Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.01.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
31.01.2018
Дата вступления в силу
31.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/9361/05/16 

Վարչական գործ թիվ ՎԴ/9361/05/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունվարի 31-ին

քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Վահե Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ծառայության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Վահե Գրիգորյանից բռնագանձել 600.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 22.12.2016 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Վահե Գրիգորյանից 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.12.2016 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անբողոքարկելի վարչական ակտով առաջադրված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած մասը պետք է դիտարկվեն ամբողջականության մեջ՝ որպես մեկ հանրային իրավական դրամական պահանջ:  Ընդ որում, օրենսդիրը տուգանքի չափի ավելացումը սահմանել է որպես ինքնաբերաբար տեղի ունեցող իրադարձություն, այսինքն` տուգանքի չափի ավելացման կապակցությամբ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտություն առկա չէ: Հետևաբար սույն գործով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջը՝ 600.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է հարկադիր կատարման դատական կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված պայմանի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. հանրային իրավական դրամական պահանջի հիմքում ընկած անբողոքարկելի վարչական ակտով ֆիզիկական անձի նկատմամբ նշանակված տուգանքի գումարի նկատմամբ իրավունքի ուժով ինքնաբերաբար ավելացած և որևէ վարչական ակտով չամրագրված մասի հարկադիր կատարումը կարող է արդյո՞ք տեղի ունենալ դատական եղանակով, եթե վարչական ակտով ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա գումարի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...): 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով՝ այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով: Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն նույն օրենսգրքի 123-րդ, 123.1-րդ, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (...), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի ծառայողները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «հանրային իրավական» է կոչվում պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու այն պահանջը, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)   այդ դրամական գումարները վճարելու կարգը սահմանված է օրենքով,

2)   այդ դրամական գումարները վճարելը պարտադիր է,

3)   այդ դրամական գումարները վճարելու պարտադիրությունը ծագում է և հաստատվում է վարչական ակտի հիման վրա:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորել է  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավական նորմերի միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման առանձնահատկությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով 19.06.2017 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդհանուր առմամբ, հանգում են հետևյալին.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գոյություն ունեն հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման երկու տարբեր եղանակներ՝ դատական և արտադատական: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը նախատեսված է որպես ընդհանուր կանոն, իսկ դատական կարգով կատարման եղանակը՝ որպես բացառություն ընդհանուր կանոնից:

Այդ ընդհանուր կանոնը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անմիջականորեն այդ պահանջի պարտադիրությունը հաստատող անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակում. այդ սահմանափակումները, իրենց հերթին, հանդիսանում են այն պայմանները, որոնց առկայությունն անհրաժեշտ է հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար: Վերոնշյալ պայմանները (սահմանափակումները) նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում և հանգում են հետևյալին.

ա) անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ) ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ) իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսպիսով, նշված իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը կանխորոշում է հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման եղանակը. այդ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը չի գործում, և գործում է հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը:

Օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ ամրագրելով, որ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվում են այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: Հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը վարչական դատավարությունում քննվում են հատուկ վարույթի կարգով, որի առանձահատկությունները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-ին գլխում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոգրյալ գլխում ամրագրված իրավանորմերը նույն օրենսգրքի համակարգում վերլուծության ենթարկելու արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Հետևաբար անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը վարչական դատարանում հարուցվում է անբողոքարկելի վարչական ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա, որը պետք է ներառի տեղեկություններ հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին: Այդ սահմանափակումների առկայությունը հիմք է հանդիսանում հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական գործի հարուցման, այսինքն՝ հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու համար: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դատավարական հետևանքը հանգում է ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելուն, այլ նույն օրենսգրքի 216.3-րդ հոդվածի հիմքով հայցադիմումը վերադարձնելուն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ անբողոքարկելի վարչական ակտով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման հայցով դատարան դիմած վարչական մարմնի հայցադիմումով պահանջվող դրամական գումարի չափը չի համապատասխանում այդ անբողոքարկելի վարչական ակտով վճարման ենթակա գումարի չափին: Որոշ դեպքերում այդ իրավիճակն առաջանում է օրենսդրական կարգավորումների արդյունքում: Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ օրենսդիրը սահմանել էր, որ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսով: Այդպիսի վարչական իրավախախտումներից են, inter alia, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ, 124.1-րդ, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 126-րդ հոդվածներով նախատեսված և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին ոտնձգող զանցանքները, որոնց վերաբերյալ գործերի քննության և լուծման լիազորությունը վերապահված է ճանապարհային ոստիկանությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը 13.11.2012 թվականի թիվ ՍԴՈ-1056 որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածով նախատեսված այն իրավակարգավորման սահմանադրականության հարցին, որի համաձայն՝ որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում կամ հնգապատկվում է: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման համար նշանակված տուգանքն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելը չի հանդիսանում վարչական իրավախախտում, հետևաբար տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման դեպքում բացառվում է վարչական վարույթի հարուցումը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Տուգանքի չափի եռապատկումը և հնգապատկումը չի հանդիսանում վարչական տույժի տեսակ և վարչական պատասխանատվության միջոց, այլ կոչված է կանխարգելելու օրենքով սահմանված կարգով նշանակված վարչական տույժերը սահմանված ժամկետում չվճարելու հնարավոր դեպքերը և ուղղված է կանխելու նոր իրավախախտումների կատարումը, բարձրացնելու իրավախախտում կատարած անձանց կարգապահությունը` պետության առջև ունեցած պարտավորությունների բարեխիղճ կատարման գործում: Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել այն պնդումները, համաձայն որոնց` տուգանքի չափի եռապատկման և հնգապատկման յուրաքանչյուր դեպքը պետք է դիտել որպես նոր պատժամիջոց, և յուրաքանչյուր դեպքում պետք է վարչական վարույթի շրջանակներում ընդունվի վարչական ակտ` որոշում:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված կանոնների մեկնաբանման հարցում: Նշված դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն իրողությունը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը և 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությունների միջև էական տարբերություններ առկա չեն: Այսպես, եթե որոշակի վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսվում էր տուգանքի չափի եռապատկման կամ հնգապատկման հնարավորություն, ապա նշված հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ այդ նույն դեպքի համար նախատեսվում էր տուգանքի չափի (դրա չվճարված մասի)՝ 25 կամ 50 տոկոսով ավելացման հնարավորություն: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ թե՛ մինչև 26.07.2014 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի բազմապատկումը, թե՛ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված տուգանքի չափի՝ որոշակի տոկոսով ավելացումը կատարվում էին օրենքի ուժով՝ առանց հատուկ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության:

Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը, հիմնավոր է համարել այն մոտեցումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում օրենքով նախատեսված զանցանքների համար նշանակված տուգանքի չափի ավելացումը կատարվում է ինքնաբերաբար, իրավունքի ուժով. տուգանքի չափի այդպիսի ավելացումը չի հաստատվում տվյալ զանցանքի համար անձին ի սկզբանե վարչական պատասխանատվության ենթարկած իրավասու վարչական մարմնի կողմից ընդունված առանձին վարչական ակտով:

Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը հանգում է հետևյալին.

-       անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ վարչական ակտով նշանակվում է տուգանք,

-       տուգանքը որոշակի ժամկետում չվճարելու դեպքում դրա փաստացի չվճարված մասն ավելանում է 25 կամ 50 տոկոսով (տոկոսային տարբերությունը պայմանավորված է տուգանքը չվճարելու ժամկետով),

-       տուգանքի փաստացի չվճարված մասի ավելացումը կատարվում է օրենքի ուժով՝ առանց որևէ վարչական ակտ ընդունելու անհրաժեշտության,

-       անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտը բովանդակում է միայն վարչական մարմնի կողմից ի սկզբանե նշանակված տուգանքի չափը,

-       տուգանքի փաստացի չվճարված մասի՝ 25 կամ 50 տոկոս ավելացման փաստը, ինչպես նաև ավելացված գումարի չափը չի հաստատվում որևէ վարչական ակտով (տե'ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2017 թվականի որոշումը):

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել այն իրավիճակը, երբ վարչական մարմինը հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարի բռնագանձման հայցով դիմում է դատարան՝ այդ պահանջի հիմքում ունենալով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին անբողոքարկելի վարչական ակտ, որով առաջադրված տուգանքի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական մարմինը պահանջում է ֆիզիկական անձից բռնագանձել ոչ միայն բուն վարչական ակտով առաջադրված 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարը, այլ նաև այդ գումարի՝ իրավունքի ուժով ավելացած մասը: Տվյալ դեպքում էական նշանակություն է ստանում այն հարցը, թե կարող է արդյոք հանրային իրավական դրամական այդ պահանջն ամբողջությամբ (և՛ բուն վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարը, և՛ դրա՝ իրավունքի ուժով ավելացած մասը) բռնագանձվել դատական կարգով, թե՝ ոչ:

Նշված հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը ելակետ է ընդունում իր կողմից ձևավորված այն իրավական դիրքորոշումը, որ հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման համար հիմք է հանդիսանում տվյալ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված որևէ սահմանափակման առկայությունը: Մասնավորապես` անդրադառնալով հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված պայմանի բովանդակության բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավական նորմը պետք է մեկնաբանվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնով, այսինքն՝ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ առանց փոփոխելու դրանց իմաստը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» կետով սահմանված իրավանորմի բովանդակությունն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվի հետևյալ կերպ. անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական անձին ուղղված դրամական պահանջի հարկադիր կատարումը տեղի է ունենում դատական կարգով, եթե տվյալ վարչական ակտով ֆիզիկական անձից գանձման ենթակա գումարը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի բռնագանձմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում դատական եղանակով հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը ներառում է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի բուն գումարը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարը: Փաստորեն, ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական եղանակով հարկադիր կատարման դեպքում ֆիզիկական անձից բռնագանձման ենթակա է ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը, որը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, այլ նաև այդ տուգանքի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով ավելացած մասը, որոնք միասին դիտարկվում են որպես անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա առաջադրված մեկ ամբողջական հանրային իրավական դրամական պահանջ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահե Գրիգորյանը Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով և Վահե Գրիգորյանը նշված վարչական ակտի մասին փոստային առաքմամբ իրազեկվել է 25.03.2016 թվականին (գ.թ. 3­, 4): Ծառայությունը 15.12.2016 թվականին դիմել է դատարան՝ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Վահե Գրիգորյանից 600.000 ՀՀ դրամ բռնագանձման հայցով: Ծառայության հայցադիմումով պահանջվող գումարը ներառում է Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշմամբ Վահե Գրիգորյանի նկատմամբ նշանակված տուգանքը (400.000 ՀՀ դրամ), ինչպես նաև այդ տուգանքի 50 տոկոսը (200.000 ՀՀ դրամ), որն ավելացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով (գ.թ. 2):

Դատարանը 22.12.2016 թվականի որոշմամբ մասնակիորեն` 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել է Ծառայության հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով տուգանքի գումարի 50 տոկոսի չափով ավելանալու և գանձման ենթակա լինելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտ (200.000 ՀՀ դրամի մասով) Ծառայության կողմից չի ներկայացվել: Հետևաբար Ծառայության հայցը՝ Վահե Գրիգորյանից 200.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, ենթակա չէ դատարանում քննության (գ.թ. 12-14):

Վերաքննիչ դատարանը 28.02.2017 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի 22.12.2016 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է ուժի մեջ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի արտահայտած դիրքորոշումը (գ.թ. 33-39):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ծառայությունը դիմել է դատարան անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Վահե Գրիգորյանից 600.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցով: Հայցի հիմքում վարչական մարմինը դրել է Վահե Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ, որպես վարչական պատասխանատվության միջոց, տուգանք նշանակելու մասին Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշումը, որով առաջադրված տուգանքի չափը կազմում է 400.000 ՀՀ դրամ, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով տուգանքի չափն ինքնաբերաբար ավելանալու պայմաններում վարչական ակտով առաջադրված տուգանքի ու դրա ավելացած մասի հանրագումարը կազմում է 600.000 ՀՀ դրամ: Փաստորեն, տվյալ դեպքում ֆիզիկական անձին՝ Վահե Գրիգորյանին, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտով՝ Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշմամբ, նշանակված տուգանքի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ուստի նշված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի է ունենա դատական կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ոչ իրավաչափորեն են հանգել այն եզրակացության, որ սույն գործով ներկայացված հայցը՝ Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773 որոշմամբ չնախատեսված և այլ վարչական ակտով չամրագրված 200.000 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջի մասով, ենթակա չէ դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը ենթակա են դատարանի քննությանը և ընդդատյա են վարչական դատարանին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշման վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի դատական եղանակով հարկադիր կատարումը պետք է ուղղված լինի ոչ միայն անբողոքարկելի վարչական ակտով նշանակված և 200.000 ՀՀ դրամը գերազանցող տուգանքի գումարի, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարի՝ 200.000 ՀՀ դրամի բռնագանձմանը: Այսինքն՝ տվյալ դեպքում դատական եղանակով հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը ներառում է ոչ միայն Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշմամբ նշանակված տուգանքի բուն գումարը՝ 400.000 ՀՀ դրամը, այլ նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով այդ տուգանքին ավելացած գումարը՝ 200.000 ՀՀ դրամը: Հետևաբար Դատարանը չէր կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով մասնակիորեն՝ 200.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, մերժել Ծառայության հայցադիմումի ընդունումը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով Ծառայության կողմից ներկայացված հայցադիմումը պետք է ընդունվեր Դատարանի վարույթ ամբողջությամբ՝ նաև Ծառայության 24.03.2016 թվականի թիվ ԱԹ 704773  որոշմամբ չնախատեսված և որևէ այլ վարչական ակտով չամրագրված, սակայն իրավունքի ուժով տուգանքի ավելացած մասի՝ 200.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով: Հետևաբար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի՝ իրավունքի ուժով ավելացած մասի (200.000 ՀՀ դրամ) բռնագանձման պահանջի մասով մերժելով Ծառայության հայցադիմումի ընդունումը` Դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 22.12.2016 թվականի «Հայցադիմումը մասով վարույթ ընդունելու և մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան