ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2019 թվականի N 391-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և 33-րդ հոդվածի 3-րդ կետի՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին» N 439-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. Համապատասխան մարմնում առավելագույնը մեկ տարի ժամկետով գրանցված փորձնակը փոխադարձ համաձայնության դեպքում կարող է չներկայանալ համապատասխան մարմին և չմասնակցել աշխատանքներին՝ քսանչորս աշխատանքային օր, իսկ մեկ տարվանից պակաս գրանցվելու դեպքում՝ գրանցված ամիսների համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օր: Ընդ որում, սույն կետում նշված բացակայության ժամանակահատվածը ևս հաշվարկվում է փորձնակի հանրային ծառայության ստաժում: Սույն կետում նշված բացակայության մասին համաձայնություն ստանալու համար փորձնակը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որի համաձայնության դեպքում զեկուցագիրը ներկայացվում է պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը համաձայնության կամ առարկության դեպքում համապատասխան հանձնարարական է տալիս անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:».
2) 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-34.3-րդ կետերով.
«34.1. Համակարգողը փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է գնահատման արդյունքներն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով՝ համապատասխան մարմնի տնտեսված միջոցների հաշվին:
34.2. Փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝
ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,
որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը՝ փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձնակի կողմից համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա:
34.3. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին։ Փորձնակի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցն ընդունվում է 0.75 միավոր:
Աղյուսակ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 26 Երևան |