ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1061-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`
«1.1. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում՝
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.»,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 16-21-րդ կետերով`
«16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)
17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)
18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)
19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)
20. Ցրված սկլերոզ (դեղեր)
21. Անհաս նորածինների դեղեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: