ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 199-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման գործընթացը,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի ««Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգում» 5.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.6-րդ և 5.7-րդ կետերով.
«5.6. Հաշվետվության աղյուսակ 4-ում բանկի և (կամ) Կենտրոնական բանկի կողմից անճշտությունների հայտնաբերման դեպքում, բանկերը կարող են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 15-րդ աշխատանքային օրը հաշվետվության ուղղված տարբերակը ներկայացնել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ ուղղված տեղեկատվությունը տրամադրում է բանկերին մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը: Սույն կետում նշված ժամկետում բանկերի կողմից ուղղված հաշվետվությունը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում, հաշվետվության աղյուսակ 4-ը ենթակա չէ փոփոխման և հիմք է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին պարբերական երաշխիքային վճարները իրականացնելիս:
5.7. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի կողմից միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո բանկը և (կամ) Կենտրոնական բանկը բացահայտում է, որ հաշվետվության աղյուսակ 4-ում լրացված առավելագույն տոկոսադրույքները ճշգրիտ չեն, որի հետևանքով բանկը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին իրականացրել է ավելի քիչ երաշխիքային վճարներ, ապա պարբերական երաշխիքային վճարների հերթական վճարման ժամանակ բանկը պարտավոր է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին վճարել տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարբերական երաշխիքային վճարի և փաստացի իրականացված պարբերական երաշխիքային վճարի տարբերության չափով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. դեկտեմբերի 25 ք. Երևան |