներկայացնելու համար:
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի նրանց կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկայում ներկայացնելու, մասնավորապես, դրանց զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) լուսաբանման, ապրանքների փաթեթավորման, պիտակավորման, ձևավորման և այլ համապատասխան գործընթացների ուղղությամբ, որը վերջին հաշվով կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) մրցունակության և ՓՄՁ-ի սուբյեկտների հեղինակության բարձրացմանը:
5.6. | ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունը |
Ծրագրով նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի և պարբերականի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների) հրատարակում (դրանք կտեղադրվեն նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում), ինչպես նաև առկա տեղեկատվական բազայի կատարելագործում, ինչը համապարփակ գործարար տեղեկատվությամբ կապահովի Հայաստանի գործարար համայնքին:
Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում ԶԼՄ-ների միջոցով կապահովվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) վերաբերյալ, ինչպես նաև պարբերաբար կկազմակերպվեն հեռուստաժամեր` ներկայացնելով ինչպես ՓՄՁ-ի սուբյեկտների առաջավոր փորձը, այնպես էլ նրանց հուզող հիմնախնդիրները և դրանց հաղթահարման (լուծման) հնարավոր ուղիները:
ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքներից և կարևոր նախադրյալներից է նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվության ապահովումը:
Ծրագրով նախատեսվում է շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությունը` խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման հարցում:
ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպությունների միջոցով՝ ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման, կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծության, շուկայական հետազոտությունների իրականացման, կառավարման և շուկայավարման, հաշվապահության վարման, նորարարությունների կիրառման և ժամանակակից տեխնոլոգիաների առևտրայնացման, իրավաբանական, հարկային և մաքսային, արտադրանքի (ծառայությունների) առաջմղման, մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներում որակի կառավարման (ԻՍՕ 9000 շարքի) միջազգային ստանդարտների (համակարգերի) ներդրման, ինչպես նաև այլ ուղղություններով՝ ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
5.7. | ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցությունը |
Ծրագրի շրջանակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին կցուցաբերվի նաև ուսուցողական աջակցություն:
Գործարար հմտությունների զարգացման և գործարար գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտների համար կկազմակերպվեն մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներ՝ ըստ ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ի սուբյեկտներին մեծամասամբ հասանելի չեն գործարար ուսուցողական ծառայությունները՝ հիմնականում դրանց թանկության պատճառով, ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի այդ դասընթացներին նրանց մասնակցության ուղղությամբ` ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելով դասընթացների արժեքը:
Նման դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կընձեռի սկսնակ գործարարներին ծանոթանալու ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, իսկ գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ ստանալու պարզաբանումներ և ուղեցույցեր գործող հարկային և մաքսային համակարգերի, ֆինանսների կառավարման, գործարար ու զարգացման ծրագրերի կազմման, ինչպես նաև ձեռք բերելու համապատասխան մասնագիտական գիտելիքներ և նոր հմտություններ կառավարման, շուկայավարման, գործարար էթիկայի, բանակցությունների վարման, վաճառքի տեխնիկայի և գործարարությանն առնչվող այլ բնագավառներում:
Ուսուցողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով ծրագրի շրջանակներում վերջիններիս համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Ծրագրի շրջանակներում շահագրգիռ կառույցների հետ համատեղ կշարունակվեն կազմակերպվել ՓՄՁ-ի հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովներ, սեմինարներ և կլոր-սեղան քննարկումներ:
5.8. | Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակումը և իրականացումը |
Համաձայն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև կայացած հանդիպման և Ճապոնիայի տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրի վերաբերյալ 2005 թվականի հունիսին ստորագրված արձանագրության` 2006 թվականին կշարունակվի իրականացվել 2005 թվականի աշնանն սկսված վերոհիշյալ եռամյա (2005-2008 թվականներ) ծրագիրը:
2006 թվականին կշարունակվի համագործակցությունը նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, ինչպես նաև գերմանական «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հետ:
Մինչև 2006 թվականի սեպտեմբեր ամիսը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև համագործակցության շրջանակներում կշարունակվեն իրականացվել ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումներ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության արդյունավետության ամրապնդման, կենտրոնական և տարածաշրջանային մակարդակներում ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների տրամադրման, ՓՄՁ-ի սուբյեկտների շրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում, գործարար գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության համապատասխան ենթակառուցվածքների զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Բացի այդ, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման վարչության հետ համագործակցության շրջանակներում 2006 թվականին կիրականացվեն ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր Հայաստանի Հանրապետության մարզերում` ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի հիմնական միջոցառումների շրջանակներում:
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով որպես ծրագրի իրականացման կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 350,000.0 հազ. դրամ:
Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանձին տողով:
7. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
5.1. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդում |
||
5.1.1. Հայատանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի ամրապնդում և դրանց գործունեության ընդլայնում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2006 թվականի ընթացքում | |
5.1.2. Որպես ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառույց` «Անդրոն» կոմպլեքսային էլեկտրասարքավորումների գիտահետազոտական ինստիտուտ» - տեխնոպարկի ամրապնդում և զարգացում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2006 թվականի ընթացքում | |
5.2. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության նպատակով ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շարունակում և ընդլայնում |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
5.3. |
Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
5.4. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին` մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտացման և համապատասխանության հավաստման ուղղությամբ աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
2006 թվականի ընթացքում |
5.5. |
ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) շուկաներ առաջմղմանն աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
5.6. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
5.7. |
ՓՄՁ-ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն |
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ) |
սկսած |
5.8. |
Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի ոլորտի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
2006 թվականի ընթացքում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |