ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 հունվարի 2020 թ. |
2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՉՈԼՊՈՆ-ԱԹԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՏԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով սույն համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպան-Աթայում: Համաձայնագրի նպատակն է նպաստել կողմերի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը, ԵԱՏՄ շրջանակներում հարկային բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը և ստեղծել իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար:
Համաձայնագրով Պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը (հոդված 10, 11, 12):
2. Ըստ Համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) ստանձնում է, մասնավորապես, հետևյալ հիմնական պարտավորությունները.
- կազմակերպության, ընկերակցության կամ այլ անձի եկամուտները, որոնք, Համաձայնագրի կողմերից յուրաքանչյուրի հարկային օրենսդրության համաձայն, ամբողջությամբ կամ մասամբ համարվում են հարկման առումով թափանցիկ, համարել այդ Պետության ռեզիդենտի եկամուտ, սակայն միայն այն չափով, որքանով եկամուտը տվյալ Պետությունում հարկվելու նպատակով համարվում է այդ Պետության ռեզիդենտի եկամուտ (հոդված 1, կետ 2),
- Համաձայնագիրը ՀՀ-ում տարածել շահութահարկի և եկամտային հարկի վրա և ապահովել, որ Համաձայնագիրը կիրառվի նաև ցանկացած՝ նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, ինչպես նաև ղրղզական կողմին ծանուցել հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (հոդված 2, կետեր 3, 4),
- եթե ՀՀ ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է Ղրղզստանի Հանրապետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա այդ ձեռնարկության շահույթը հարկել միայն այն չափով, որը վերագրելի չէ այդ մշտական հաստատությանը (հոդված 7, կետ 1),
- ապահովել, որ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չհանդիսանա այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար (հոդված 7, կետ 6),
- չհարկել Ղրղզստանի Հանրապետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը, ինչպես նաև նավերի, օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմամբ զբաղվող միավորումից, համատեղ ձեռնարկությունից կամ միջազգային կազմակերպություններից ստացված շահույթը (հոդված 8),
- հարկերից ազատել ՀՀ-ում առաջացող և Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային (կենտրոնական) բանկին վճարվող տոկոսները (հոդված 11, կետ 3),
- չհարկել Ղրղզստանի Հանրապետության ձեռնարկությանը պատկանող՝ ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող, ինչպես նաև նման ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների, կամ այդպիսի նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող՝ շարժական գույքի օտարումից ստացված եկամուտը (հոդված 13, կետեր 2, 3),
- ապահովել, որ ՀՀ ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, վճարները և համանման այլ վարձատրությունները հարկվեն միայն ՀՀ-ում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում Ղրղզստանի Հանրապետությունում (hոդված 14, կետ 1),
- ՀՀ ռեզիդենտի կողմից Ղրղզստանի Հանրապետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը հարկել ՀՀ-ում, եթե.
ա) ստացողը ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով, և
բ) վարձատրությունը վճարվում է Ղրղզստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրություն չի կատարվում գործատուի՝ Ղրղզստանի Հանրապետությունում ունեցած մշտական հաստատության կողմից (hոդված 14, կետ 2),
- չհարկել Ղրղզստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ուսանողին կամ ստաժորին, որը գտնվում է ՀՀ-ում՝ բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով (հոդված 19),
- բացառել կրկնակի հարկումը և այն դեպքում, երբ ՀՀ ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Ղրղզստանի Հանրապետությունում, թույլ տալ այդ ռեզիդենտի եկամտից գանձվող հարկից հանել Ղրղզստանի Հանրապետությունում եկամտից վճարված հարկի գումարին համարժեք գումար, ինչպես նաև ապահովել, որ այդպիսի նվազեցումներն ամեն դեպքում չգերազանցեն մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը կարող է հարկվել Ղրղզստանի Հանրապետությունում` կախված հանգամանքներից (հոդված 21, կետ 1),
- բացառել խտրականությունը և Ղրղզստանի Հանրապետության ազգային անձանց և ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ-ում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որոնց ենթակա են ՀՀ ազգային անձինք՝ նույն պայմանների դեպքում (հոդված 22, կետ 1, 2),
- երաշխավորել, որ Ղրղզստանի Հանրապետության ձեռնարկության մշտական հաստատության հարկումը ՀՀ-ում չլինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող ՀՀ ձեռնարկության հարկումը (հոդված 22),
- Ղրղզստանի Հանրապետության իրավասու մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, մասնավորապես, փոխանակել այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Համաձայնագրով նախատեսված հարկերի վերաբերյալ ներպետական օրենքների կիրառման համար (հոդված 24):
3. Համաձայնագիրն ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգային պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպան-Աթայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` |
Հ. Թովմասյան |
21 հունվարի 2020 թվականի ՍԴՈ-1501 |