ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է:
2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել և օգտագործել այդ գույքը:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3. |
Հանձնաժողովի գործունեության սկզբունքները |
1. Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության և քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:
Հոդված 4. | Կոլեգիալությունը |
1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում, որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:
Հոդված 5. | Ֆինանսական ինքնուրույնությունը |
1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարություն (այսուհետ՝ Կառավարություն) է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
2. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով:
3. Պետական բյուջեի ծախսային մասում Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:
Հոդված 6. | Հանրային հաշվետվողականությունը և թափանցիկությունը |
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները և եզրակացությունները, ինչպես նաև իր ներկայացրած առաջարկությունները և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:
3. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հանձնաժողովն իր նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով:
Հոդված 7. | Համագործակցությունը |
1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում օժանդակում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
Հոդված 8. | Քաղաքական չեզոքությունը |
1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:
Հոդված 9. | Հանձնաժողովի կազմավորման կարգը |
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:
4. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի այն մարմինը, որին վերապահվել է Հանձնաժողովի առաջին կազմի տվյալ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. Եթե Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը կամ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
7. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
8. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:
(9-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 10. | Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները |
1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):
2. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:
4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:
5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
(10-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 11. | Մրցութային խորհրդի ձևավորման կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 12. | Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 13. | Մրցույթի անցկացումը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 14. | Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին ներկայացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 15. | Նոր մրցույթի անցկացումը |
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 16. | Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները |
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ:
Հոդված 17. | Հանձնաժողովի անդամի անկախությունը և անձեռնմխելիությունը |
1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Հանձնաժողովի աշխատանքներին և տալու ցուցումներ:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:
3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:
4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող կամ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 18. | Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը |
(վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն)
1. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
5) նա մահացել է:
3. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն)
4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
5. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները:
(18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 18.1. | Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարումը և դադարեցումը |
1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝
1) նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են.
2) նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:
2. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա՝ որպես Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար:
(18.1-ին հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 19. | Հանձնաժողովի աշխատակազմը |
1. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:
2. Աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը:
Հոդված 20. | Պետական ծառայությունը Հանձնաժողովի աշխատակազմում |
1. Հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։
2. Հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 21. | Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը |
1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը:
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հանձնաժողովը:
3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերի: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ:
4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:
5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը և առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը և նյութերը նախապես տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին:
7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:
8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել, կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:
9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:
10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի սահմանած այլ ժամկետում:
11. Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն:
12. Էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների, իրավիճակային շահերի բախման հարցերով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ) եզրակացությունների վերանայման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ:
Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:
13. Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
14. Բանավոր որոշման մասին նշվում է նիստի արձանագրության մեջ:
15. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
16. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:
17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:
18. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:
19. Հանձնաժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 22. | Հանձնաժողովի նախագահը և անդամները |
1. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը և կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր և կնքում պայմանագրեր.
4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
3. Հանձնաժողովի անդամը՝
1) համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.
2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.
3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:
4. Հանձնաժողովի անդամների միջև համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ:
(22-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. | Հանձնաժողովի գործառույթները |
1. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելը.
2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.
3) օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.
4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը.
5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.
6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.
7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:
(23-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)
Հոդված 24. | Հանձնաժողովի լիազորությունները |
1. Հանձնաժողովը`
1) քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.
2) իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).
3) վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը.
4) սահմանում է հայտարարագրի ձևանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները.
5) հրապարակում է հայտարարագրերը.
6) քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.
7) համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն.
8) ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.
9) մեկնաբանում է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումներ.
10) վերանայում է համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.
11) վարում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն և հրապարակում տվյալներ.
12) իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին.
13) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն.
14) իրավասու մարմին կարծիք է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
15) իրավասու մարմին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.
16) մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ.
17) առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ.
18) կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ և այլ նյութեր.
19) կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիտորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.
20) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.
21) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց արդյունքներով եզրակացություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունն ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:
(24-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն)
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 25. |
Հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը |
1. Հանձնաժողովն իրականացնում է՝
1) հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման ստուգում.
2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում.
3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն.
4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:
2. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
3. Տեղեկությունները և փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:
4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը և հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը:
5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։
6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ:
8. Ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:
9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:
10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:
Հոդված 26. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը |
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
2. Սույն հոդվածով սահմանված վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաև դիմողին:
3. Հանձնաժողովը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունում է որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դատական կարգով:
4. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաև դիմողին:
5. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:
6. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:
Հոդված 27. | Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթները և դրանց հարուցման հիմքերը |
1. Վարույթ կարող է հարուցվել՝
1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա.
2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.
3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերևույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:
Իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթն օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր հայտարարության հիման վրա:
2. Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) օրենքով սահմանված էթիկայի կանոնների առերևույթ խախտումների կամ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:
3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերևույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ, հարուցում է վարույթ:
4. Եթե խախտումն առնչվում է էթիկայի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ:
5. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների կամ իրավիճակային շահերի բախման դեպքի առերևույթ հատկանիշներ:
Հոդված 28. | Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը |
1. Հանձնաժողովը քննության է առնում դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կամ դեպքի մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան խախտման կամ դեպքի պահից վեց ամսվա ընթացքում:
Հոդված 29. | Դիմումին ներկայացվող պահանջները |
1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի՝
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).
2) անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ էթիկայի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ իրավիճակային շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված բարձրաստիճան պաշտոնատար անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի և դատախազի) անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն.
3) խախտումը կամ իրավիճակային շահերի բախման դեպքը.
4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը կամ դեպքը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).
5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
6) դիմում տալու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.
8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հոդված 30. | Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը |
1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:
3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե`
1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր.
2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից.
3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը.
4) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով առկա է Հանձնաժողովի եզրակացություն:
4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին:
Հոդված 31. | Վարույթի հարուցումը և դրա հետագա ընթացքը |
1. Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին և համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին:
3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:
4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ կազմակերպություններից պահանջելու և ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։
5. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:
6. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:
7. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:
Հոդված 32. | Վարույթի ժամկետը |
1. Վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է:
2. Վարույթի ժամկետը սկսվում է վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելու օրվանից:
Հոդված 33. | Վարույթի արդյունքում եզրակացություն ընդունելը |
1. Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:
2. Վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:
3. Եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, բարձրաստիճան պաշտոնատար անձին և նրա վերադասին (առկայության դեպքում):
4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը և այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ:
Այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ վերադաս անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան պաշտոնատար անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերևույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:
5. Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը և արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:
6. Վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման և իրավիճակային շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Վերադաս չունեցող համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձն զբաղեցնում է պաշտոն:
Հոդված 34. | Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկումը |
1. Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:
2. Վարչական դատարանի՝ Հանձնաժողովի հաստատած փաստերը փոփոխելու և նոր փաստեր հաստատելու մասին որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայման արդյունքում ընդունված եզրակացությունը ենթակա չէ բողոքարկման:
3. Պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված կարգով:
4. Հանձնաժողովի եզրակացությունները շահագրգիռ անձը (անձինք) կարող է (են) բողոքարկել նաև ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա (նրանց) իրավունքներն ու իրավաչափ շահերը:
Հոդված 35. | Վերանայման վարույթը |
1. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը վերանայում է այն հանրային ծառայողի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ ընդունվել է եզրակացությունը:
Հոդված 36. | Դիմում ներկայացնելու հիմքերը |
1. Հանրային ծառայողն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ եզրակացության վերանայման դիմում (այսուհետ՝ վերանայման դիմում) կարող է ներկայացնել, եթե իր կարծիքով՝
1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստը չի համապատասխանում իրականությանը, կամ
2) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթը սխալ է մեկնաբանվել, կամ
3) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթի մեկնաբանությունը հակասում է Հանձնաժողովի՝ նախկինում դրան տրված մեկնաբանությանը:
Հոդված 37. | Վերանայման դիմումը և այն ներկայացնելու ժամկետները |
1. Վերանայման դիմումը ներկայացվում է գրավոր: Դիմումում պետք է նշվեն՝
1) հանրային ծառայողի անունը, ազգանունը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը.
2) տվյալներ այն պետական մարմնի վերաբերյալ, որի էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվել է եզրակացությունը.
3) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը.
4) հիմնավորումներ սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության մասին.
5) դիմումով ներկայացվող պահանջը.
6) դիմողի ստորագրությունը:
Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Դիմումին կցվում են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող նյութեր:
2. Վերանայման դիմումը կարող է ներկայացվել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:
Հոդված 38. | Վերանայման դիմումի նախնական քննությունը |
1. Հանձնաժողովը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:
2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:
Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:
3. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե՝
1) չի պահպանվել դիմումը ներկայացնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը, և ժամկետը բաց թողնելը հարգելի չի համարվել.
2) դիմումի քննությունը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.
3) դիմումը ներկայացրել է այդ իրավունքը չունեցող անձը:
4. Հանձնաժողովը որոշում է ընդունում եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին, եթե բացակայում են դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերը:
5. Դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելուն հաջորդող օրն ուղարկում է հանրային ծառայողին:
Հոդված 39. | Վերանայման վարույթի ընթացքը |
1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հանրային ծառայողին և համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձևով ծանուցում է հարուցված վարույթի մասին:
2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջելու իր սահմանած ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը և այլ նյութեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել դիմումում նշված հիմքերի առկայությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հիմնավորումներ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:
4. Հանձնաժողովն իրավասու է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարմիններից պահանջելու քննարկվող հարցի առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը, նյութերը, եզրակացության հիմքում դրված փաստարկների հիմնավորվածությունը հավաստող կամ հերքող այլ ապացույցներ (առկայության դեպքում), ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ, որոնք պետք է Հանձնաժողով ներկայացվեն երկօրյա ժամկետում: Դրանք սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է դիմումի քննությունը:
Հոդված 40. | Վերանայման վարույթի արդյունքում ընդունվող եզրակացությունները |
1. Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից 15-օրյա ժամկետում եզրակացության վերանայման արդյունքներով Հանձնաժողովը՝
1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը և եզրակացությունը թողնում է անփոփոխ.
2) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը թողնում է անփոփոխ և ընդունում եզրակացություն.
3) փոփոխում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը, հաստատում նոր փաստեր և ընդունում եզրակացություն:
2. Եզրակացության պատճենը դրա ընդունման պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է հանրային ծառայողին և համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողով:
Հոդված 41. | Ազդարարման վարույթը |
1. Հանձնաժողովն իրականացնում է ազդարարման վարույթ, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 42. | Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից, բացառությամբ 9-րդ, 10-րդ հոդվածների, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերի և 1.1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված ժամկետներում:
2. Սույն օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:
2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, ինչպես նաև 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 21-րդ կետերը և 1.1-ին մասն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:
3. Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ` մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի հինգ անդամներին հետևյալ ժամկետներով`
1) Հանձնաժողովի երկու անդամ` 6-ական տարի.
2) Հանձնաժողովի երկու անդամ` 4-ական տարի.
3) Հանձնաժողովի մեկ անդամ՝ 3 տարի:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված Հանձնաժողովի մեկական անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը, 2-րդ կետում նշված պաշտոններում՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 3-րդ կետում նշված պաշտոնում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովում են Կառավարությունը և Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը: Հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Մինչև Հանձնաժողովի նախագահի ընտրվելը Հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը:
(42-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. ՀՕ-180-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-96-Ն |