ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. | Ոստիկանության խորհրդանիշները |
1. Ոստիկանության խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը։
2. Դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը հաստատում է ոստիկանության պետը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև իրավաբանական անձանց անձնական տվյալներ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:
Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝
1) «ա» ենթակետը «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառով.
2) «գ» ենթակետը «ուղեկցում» բառից հետո լրացնել «և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձևը) հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ստեղծել և վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-46-Ն |