«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005496
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 նոյեմբերի 2005 թ. |
N 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
| |
|
Կ Ա Ր Գ
Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի
Սույն կարգը սահմանում է ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատանքի, ինչպես նաև այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները:
1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները
Արտադրող՝ | էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Բաշխող՝ | էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հաղորդող՝ | էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
Հաշվարկային տարի՝ | հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ տարվա ապրիլի 1-ի ժամը 000- ին և ավարտվում հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 2400- ին. |
Պայմանագիր՝ | էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մատակարար-սպառող (ինքնավար արտադրող) պայմանագիր. |
Հաշվարկային ամիս՝ | Պայմանագրով ամրագրված հաշվարկային ժամանակահատված. |
Սահմանազատման կետ՝ | էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման. |
Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրող |
|
(Ինքնավար արտադրող)` | սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական անձ. |
Միկրոէլեկտրակայան (այսուհետ` | |
ՄիկրոԷԿ)` | մինչև 100 կՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրակայան: |
2. Ընդհանուր դրույթներ
2.1 Ինքնավար արտադրողը էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատելու համար դիմում է Բաշխողին` ստանալու միացման տեխնիկական պայմանները:
2.2 Արտադրողի կամ Հաղորդողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցին միանալու տեխնիկական պայման ստանալու դեպքում Ինքնավար արտադրողը դիմում է նաև նրանց` ստանալու լրացուցիչ տեխնիկական պայմաններ:
3. Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանքը
3.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքն
ապահովելու համար Ինքնավար արտադրողը պարտավոր է`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգին միացումն իրականացնել ներկայացրած տեխնիկական պայմանների համաձայն,
բ) ունենալ Բաշխողի հետ կնքված Պայմանագիր:
3.2 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքը կարող է իրականացվել հետևյալ տարբերակներով.
ա) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրականապես մեկ կետում.
բ) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին մեկ համայնքի կամ հարակից համայնքների տարածքում գտնվող տարբեր կետերում:
3.3 Բաշխողը Ինքնավար արտադրողին միացման տեխնիկական պայմանները տրամադրելու դեպքում այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով)` հաշվառման նպատակով:
3.4 Ինքնավար արտադրողի և Բաշխողի պարտավորությունները` կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ, սահմանվում են Պայմանագրով:
4. Էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը
4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:
4.2 Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը տեղադրվում են Սահմանազատման կետերում և պետք է ապահովեն էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը:
4.3 Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրական էներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.
ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Ինքնավար արտադրողի և Բաշխաղի միջև
իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ.
բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Պայմանագրով սահմանված ժամկետում.
գ) Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրական
էներգիայի զրոյական հաշվեկշռով:
4.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը (WՀկշ) հաշվարկվում է՝
ա) սույն կարգի 3.2 կետի ա) ենթակետում նշված դեպքում` հետևյալ բանաձևով.
WՀկշ= WԱՑ-WԲՑ-WԴ,
որտեղ`
WԱՑ- Ինքնավար արտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիան է,
WԲՑ- էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիան է,
WԴ- նախորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում դեբետագրված էլեկտրական էներգիան է.
բ) սույն կարգի 3.2 կետի բ) ենթակետում սահմանված դեպքում` հետևյալ բանաձևով.
WՀկշ=WԱՑ-WԲՑ(1-k)-WԴ
որտեղ`
k-ն գործակից է, որը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի կորուստները բաշխման ցանցում և հավասար է 0,08 -ի:
4.5 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում`
ա) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ-ն, ունի դրական նշան, ապա այն (WՀկշ) Ինքնավար արտադրողի կողմից ենթակա է վճարման,
բ) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ-ն, ունի բացասական նշան, ապա այն (WՀկշ) ենթակա է դեբետագրման` հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար:
Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա համար, երբ հաշվեկշռային հաշվարկի արդյունքում WՀկշ-ն ունի բացասական նշան, այն զրոյացվում է (դուրս է գրվում):
5. Վճարման կարգը
5.1 Սույն կարգի 4.5 կետի ա) ենթակետի համաձայն հաշվարկված էլեկտրաէներգիայի դիմաց Ինքնավար արտադրողը վճարում է Հանձնաժողովի կողմից Բաշխողի համար սահմանված սակագնով: Վճարման կարգը սահմանվում է Պայմանագրով: