ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3043/05/14 Դատավորներ՝ Գ. Ղարիբյան
Վարչական գործ
2017 թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Ք. Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. հակոբյանի | ||
|
|
Ռ. հակոբյանի |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի հունվարի 27-ին,
քննարկելով ըստ հայցի Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ոստիկանների գործողությունները, այդ թվում` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Պետրոսյանը, Օլյա Ազատյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, այդ թվում` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2015 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.08.2015 թվականի որոշմամբ Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Վերաքննիչ դատարանի 07.06.2016 թվականի որոշմամբ Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 24.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ուղարկել է միայն Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին: Վերջինս, սակայն, չի ստացել այդ դատական ակտը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և
Բաբկեն Տեր-Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար նշված որոշումն ի սկզբանե ուղարկել վերջիններիս։
Բացի այդ, Զարուհի Հովհաննիսյանը և Օլյա Ազատյանը Վերաքննիչ դատարանի 24.08.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստացել են համապատասխանաբար 07.05.2016 թվականին և 17.05.2016 թվականին, իսկ
Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Արթուր Պետրոսյանը չեն ստացել այդ որոշումը: Զարուհի Հովհաննիսյանի և Օլյա Ազատյանի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու տասնհինգօրյա ժամկետի պահպանմամբ 27.05.2016 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի ընդունումը չէր կարող մերժվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա±փ է արդյոք վերաքննիչ բողոքը վերադարձնելու դեպքում այն կրկին ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը հաշվարկել ոչ թե բողոք բերած անձանց, այլ նրանց ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից այն պարագայում, երբ առկա չէ միայն ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ միջնորդություն։
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են սահմանված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում և 63-րդ հոդվածի 1-ին մասում:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերող անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը և բողոքին կից ներկայացված փաստաթղթերը (...)։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում (...) կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում անձը չի վերացրել բողոքում առկա սխալները, որոնց չվերացնելն արգելք է բողոքի քննության համար, կամ բողոքը բերել է նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության մասնակիցներն են (...)՝ կողմերը` հայցվորը և պատասխանողը, երրորդ անձինք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով ՄԻԵԴ-ի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով ՄԻԵԴ-ի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով
ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Ավելին, ՄԻԵԴ-ն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական որոշումը ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատարանի որոշման մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով ՄԻԵԴ-ի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է այն դատավարական ժամկետը, որի ընթացքում վերաքննիչ բողոք բերած անձը կարող է վերացնել վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշման մեջ նշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան. այդ ժամկետը գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի դեպքում տասնհինգ օր է, որը հաշվարկվում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոք բերած անձի կողմից ստանալու պահից: Մյուս կողմից օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի պարտականությունը: Ընդ որում, վերը նշված դատավարական ժամկետի խախտման իրավաբանական հետևանքը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի
1-ին կետով և հանգում է գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելուն:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը (...):
Հիմք ընդունելով իրավական ակտում որևէ բառի՝ եզակի կամ հոգնակի թվով կիրառության վերաբերյալ օրենսդրական տեխնիկայի վերոգրյալ կանոնի բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «բողոք բերող անձին» արտահայտությունը պետք է հավասարապես կիրառելի լինի նաև հոգնակի թվով, եթե վերաքննիչ բողոքը բերվել է մեկից ավելի անձանց կողմից: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոք բերած անձին ուղարկելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված վերաքննիչ դատարանի պարտականության ուժով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, որպես ընդհանուր կանոն, պետք է ուղարկվի բողոք բերած բոլոր անձանց:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ, 130-րդ, 149-րդ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոք բերած անձին ուղարկելու ՀՀ վերաքննիչ դատարանի պարտականությունը ենթադրում է, որ այդ որոշումը պետք է ուղարկվի դատավարության մասնակիցներին, քանի որ վերջիններս են օրենսդրորեն օժտված ՀՀ վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով, իսկ դատավարության մասնակիցներն են կողմերը՝ հայցվորը, պատասխանողը, և երրորդ անձինք։ Հետևաբար, որպես ընդհանուր կանոն, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է ուղարկվի դատավարության մասնակիցներին։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին ուղարկելու հանգամանքը չի նախատեսել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան (տե՛ս, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանի 18.06.2015 թվականի վճռի դեմ առաջին անգամ վերաքննիչ բողոք է բերվել Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի անունից. բողոքում առկա են Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի հասցեները, և ներկայացված չէ որևէ միջնորդություն՝ բողոք բերած անձանց ծանուցելու այլ կարգի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 3-13): Վերաքննիչ դատարանը 24.08.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է նշված վերաքննիչ բողոքը՝ ստորագրված չլինելու և բողոքի օրինակը վարչական դատարան ու դատավարության մյուս մասնակցին ուղարկված չլինելու պատճառաբանությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 16-18):
Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումն ի սկզբանե չի ուղարկվել վերաքննիչ բողոք բերած անձանց, այլ ուղարկվել է միայն վերջիններիս ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին (հատոր
2-րդ, գ.թ. 19-21):
Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումը Բաբկեն Տեր-Գրիգորյանին և Արթուր Պետրոսյանին է ուղարկվել 01.04.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 30-34, 36), Զարուհի Հովհաննիսյանին՝ 04.05.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 45), իսկ Օլյա Ազատյանին՝ 13.05.2016 թվականին (հատոր
2-րդ, գ.թ. 47)՝ ի պատասխան վերաքննիչ բողոքի առնչությամբ կայացված որոշման մատչելիությունն ապահովելու խնդրանքի վերաբերյալ վերջիններիս դիմումների (հատոր 2-րդ, գ.թ. 29, 40, 48):
Զարուհի Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումն ստացել է 07.05.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 46): Օլյա Ազատյանը Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումն ստացել է 18.05.2016 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 51):
Սույն գործում առկա չեն Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Արթուր Պետրոսյանի կողմից Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումը ստանալու վերաբերյալ ապացույցներ: Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 27.05.2016 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 15):
Վերաքննիչ դատարանի 07.06.2016 թվականի որոշմամբ Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումն ստացել է 28.08.2015 թվականին, իսկ կրկին ներկայացված բողոքը բերվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 27.05.2016 թվականին՝ սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ: Հետևաբար բողոքաբերի կողմից բաց է թողնվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքը կրկին ներկայացնելու դատավարական ժամկետը, որը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք է (հատոր 3-րդ, գ.թ. 18-20):
Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի կատարել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոք բերած բոլոր անձանց ուղարկելու իր պարտականությունը: Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի նշված խախտման հետևանքով բողոք բերած անձինք ժամանակին չեն ստացել «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումը և հնարավորություն չեն ունեցել վերացնելու այդ որոշմամբ նշված թերություններն ու կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք: Այսպիսով, բողոք բերած անձանց ծանուցելու այլ կարգի վերաբերյալ միջնորդության բացակայության պայմաններում դատական ակտը Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչին ուղարկելը չի կարող դիտարկվել որպես դատական ակտը վերջիններիս ուղարկելու Վերաքննիչ դատարանի պարտականության պատշաճ կատարում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված տասնհինգօրյա ժամկետը չի կարող հաշվարկվել Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 24.08.2015 թվականի որոշումն ստանալու օրվանից:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը, կրկին բերված վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնելով 27.05.2016 թվականին, պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի
5-րդ մասում նախատեսված տասնհինգօրյա ժամկետը (հաշվի առնելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնակարգումները): Նման պայմաններում սույն գործով Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու ժամկետը խախտված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է։
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Զարուհի Հովհաննիսյանի, Արթուր Պետրոսյանի, Օլյա Ազատյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ այդ վերաքննիչ բողոքը չի բերվել նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.06.2016 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
ռ. Հակոբյան | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ | |
Ն. Տավարացյան |