Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1740-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 183-րդ հոդվածի 3-րդ մասին, 184-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության առանձնահատկությունները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1740-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարային տրանսպորտով, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկությունները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 104-րդ հոդվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետին, 290-րդ, 291-րդ հոդվածներին, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 87-րդ հոդվածին և 37-րդ գլխին համապատասխան։
2. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները, օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տարածվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող՝ խողովակաշարային տրանսպորտով փոխադրվող բոլոր ապրանքների և էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) նկատմամբ։
3. Ապրանքների հայտարարագրումը կարող է իրականացվել օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված՝ ժամանակավոր հայտարարագրման եղանակով՝ սույն հավելվածով նախատեսված դրույթների հաշվառմամբ։
4. Օրենքի 87-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքում՝ ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների արտահանման դեպքում գերազանցող քանակության համար ներկայացվում է առանձին ժամանակավոր հայտարարագիր, որի հետագա ճշգրտումները կատարվում են օրենքի նույն հոդվածով նախատեսված կարգով։
5. Ժամանակավոր հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները կիրառվում են ժամանակավոր հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ։
6. Մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագրի շրջանակում թույլատրվում է հայտարարագրել մեկից ավելի գործարքների շրջանակներում կատարվող առաքումները, եթե ներմուծվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունում գործարքի կողմը նույն անձն է, միևնույն մաքսային ընթացակարգի շրջանակներում՝ անկախ մատակարարման, գնագոյացման և վճարման պայմանների հետ կապված գործարքների տարբերությունից:
7. Ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների համար ճշգրտված տվյալները ենթակա են հայտարարագրման՝ լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման միջոցով։
8. Լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացվում են մինչև ապրանքների մատակարարման պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը, բայց ոչ ավելի, քան ապրանքների համար ներկայացված ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հետո 2 օրացուցային ամիսը։
9. Ապրանքների ներմուծման դեպքում ժամանակավոր մաքսային հայտարարագրում կարող են չլրացվել ապրանքների քանակի, արժեքային և որակական հատկություններով պայմանավորված ճշգրիտ տեղեկություններ, որոնք ենթակա են լրացման տվյալ հայտարարագրում՝ պայմանական մեծություններով՝ հիմք ընդունելով ներմուծման ենթակա ապրանքների քանակը, դրանց սպառողական հատկությունները, որակը և մատակարարման գործարքի շրջանակում նախատեսված այլ պայմաններ՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ:
10. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր հայտարարագրում ապրանքների մատակարարի վերաբերյալ տեղեկությունները կարող են չլրացվել, եթե ժամանակավոր հայտարարագրով հայտարարագրվել են մեկից ավելի գործարքների շրջանակներում իրականացվող առաքումները, որոնք առաքվում են տարբեր մատակարարներից։
11. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող դրույքաչափերը և տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արժույթի փոխարժեքը:
12. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում գերազանցող մասի համար ներկայացվում է առանձին ժամանակավոր հայտարարագիր՝ սույն հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան հետագա ճշգրտման պայմանով:
13. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված ժամկետներում ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների համար լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի համար առանձին:
14. Լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման՝ սույն հավելվածով սահմանված ժամկետները խախտելու կամ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:
15. Լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր հայտարարագրով հաշվարկված և ավել վճարված՝ մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վերադարձը կատարվում է օրենքով սահմանված կարգով, իսկ պակաս հաշվարկված և վճարված գումարների գանձումն իրականացվում է լրիվ մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման շրջանակում՝ օրենսգրքով սահմանված կարգով։
16. Եթե մինչև լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման համար սույն հավելվածով սահմանված ժամկետի ավարտը ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն ներմուծվում Հայաստանի Հանրապետության տարածք, ապա ժամանակավոր մաքսային հայտարարագիրը հետ է կանչվում օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:
17. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված՝ արտահանվող ապրանքների ժամանակավոր հայտարարագրման շրջանակում, եթե ապրանքների փաստացի ներմուծում կամ արտահանում տեղի չի ունեցել, ապա մինչև լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման համար օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կամ սույն հավելվածով սահմանված ժամկետի ավարտը հայտարարատուն էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով ծանուցում է մաքսային մարմնին։
18. Եթե ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ, օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված՝ արտահանվող ապրանքների համար նախատեսված տեղեկություններից կամ ներմուծվող ապրանքների համար սույն հավելվածով նախատեսված տեղեկություններից բացի հայտարարատուն չի տիրապետում նաև այլ տեղեկությունների, ապա հայտարարատուի կողմից հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը թույլատրում է այդպիսի տեղեկությունների լրացումը հետագայում՝ լրիվ մաքսային հայտարարագրում։
19. Օրենքի 184-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի արտապլանային (տեխնոլոգիական) սալդո-փոխհոսքերի մաքսային հայտարարագրման նպատակով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի հայտարարագրման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկը սահմանվում է էներգետիկայի բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր պետական կառավարման մարմնի կողմից։
20. Հայաստանի Հանրապետության սահմանով ժամանակավոր հայտարարագրման շրջանակներում փաստացի տեղափոխված ապրանքների ծավալների ճշգրտման համար հիմք են հանդիսանում ինչպես յուրաքանչյուր հաղորդակցման ուղու վրա տեղադրված՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից ներս ընկած առաջին հաշվիչի տվյալները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս ընկած առաջին հաշվիչի տվյալները։
21. Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող բնական գազի հայտարարագրման համար հիմք են հանդիսանում Նորդուզի հաշվառման հանգույցում տեղադրված առևտրային հաշվիչի տվյալները: Բնական գազի մատակարարման պայմանագրի հայկական կողմը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից Նորդուզի հաշվառման հանգույցում մաքսային մարմինների կողմից համապատասխան գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները:
22. Վրաստանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետություն փոխադրվող բնական գազի հայտարարագրման համար հիմք են հանդիսանում Վրաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ «Կարմիր կամուրջ» չափիչ կայանում տեղադրված առևտրային հաշվիչ սարքի տվյալները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: