ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 19-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) և (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված կրեդիտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) սպառող՝
ա. անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ) պատվիրելու կամ ձեռք բերելու նպատակով կրեդիտ ստացող ֆիզիկական անձ,
բ. գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող ֆիզիկական անձ կամ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող անհատ ձեռնարկատեր,
գ. կրեդիտ ստացող՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված գերփոքր առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր.»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «հարյուր հազար դրամը չգերազանցող և» բառերը:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Սպառողն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որը չի բացառում նույն տեղեկատվությունն սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տրամադրելու՝ կրեդիտավորողի պարտականությունը: Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով և առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:
Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու կամ սպառողի համար այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:».
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. |
Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առաջ |
1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին:
2. «Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է երեք հարյուր հազար դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
1) կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, և
2) սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:
Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
3. Եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտավորողն իր նախաձեռնությամբ կամ սպառողի պահանջով պարտավոր է կրեդիտավորման պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով նախատեսված պահանջներին՝ խախտումը հայտնաբերելու կամ սպառողի պահանջը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Կրեդիտավորման պայմանագիրը սույն օրենքի 4-րդ հոդվածով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջներին համապատասխանեցնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է կրեդիտավորողը:»։
Հոդված 6. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի։
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող 20-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները տեղի են ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
Հանրապետության նախագահ 2019 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-93-Ն
Ա. Սարգսյան