ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները». |
2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները (այսուհետ՝ օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում): Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ինչպես նաև օրենքով սահմանված հիմքերով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այդ ստորաբաժանումներին տրված հանձնարարության կատարման նպատակով իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:
2. Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ: Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:».
3) 4-րդ մասի «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ոստիկանության կամ» բառերը հանել, իսկ «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով.
2) 5-րդ մասի «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները,» բառերը.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ զեկուցում են» բառերով.
3) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`».
4) ամբողջ տեքստի «Գլխավոր վարչություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 4 Երևան ՀՕ-5-Ն |