ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2020 թվականի N 554-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վճարահաշվարկային կազմակերպություններ, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.
2) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
3) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 356-Լ որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որը՝
1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
2) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`
1) հիմնական գործունեություն է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում՝
ա. մշակող արդյունաբերություն,
բ. կացության և հանրային սննդի կազմակերպում,
գ. փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
դ. զբոսաշրջային ծառայություններ,
ե. սպասարկման այլ ծառայություններ,
զ. առողջապահություն.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.
3) 2019 թվականի շրջանառությունը կազմել է առնվազն 24 մլն դրամ, սակայն չի գերազանցել 500 մլն դրամը.
4) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը.
5) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
6) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն:».
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Oժանդակության գործիքները կիրառվում են առանց դրանց համար վարկային միջոցների տրամադրման վճարների գանձման՝ բացառությամբ այն դեպքի, եթե տնտեսավարողը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պահանջին: Այդ դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի
31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 14 Երևան |