Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-361-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ)։»:

 

Հոդված 2. Օրենքի 24.2-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների և մոպեդների վարորդների կողմից հեծանիվը կամ մոպեդը վարել առանց այդ տրանսպորտային միջոցի համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով։»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 24.4.

Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները

 

1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4) երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։

2. Երթևեկելի մասում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

3. Մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 25 կմ/ժ-ը։

5. Հետիոտների և անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։

6. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժը, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը և այն օգտագործել հետիոտների երթևեկության արագությունը չգերազանցող արագությամբ։

7. Արգելվում է՝

1) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ).

2) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթևեկելի մասի վրա և հեծանվորդների համար գոտիով.

3) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը 18 տարին չլրացած անձանց օգտագործման հանձնելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, երբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը սահմանված վայրում վարելու նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հանձնողը.

4) ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու.

5) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով.

6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին.

7) օդերևութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերևույթով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթևեկության համար թույլատրված վայրերում շահագործումը.

8) ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով.

9) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաև անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը.

10) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու արգելած վայրերում.

11) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել թունելներում։

8. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունները (անձինք) պարտավոր են բացառել բնակավայրի սահմաններում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ կամ համայնքի ավագանու արգելած վայրերում դրանց վարելու հնարավորությունը։

9. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից՝ շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում։

10. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանում է համայնքի ավագանին։»:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 24.4-րդ հոդվածի 9-րդ մասի։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 24.4-րդ հոդվածի 9-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-361-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան