«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2005 թվականի N 2291-Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 186-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի մարտի 1-ից:
|
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ր Գ
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում է թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործընթացը:
2. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր (այսուհետ` նախագծեր):
3. Թափոնների գոյացման նորմատիվը որոշում է միավոր արտադրանքի արտադրման ժամանակ առաջացած որոշակի տեսակի թափոնների սահմանված քանակները:
4. Թափոնների տեղադրման սահմանաքանակը սահմանում է որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որոշակի ժամկետով կարելի է տեղաբաշխել թափոնների տեղադրման օբյեկտներում` հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը:
5. Թափոնների տեղադրումը թույլատրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված սահմանաքանակների հիման վրա:
6. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասի վտանգավոր թափոններ (համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման մասին» հրահանգի) ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մշակում են նախագծեր, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)՝ հաստատման:
(6-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
7. Նախագծերը մշակվում են հաշվի առնելով գոյացող թափոնների ֆիզիկաքիմիական կազմը, քանակը, տեսակը, վտանգավորության աստիճանը (դասը), տեղադրման օբյեկտը և դրա զբաղեցրած մակերեսը (ծավալը), ինչպես նաև շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության սահմանային թույլատրելի նորմատիվները:
8. Նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների համար, որոնք տեղադրվելու են տվյալ կազմակերպության արդյունաբերական հրապարակներում կամ դրանց սահմաններից դուրս` կախված դրանց տեղադրման եղանակներից (պահում, թաղում):
9. Կազմակերպության արդյունաբերական հրապարակներում թափոնների պահման եղանակներն են`
ա) տեխնոլոգիական փուլ ("Տ")` թափոնների պահում տվյալ կազմակերպությունում հետագա օգտագործման նպատակով` համաձայն թափոնների վերամշակման (օգտագործման) տեխնոլոգիական կանոնակարգի,
բ) կուտակում ("Կ")` թափոնների կուտակում այլ կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով թափոնները փոխանցելու նպատակով,
գ) թափոնների պահում մինչև մեկ տարի ժամկետով ("Պ")` թափոնների պահում տեխնոլոգիայի կամ պայմանագրի բացակայության դեպքում,
դ) թափոնների երկարատև պահում ("ԵՊ")` մեկ տարվանից ավելի ժամկետով թափոնների պահում:
10. Թափոնների դուրս բերումը կազմակերպության արդյունաբերական հրապարակից պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագիր), որոնց բացակայության դեպքում կազմակերպության արդյունաբերական հրապարակից դուրս բերված թափոնների քանակությունը դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում:
II. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
11. Նախագծերի հաստատման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում՝ նշելով իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը).
բ) վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,
գ) թափոնի անձնագիրը,
դ) նախագծի հաշվարկը` լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով.
ե) տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին.
զ) այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և(կամ) թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը.
է) նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը.
ը) թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը.
թ) թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը.
ժ) բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը:
III. ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ծանուցում է դիմումատուին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:
13. Լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում նախագծերը հաստատելու, իսկ սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիակազմ չլինելու դեպքում` լրամշակման վերադարձնելու մասին:
14. Կրկնակի ներկայացված նյութերը լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում են և ընդունվում է որոշում սույն կարգով հաստատված ընթացակարգով:
15. Նախագծերը հաստատվում են մեկ տարի ժամկետով:
16. Հաստատված նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով:
(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |