ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 հուլիսի 2007 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ՄԵՂՐԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՎՐԱ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի մարտի 19-ին Մեղրիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի մարտի 19-ին` Մեղրիում: Համաձայնագրի նպատակն է արդյունավետ օգտագործել Մեղրի և Ղարաչիլար վայրերում Արաքս գետի հիդրոներուժը:
Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսվում է Մեղրիի և Ղարաչիլարի հիդրոէլեկտրակայանների կառուցումն սկսել 2007 թվականին և ավարտել վեց տարվա ընթացքում: Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվում է համատեղ ուսումնասիրության և շինարարական գոտում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանային երթևեկությունը դյուրացնելու նպատակով առանձին կանոնակարգի ստորագրում երկու ամսվա ընթացքում, որով սահմանվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանով երկու երկրների քաղաքացիների երթևեկության, ինչպես նաև համատեղ ուսումնասիրության և շինարարական գոտու տարածք շինանյութի և սարքավորումների ներմուծման ձևերը:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ՀՀ համապատասխան կազմակերպությունների միջոցով համագործակցել Իրանական կողմի հետ Արաքս գետի վրա (Մեղրի և Ղարաչիլար) հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման բնագավառում,
- ամրագրել Արաքս գետի հիդրոէներգետիկ ներուժն օգտագործելու` երկու պետությունների իրավունքը միջազգային պայմանագրերի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություններում և անհրաժեշտության դեպքում պաշտպանել այդ իրավունքը,
- ֆինանսավորել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի նախագծումը, կառուցումը և սարքավորումներով ապահովումը,
- ինքնուրույն կատարել Հայկական կողմի ընթացիկ աշխատանքները, այդ թվում` շինությունների, սարքավորումների, ամբարտակների և հիդրոկայանների շահագործման, պահպանման և վերանորոգման աշխատանքները, և խուսափել ցանկացած քայլից, որը կվնասի էլեկտրակայաններին և դրանց բնականոն գործունեությանը,
- փոխգործակցել Իրանական կողմի համապատասխան ներկայացուցիչների` ՀՀ տարածք անարգել մուտքն ու ելքն ապահովելու հարցում` այն դեպքերում, երբ Իրանական կողմի համար անհրաժեշտություն կառաջանա ստուգելու կամ վերանորոգելու ՀՀ տարածքում գտնվող իր շինությունները,
- հոգալ ՀՀ-ին պատկանող շինությունների վերանորոգման, պահպանման և շահագործման հետ կապված բոլոր ծախսերը,
- էլեկտրակայանների կառուցումը դյուրացնելու նպատակով օգտագործել ՀՀ ֆինանսական, տեխնիկական, ճարտարագիտական և շինարարական ներուժը, ինչպես նաև շինանյութերի ու սարքավորումների ձեռքբերման հարցում ՀՀ կարողությունները` ՀՀ-ում գործող կանոնների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև փոխադարձ պայմանավորվածության համաձայն:
3. Կողմերը վերոհիշյալ համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման ընթացքում ծագած տարաձայնությունները կլուծեն խորհրդակցությունների և դիվանագիտական բանակցությունների միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|