ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2024 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐՈՎ ԱՌԱՔՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն առաքման միջազգային փոստային առաքանիներով:
2. Սահմանել, որ սույն որոշումը չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) այն ապրանքների նկատմամբ, որոնք փոխադրվում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով՝
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի տարածքի և Միության մաքսային տարածքի մյուս մասի միջև։
Հայաստանի Հանրապետության տարածքի և Միության մաքսային տարածքի մյուս մասի միջև։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Միջազգային փոստային առաքանիներով ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների մասին» թիվ 338 որոշումը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 7-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 338 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 67 որոշումը։
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշումներում կատարվող փոփոխությունների 3-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշում)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 28-ի թիվ 62 որոշմամբ |
ՑԱՆԿ
միջազգային փոստային առաքանիներով առաքման ոչ ենթակա ապրանքների
1. Ալկոհոլային արտադրանք1 և գարեջուր (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00 - 2206 00 ապրանքային դիրքեր, 2208 20 120 0 - 2208 90 780 ստորաենթադիրքեր)՝ բացառությամբ մեկ միջազգային փոստային առաքանիով առաքվող՝ ներառյալ մինչև 5 լիտր քանակությամբ ալկոհոլային արտադրանքի և գարեջրի՝
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից դրանք արտահանելիս (առաքողներ հանդիսացող՝ Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական անձանց կամ ֆիզիկական անձանց մոտ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, անհատ ձեռնարկատերեր), այդ արտադրանքի (ապրանքների) արտադրության և (կամ) շրջանառության թույլատրագրերի առկայության դեպքում (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը նախատեսված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը))
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հետազոտություններ կամ փորձարկումներ իրականացնելու համար (դրանց ուղարկողը կամ ստացողը հանդիսացող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերի մոտ այդպիսի արտադրանքի (ապրանքների) արտադրության և (կամ) շրջանառության (այդ թվում՝ ներմուծման ու արտահանման) թույլատրագրերի (այն դեպքում, երբ այդպիսի փաստաթղթերը նախատեսված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը), սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ սերտիֆիկացման այդ հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրության առկայության դեպքում, որոնք հաստատում են այդ նպատակների համար այդպիսի արտադրանքի (ապրանքների) անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը)).
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հասցեագրված սերտիֆիկացման հավատարմագրված մարմնին (հավատարմագրված փորձարկման լաբորատորիային (կենտրոնին))՝ միջազգային ստանդարտներին համապատասխան չափումներ կատարելու, հետազոտություններ, փորձարկումներ կամ թեստավորումներ իրականացնելու համար (այդ նպատակների համար այդպիսի արտադրանքի (ապրանքների) անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը) հաստատող՝ սերտիֆիկացման այդ հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրության առկայության դեպքում)
ֆիզիկական անձին հասցեագրված՝ Միության մաքսային տարածք ներմուծելիս կամ ֆիզիկական անձից՝ Միության մաքսային տարածքից արտահանելիս2.
միջազգային փոստային առաքանիով ավելի վաղ արտահանված (ներմուծված) և հասցեատիրոջը չհանձնված ապրանքները հետադարձ ներմուծելիս (արտահանելիս) սույն կետում նշված ուղարկողներին վերադարձվելու դեպքում։
2. Էթիլային սպիրտ (ապրանքային դիրք 2207, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2208 90 910 0 և 2208 90 990 0 ստորաենթադիրքեր)՝ բացառությամբ մեկ միջազգային փոստային առաքանիով առաքվող՝ ներառյալ մինչև 5 լիտր քանակությամբ էթիլային սպիրտի`
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հետազոտություններ և փորձարկումներ իրականացնելու համար (դրա ուղարկողը կամ ստացողը հանդիսացող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերի մոտ այդ էթիլային սպիրտի արտադրության և (կամ) շրջանառության (այդ թվում՝ ներմուծման ու արտահանման) թույլատրագրերի (այն դեպքում, երբ այդպիսի փաստաթղթերը նախատեսված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը), սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ սերտիֆիկացման այդ հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրության առկայության դեպքում, որոնք հաստատում են այդ նպատակների համար էթիլային սպիրտի անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը)).
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հասցեագրված հավատարմագրված սերտիֆիկացման մարմնին (հավատարմագրված փորձարկման լաբորատորիային (կենտրոնին))՝ միջազգային ստանդարտներին համապատասխան չափումներ կատարելու, հետազոտություններ, փորձարկումներ կամ թեստավորումներ իրականացնելու համար (այդ նպատակների համար անհրաժեշտ էթիլային սպիրտի քանակը (քաշը և ծավալը) հաստատող այդպիսի հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) գրության առկայության դեպքում).
ֆիզիկական անձին հասցեագրված՝ Միության մաքսային տարածք ներմուծելիս կամ ֆիզիկական անձից՝ Միության մաքսային տարածքից արտահանելիս2.
միջազգային փոստային առաքանիով ավելի վաղ արտահանված (ներմուծված) և հասցեատիրոջը չհանձնված էթիլային սպիրտը հետադարձ ներմուծելիս (արտահանելիս) սույն կետում նշված ուղարկողներին վերադարձվելու դեպքում։
3. Ծխախոտային արտադրատեսակներ, ծխելու խառնուրդներ, ծխելու անծխախոտ արտադրատեսակներ և նիկոտին պարունակող այլ արտադրանք, այդ թվում՝ հեղուկներ՝ նիկոտինի առաքման համակարգերում օգտագործելու համար, և լցանյութեր՝ նիկոտինի առաքման համակարգերի համար, այդ թվում՝ նիկոտին չպարունակողները (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2402-2404 ապրանքային դիրքեր), բացառությամբ՝
ա) մեկ միջազգային փոստային առաքանիով առաքվող՝ մինչև 1 000 հատ սիգարետների կամ մինչև 200 հատ սիգարների կամ մինչև 1 000 գրամ ծխախոտի, կամ հավաքածուի ձևով՝ մինչև 1 000 գրամ ընդհանուր քաշով նշված արտադրատեսակների, կամ նիկոտին պարունակող այլ արտադրանքի, այդ թվում՝ նիկոտինի առաքման համակարգերում օգտագործման համար հեղուկների և նիկոտինի առաքման համակարգերի համար լցանյութերի, այդ թվում՝ նիկոտին չպարունակողների, որոնց արժեքը չի գերազանցում 500 եվրոն՝
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հետազոտություններ կամ փորձարկումներ իրականացնելու համար (դրանց ուղարկողը կամ ստացողը հանդիսացող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերի մոտ այդ արտադրանքի (ապրանքների) արտադրության և (կամ) շրջանառության (այդ թվում՝ ներմուծման և արտահանման) թույլատրագրերի (այն դեպքում, երբ այդպիսի փաստաթղթերը նախատեսված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում գրանցված է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը), սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ սերտիֆիկացման այդ հավատարմագրված մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրության առկայության դեպքում, որոնք հաստատում են այդ նպատակների համար այդպիսի արտադրանքի (ապրանքների) անհրաժեշտ քանակը, ծավալը և (կամ) քաշը).
որպես փորձանմուշներ և նմուշներ՝ հասցեագրված հավատարմագրված սերտիֆիկացման մարմնին (հավատարմագրված փորձարկման լաբորատորիային (կենտրոնին))՝ միջազգային ստանդարտներին համապատասխան՝ չափումներ կատարելու, հետազոտություններ, փորձարկումներ, թեստավորումներ կամ չափման միջոցների ստուգաճշտում իրականացնելու և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան՝ նորմավորվող պարամետրերի չափումների համար (այդ նպատակների համար այդպիսի արտադրանքի (ապրանքների) անհրաժեշտ քանակը, ծավալը և (կամ) քաշը հաստատող՝ այդպիսի հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) գրության առկայության դեպքում)
միջազգային փոստային առաքանիով ավելի վաղ արտահանված (ներմուծված) և հասցեատիրոջը չհանձնված ապրանքներն հետադարձ ներմուծելիս (արտահանելիս) սույն կետում նշված ուղարկողներին վերադարձվելու դեպքում։
բ) 200 հատ սիգարետների կամ 50 հատ սիգարների (սիգարիլլաների) կամ 200 հատ տաքացվող ծխախոտով արտադրատեսակների («ստիկների») կամ 250 գրամ ծխախոտի կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով տեսականու արտադրատեսակների, մեկ միջազգային փոստային առաքանիով առաքվող՝ ֆիզիկական անձին հասցեագրված՝ Միության մաքսային տարածք ներմուծելիս կամ ֆիզիկական անձից՝ Միության մաքսային տարածքից արտահանելիս2.
4. Տրինիտրոտոլուոլներ և դինիտրոնավթալիններ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2904 20 000 0 ենթադիրք)։
5. Պայմանական ախտածին և ախտածին գենաինժեներային օրգանիզմներ (գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ (բակտերիաներ, վիրուսներ, քլամիդիաներ, ռիկետսիաներ, պարզագույններ, սնկեր, միկոպլազմաներ) կամ գենետիկական տարրեր (ֆրագմենտներ), որոնք պարունակում են ախտածնության գործոնները ծածկագրող նուկլեինաթթվի հաջորդականություններ (հատվածներ), և միկրոօրգանիզմներից ստացված՝ նուկլեինաթթվի հաջորդականություններ (հատվածներ) պարունակող՝ տոքսիններից յուրաքանչյուրը ծածկագրող գենետիկորեն փոփոխված միկրոօրգանիզմներ կամ գենետիկական տարրեր (ֆրագմենտներ)) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2934 99 800 0, 3002 49 000 1, 3002 49 000 9, 3002 51 000 0 և 3002 59 000 0 ստորաենթադիրքեր)։
6. Վառոդ՝ ծխատու, վառոդ՝ պիրօքսիլինային, վառոդ՝ բալիստիտային և հրթիռային պինդ վառելիքներ, գրանիպորներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3601 00 000 0 ապրանքային դիրք)։
7. Պայթուցիկ նյութեր՝ պատրաստի՝ բացի վառոդից (այդ թվում՝ գրամոնիտներ, ամոնիտներ, տրոտիլային լիցքեր, գելեքսներ, գրանուլոտոլ, ալյումոտոլ, պլաստիտներ) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3602 00 000 0 ապրանքային դիրք)։
8. Քուղեր՝ կրակահաղորդ, քուղեր ճայթեցնող, հրապատիճներ՝ հարվածող կամ ճայթեցնող, բռնկիչներ, էլեկտրաճայթիչներ, հարուցման՝ ոչ էլեկտրական այլ համակարգեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3603 ապրանքային դիրք)։
9. Հրավառելիք, հրթիռներ ազդանշանային, անձրևային հրթիռներ, ազդանշաններ հակամառախուղային և հրատեխնիկական այլ արտադրատեսակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3604 ապրանքային դիրք)։
10. Ապրանքների ցանկում նշված այն ապրանքները, որոնց նկատմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)։
11. Ապրանքների ցանկի 2.1 (օզոնաքայքայիչ նյութեր), 2.3 (վտանգավոր թափոններ) և 2.13 (թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր) բաժիններում նշված ապրանքները, որոնց նկատմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ Ցանկ)։
12. Ցանկի 2․9 բաժնի 1-ին աղյուսակում նշված՝ բնական ալմաստները և Ցանկի 2․9 բաժնի 2-րդ աղյուսակի 1-6-րդ կետերում նշված՝ թանկարժեք քարերը։
13. Ցանկի 2․10 բաժնի 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված՝ թանկարժեք մետաղներ պարունակող թանկարժեք մետաղները և հումքային ապրանքները։
14. Ցանկի 2․12 բաժնում նշված ապրանքները (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները):
15. Ցանկի 2.12 բաժնում չնշված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները) պարունակող ապրանքները
միմոզա հոստիլիս (Mimosa tenuiflora տեսակի բույս)։
16. Ցանկի 2.21 բաժնում նշված ապրանքները (մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրամասերը, մարդու կենսաբանական նյութերի նմուշներ), որոնք տեղափոխվում են որպես անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ մարդու կենսաբանական նյութերի նմուշների)։
17. Զենք (դրա մասերը), դրա փամփուշտները (դրանց մասերը), կառուցվածքով զենքի նման արտադրատեսակներ՝ բացառությամբ կառուցվածքով զենքի նման կենցաղատնտեսական նշանակության արտադրատեսակների։
18. Ցանկի 2.2 (բույսերի պաշտպանության միջոցներ (թունաքիմիկատներ)) և 2.17 (տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված՝ հատուկ տեխնիկական միջոցներ) բաժիններում նշված ապրանքները, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում որպես անձնական օգտագործման ապրանքներ։
19. Ցանկի 2.11 (հանքային հումքի տեսակներ), 2.17 (տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված՝ հատուկ տեխնիկական միջոցներ), 2.20 (մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային փաստաթղթերի բնօրինակներ) և 2.23 (տեղեկատվություն ընդերքի մասին՝ ըստ վառելիքաէներգետիկ և հանքային հումքի շրջանների և հանքավայրերի) բաժիններում նշված ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են որպես անձնական օգտագործման ապրանքներ։
20. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ցանկի 2.30 բաժնում նշված ապրանքներ (բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք ենթակա են օգտագործման լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ)։
21. Ապրանքներ, որոնց նկատմամբ անդամ պետությունների կողմից միակողմանիորեն սահմանվել և կիրառվել են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված կարգով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)3։
22. Ապրանքներ, որոնց նկատմամբ մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից միակողմանիորեն սահմանվել են այլ ժամանակավոր միջոցներ՝ Միության մաքսային տարածք այդպիսի ապրանքների ներմուծման և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանման արգելք կիրառելու ձևով4։
—————————
1 Ալկոհոլային արտադրանք ասելով հասկանում ենք սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ ալկոհոլային խմիչքները (բացառությամբ կվասի)։
2 Կիրառվում է 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ։
3 Կիրառվում է այն անդամ պետություններում, որոնցում Միության մաքսային տարածք համապատասխան ապրանքները ներմուծելիս և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելիս սահմանվել և կիրառվել են ժամանակավոր միջոցներ։
4 Կիրառվում է միայն այն անդամ պետություններում, որոնցում Միության մաքսային տարածք համապատասխան ապրանքները ներմուծելիս և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելիս սահմանվել են ժամանակավոր միջոցներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում՝ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: