Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3934/05/20

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/3934/05/20

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

 

2024 թվականի հոկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի Մուշեղ Բուլղադարյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանը մասնակի՝ Մուշեղ Բուլղադարյանի մասով և Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի թիվ 204-Ա հրամանն անվավեր ճանաչելու (վերացնելու), Մուշեղ Բուլղադարյանին նախկին աշխատանքին վերականգնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մուշեղ Բուլղադարյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանը մասնակի՝ իր մասով, ինչպես նաև Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի թիվ 204-Ա հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 28.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանը մասնակի՝ Մուշեղ Բուլղադարյանի մասով, ինչպես նաև Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի թիվ 204-Ա հրամանը, Նախարարությանը պարտավորեցվել է Մուշեղ Բուլղադարյանին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը, Նախարարությունից հօգուտ Մուշեղ Բուլղադարյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.05.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30052022 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Կարո Բրուտյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մուշեղ Բուլղադարյանը (ներկայացուցիչ՝ Սոս Հակոբյան)։ 

 

2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Մուշեղ Բուլղադարյանին պայմանագրային զինվորական ծառայությունից ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակելու (աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու) մասին ՀՀ պաշտպանության նախարարի 29.06.2020 թվականի թիվ 1058-Ա հրամանը վերացնելու, Մուշեղ Բուլղադարյանին համարժեք պաշտոններ առաջարկելու (աշխատանքում վերականգնելու) և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 16.05.2022 թվականին կայացված և ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2023 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով որոշվել է Մուշեղ Բուլղադարյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության մերժել ամբողջությամբ:

Այսպիսով, օրինական ուժ ստացած թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով կայացված դատական ակտով հիմնավորվել է, որ առնվազն 29062020 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1058-Ա հրամանն արձակվելուց հետո, հայցվորը չի գտնվել հարկադիր պարապուրդում ինչպես նաև՝ ենթակա չէ աշխատանքում վերականգնման:

Ընդ որում, հիշատակված վարչական գործով ՀՀ պաշտպանության նախարարությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է նախարարության հարցմանն ի պատասխան ստացված Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի 04102022 թվականի թիվ L3544-22-OR գրությունը, որով հայտնվել է, որ հայցվորի դիպլոմը չի ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում և հնարավորություն չի տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում։

Փաստորեն, ներկայացված գրության բովանդակությունից հետևում է, որ վիճարկվող հրամանի արձակման պահին հայցվորը չի ունեցել պետական նմուշի դիպլոմ (համաձայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի քննության համար հրավիրված դատական նիստում հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթի՝ վերջինս պետական նմուշի դիպլոմ ստացել է միայն 20052021 թվականին կայացված որոշմամբ):

Այսինքն՝ թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով վիճարկվող հրամանի արձակման պահին հայցվորը չէր կարող համապատասխանել ՀՀ պաշտպանության նախարարությունում, որպես պետական մարմին, աշխատելու համար բարձրագույն կրթություն ունենալու վավերապայմանին, որպիսի իրողությունը հանգում է նրան, որ վիճարկվող իրավական ակտը բոլոր դեպքերում ընդունվել է իրավական հիմքերի առկայության պայմաններում՝ անկախ այն հանգամանքից, որ այն չի պարունակում մատնանշում կոնկրետ իրավական հիմքի մասին: Հետևապես հայցվորին որևէ պաշտոն առաջարկելուն ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնելն անհամատեղելի կլիներ գործող իրավակարգավորումների հետ՝ հաշվի առնելով, որ դատարանը կարող է պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով կամ օրինական են՝ իրավակարգավորումների լույսի ներքո։

Ստացվում է, որ միևնույնն է հայցվորի պահանջն ի սկզբանե հիմնավոր չի եղել, և վերջինս ի սկզբանե չէր կարող Նախարարությունում զբաղեցնել որևէ պաշտոն, հետևաբար, անկախ նրանից թե ինչ հիմքով է Մուշեղ Բուլղադարյանն ազատվել աշխատանքից, նա այլևս Նախարարությունում աշխատանքի վերականգնման ենթակա չէր, և նրան որևէ պաշտոն չէր կարող առաջարկվել։

Գրության տեղեկատվությունն այն մասին, որ հայցվորի դիպլոմը չի ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում և հնարավորություն չի տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում հայտնի է դարձել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2022 թվականի հոկտեմբեր ամսին։

Փաստորեն, այն հանգամանքը, որ հայցվորի դիպլոմը չի ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում և հնարավորություն չի տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում գոյություն է ունեցել սույն՝ թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործի լուծման պահին, սակայն հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, քանի որ վերջիններս նախապես չեն իմացել և չէին կարող իմանալ դրա մասին:

 

Վերը նշված հանգամանքը սույն՝ թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ միայն վերը նշված՝ նոր երևան եկած հանգամանքի գնահատման արդյունքում է հնարավոր բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարել քննարկվող կոնկրետ դեպքում հարկադիր պարապուրդի առկայության և դրա տևողության, ինչպես նաև՝ հայցվորին աշխատանքում վերականգնման հնարավորության վերաբերյալ, իսկ նշված հանգամանքի մասին հավաստի տեղեկատվության բացակայության պայմաններում սույն՝ թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործով վարույթ իրականացնող դատարանը զրկված է եղել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, որով հայցվորին իրավունք է վերապահվել ՀՀ պետական բյուջեի հաշվին ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի 29.06.2020 թվականի թիվ 1058-Ա հրամանով ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու հիմքով այդ օրվանից հետո մինչև օրս հարկադիր պարապուրդում գտնվելու համար առանձնապես խոշոր չափերի տուժանք, հատուցում և այլ վճարներ այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ամիս առ ամիս ՀՀ պետական բյուջեից ստացել և շարունակում է ստանալ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, մինչդեռ, թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով կայացված դատական ակտով ի հայտ եկած՝  Մուշեղ Բուլղադարյանին պահեստազոր արձակելու մասին հրամանի իրավաչափությունը հաստատված լինելու հանգամանքի համաձայն՝ Մուշեղ Բուլղադարյանը նշված ժամանակահատվածում (29062020 թվականից մինչ այժմ) չի գտնվել հարկադիր պարապուրդում:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07.12.2022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 30.05.2022 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել, կամ բավարարված մասով բեկանել ու գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի (դիմումի) պատասխանի հիմնավորումները.

Բողոք բերող անձի կողմից ներկայացված փաստարկը՝ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի թիվ L3544-22-OR գրության նոր երևան եկած հանգամանք լինելու մասով, առհասարակ իրավաչափ չէ, քանի որ հայցվորին աշխատանքից ազատելիս բողոք բերող անձը հիմքում դրել է դրա հետ կապ չունեցող հիմնավորումներ, և ամբողջ գործում առկա չեն հայցվորի՝ որևէ պաշտոնի անձնագրի անհամապատասխանության մասին վկայող տվյալներ: Այլ կերպ ասած, նշվածը հանդիսանում է հայցվորին աշխատանքից ազատելու որոշում ընդունելու չվկայակոչված փաստ և հիմնավորում, որը բերվել է (հետաձգված հիմքեր և հիմնավորում) բողոք բերող անձի կողմից միայն հայցվորի կողմից իրեն աշխատանքից ազատելու որոշումները վիճարկելու դատավարական գործընթացների ընթացքում:

Նոր երևան եկած հանգամանք կարող է լինել միայն ի հայտ եկած, պարզ դարձած փաստը՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցած հանգամանքը, որի մասին տեղեկատվությունը ստացվել է գործի լուծումից (առնվազն առաջին ատյանի դատարանի քննությունից և վճռից) հետո ընկած ժամանակահատվածում։

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի թիվ L3544-22-OR գրությամբ ներկայացվել է թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան որպես նոր ապացույց, որը չէր ներկայացվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, քանի որ նույն բողոք բերող անձի պնդմամբ այդ ապացույցը վերջինս չի ունեցել այդ ժամանակ:

Բողոք բերող անձն անգամ ձեռնարկել է քայլեր սույն՝ թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործի շրջանակներում ի լրումն վճռաբեկ բողոքի 07.10.2022 թվականի Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի թիվ L354422-OR գրությունը ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանին, որը շուրջ երկու ամիս հետո մերժել է վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը: ՀՀ վճռաբեկ դատարանը 07.12.2022 թվականին մեկ անգամ վերադարձրել է բողոքը՝ տրամադրելով հնգօրյա ժամկետ թերությունները շտկելու համար, այսինքն՝ վերադարձնելուց հետո բողոք բերող անձն արդեն նոր ներկայացվող բողոքի հետ ներկայացրել է նաև նշված գրությունը:

Այսինքն, բողոք բերող անձը նույնպես իրավացիորեն գտել է, որ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի թիվ L354422-OR գրությունը և գրության բովանդակության մեջ ներկայացված տվյալները փաստական հանգամանքներ են, որոնք դատարան ներկայացնելու հետևանքով կարող են ազդել գործի ելքի վրա։

Փաստորեն, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի թիվ L3544-22-OR գրությունը և գրության բովանդակության մեջ ներկայացված տվյալներն իրավաբանորեն գնահատելի հանգամանքներ են այնքանով, որքանով

1. հանդիսանում են տեղեկություններ փաստերի մասին, որոնք կարող էին ազդեցություն ունենալ գործի լուծման պահին հայտնի լինելու պայմաններում, և

2. ձևակերպված են որևէ իրավական նշանակություն ունեցող կրիչի՝ տվյալ դեպքում ոլորտի իրավասու մարմնի՝ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի գրությամբ:

Եթե նոր երևան եկած հանգամանքը համարվի թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում ուժի մեջ մտած ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, կամ այդ որոշմամբ հաստատված փաստը, ապա կստացվի, որ սույն գործի լուծման պահին Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի 04.10.2022 թվականի թիվ  L3544-22-OR գրությունն ունենալու պարագայում բողոք բերող անձն այն չէր կարողանա ներկայացնել սույն գործով առաջին ատյանի դատարանին որպես ապացույց, ինչն արդեն բացառում է դրա՝ նոր երևան եկած հանգամանք լինելը, քանի որ նոր երևան եկած հանգամանքը պետք է գոյություն ունենար գործի լուծման պահին և անձին հայտնի լինելու պարագայում ազդեր գործի ելքի վրա:

Թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը կամ կողմերը չեն կատարել հավելյալ դատավարական գործողություններ տվյալ փաստերն ամրագրելու համար, դրանք արդեն իսկ ամրագրված էին իրավասու մարմնի գրությամբ, որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի համար իրավական վերլուծություններ կատարելու, եզրահանգումների գալու և որոշում ընդունելու համար: Այն, որ տվյալ փաստի օգտագործմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշում է ընդունել, չի կարող նշանակել, թե այդ պահից հետո նոր երևան եկած հանգամանքը հանդիսանում է ոչ թե Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի 04.10.2022 թվականի թիվ L354422-OR գրությունը և դրանում ամրագրված փաստերը, այլ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը: Նման մեկնաբանումը կստեղծեր իրավական աբսուրդի իրավիճակ, երբ անձի կողմից իր դատավարական իրավունքներից ժամանակին չօգտվելը «հաղթահարվեր» մեկ այլ գործով նույն հանգամանքին հղում կատարելով։ Նշված իրավիճակը որևէ իրավական նորմով թույլատրելի և ենթադրելի չէ։

Բողոք բերող անձը սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու ժամկետը բաց է թողել գրեթե երեք անգամ՝ պատճառաբանելով նույն անձի հետ մեկ այլ գործով վեճ ունենալու և այդ վեճի շրջանակներում այն օգտագործելու հանգամանքով: Բողոք բերող անձը տվյալ հարցի կապակցությամբ անգամ չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն, ինչն առհասարակ բացառում է Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով մեջբերված հանգամանքի հիմքով գործը վերանայելու իրավաչափ հնարավորությունը: Դիմումն առհասարակ պետք է վարույթ չընդունվեր ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Այնուամենայնիվ, վարույթ ընդունելուց հետո դիմումը բավարարելը կհանգեցնի ներպետական միջոցներով հայցվորի իրավունքների անվերականգնելի խախտմանը, ինչի հիմքով կոպտորեն խախտվելու է հայցվորի արդար դատաքննության իրավունքը:

3. Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանի 1-ին կետով հրամայվել է Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ (36) գնդապետ Մուշեղ Արագածի Բուլղադարյանին նույն թվականի մարտի 27-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ թողնելով Նախարարության կադրերի տրամադրության տակ (հատոր 1-ին, գ թ 27)

2) Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 204-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ 494-Ա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված և Նախարարության կադրերի տրամադրության տակ թողնված՝ Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ (36) գնդապետ Մուշեղ Արագածի Բուլղադարյանին նույն թվականի ապրիլի 28-ից հանել Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներից՝ ուղարկելով Նախարարության կադրերի տրամադրության տակ: 28.04.2020 թվականի դրությամբ գնդապետ  ՄԲուլղադարյանի չօգտագործված արձակուրդային օրերը կազմում է 32 օր (հատոր 1-ին,  գ թ 59)

3) ի պատասխան Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.06.2021 թվականի է/փ ելք թիվ 450 գրության Նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ Ն. Սմբատյանը 02.07.2021 թվականի թիվ 5/1183 գրությամբ հայտնել է, որ «(…) Հայցվորի նախկինում զբաղեցրած ՀՀ ՊՆ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հաստիքները (այդ թվում նաև հատուկ հանձնարարությունների բաժնի պետինը) կրճատվել են 2020թ մարտի  27-ից (…)» (հատոր 1-ին, գ թ 87)

4) թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 05092022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել էՄուշեղ Բուլղադարյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 29062020 թվականի թիվ 1058-Ա հրամանը վերացնելու և Մուշեղ Բուլղադարյանին այլ զինվորական պաշտոն առաջարկելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ամբողջությամբ մերժվել է (հատոր 4-րդ, գ թ 40-51)

5) ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2023 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2023 թվականի որոշման դեմ Մուշեղ Բուլղադարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հիմք՝ www.Court.amպաշտոնական կայք)

6) Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից Նախարարության հարցմանն ի պատասխան 04102022 թվականի թիվ L3544-22-OR գրությամբ հայտնվել է հետևյալը «(…) մինչև 2001 թվականը մասնավոր բուհերի կողմից շնորհված դիպլոմները ներկայումս չեն ճանաչվում ՀՀ-ում և հնարավորություն չեն տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում կամ շարունակելու կրթությունը ՀՀ պետական, ճանաչված բուհերում՝ համաձայն՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի։ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի կողմից Մուշեղ Արագածի Բուլղադարյանին 09031996 թվականին տրված թիվ 000139 դիպլոմը շնորհվել է բուհի կողմից հաստատված ձևաչափով, որի վրա դրված է զինանշանով կնիք։ Տարակուսանք է առաջացնում նաև դիպլոմի մեջ նշված կրթության տևողությունը՝ նոմինալ 5 տարվա փոխարեն 3,5 տարի (Մ Բուլղադարյանն ընդունվել է 1992 թվականին, իսկ դիպլոմը շնորհվել է 09031996 թվականին)։ Տվյալ դիպլոմը չի ճանաչվում ՀՀ-ում և հնարավորություն չի տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում» (հատոր 3-րդ, գ թ 83)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր երևան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի վերաբերյալ վերոհիշյալ գործերով դատաքննությունների շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի ուսումնասիրումը նույնպես վկայել է ներպետական արդարադատական գործընթացներում վերոշարադրյալ չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը յուրաքանչյուր այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան նոր երևան եկած հանգամանքներով «գործի վերաքննություն» նախաձեռնելու համար: Մասնավորապես, Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե՛ս, Xheraj v. Albania (գանգատ թիվ 37959/02)  գործով Եվրոպական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը, 53-54-րդ կետեր, Yerogova v. Russia  (գանգատ թիվ 77478/01) գործով Եվրոպական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ, Maltseva v. Russia (գանգատ թիվ 76676/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ):

Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին» (տե՛ս, Kuznetsova v. Russia (գանգատ թիվ 67579/01) գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են բացահայտվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի քննության ժամանակ, սակայն գործին մասնակցող անձանց և դատարանին հայտնի չլինելու հետևանքով հաշվի չեն առնվել: Նման պայմաններում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դառնում են ոչ ճիշտ և օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող, ինչը ոչ միայն չի կարող լինել անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց, այլև իր հերթին կարող է ոտնահարել անձանց իրավունքները և օրինական շահերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը պայմանավորված է ոչ թե ստորադաս դատարանների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու, այլ գործի ավարտից հետո ի հայտ եկած հանգամանքներին համապատասխան դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու և կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 494-Ա հրամանի 1-ին կետով հրամայվել է Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ (36) գնդապետ Մուշեղ Արագածի Բուլղադարյանին նույն թվականի մարտի 27-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ թողնելով Նախարարության կադրերի տրամադրության տակ։

Նախարարության գլխավոր քարտուղարի 29.04.2020 թվականի «Պայմանագրային զինվորական ծառայողին անձնակազմի ցուցակներից հանելու մասին» թիվ 204-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ  494-Ա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատված և Նախարարության կադրերի տրամադրության տակ թողնված՝ Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ (36) գնդապետ Մուշեղ Արագածի Բուլղադարյանին նույն թվականի ապրիլի 28-ից հանել Նախարարության թիվ 10037 զորամասի վերահսկիչ վարչության անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներից՝ ուղարկելով Նախարարության կադրերի տրամադրության տակ: 28.04.2020 թվականի դրությամբ գնդապետ ՄԲուլղադարյանի չօգտագործված արձակուրդային օրերը կազմում է 32 օր։

Ի պատասխան Նախարարության իրավաբանական վարչության պետի 25.06.2021 թվականի է/փ ելք թիվ 450 գրության Նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ Ն. Սմբատյանը 02.07.2021 թվականի թիվ 5/1183 գրությամբ հայտնել է, որ «(…) Հայցվորի նախկինում զբաղեցրած ՀՀ ՊՆ 10037 զորամասի վերահսկիչ վարչության հաստիքները (այդ թվում նաև հատուկ հանձնարարությունների բաժնի պետինը) կրճատվել են 2020թ մարտի 27-ից (…)»։

Դատարանի 28.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարի 06.04.2020 թվականի թիվ  494-Ա հրամանը մասնակի՝ Մուշեղ Բուլղադարյանի մասով, ինչպես նաև Նախարարության գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանի 29.04.2020 թվականի թիվ 204-Ա հրամանը, Նախարարությանը պարտավորեցվել է Մուշեղ Բուլղադարյանին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը, Նախարարությունից հօգուտ Մուշեղ Բուլղադարյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով, հայցը մնացած մասով մերժվել է։

Վերաքննիչ դատարանի 30.05.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 30052022 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 05092022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել էՄուշեղ Բուլղադարյանի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 29062020 թվականի թիվ 1058-Ա հրամանը վերացնելու և Մուշեղ Բուլղադարյանին այլ զինվորական պաշտոն առաջարկելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ամբողջությամբ մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2023 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2023 թվականի որոշման դեմ Մուշեղ Բուլղադարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2023 թվականի որոշման պատճենը՝ հղում անելով այդ որոշման կայացման հիմքում ընկած Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից Նախարարության հարցմանն ի պատասխան 04102022 թվականի թիվ L3544-22-OR գրությանը, որը տրվել է ի պատասխան Նախարարության հարցման։ Նշված գրության համաձայն՝ «(…) մինչև 2001 թվականը մասնավոր բուհերի կողմից շնորհված դիպլոմները ներկայումս չեն ճանաչվում ՀՀ-ում և հնարավորություն չեն տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում կամ շարունակելու կրթությունը ՀՀ պետական, ճանաչված բուհերում՝ համաձայն՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի։ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի կողմից Մուշեղ Արագածի Բուլղադարյանին 09031996 թվականին տրված թիվ 000139 դիպլոմը շնորհվել է բուհի կողմից հաստատված ձևաչափով, որի վրա դրված է զինանշանով կնիք։ Տարակուսանք է առաջացնում նաև դիպլոմի մեջ նշված կրթության տևողությունը՝ նոմինալ 5 տարվա փոխարեն 3,5 տարի (Մ Բուլղադարյանն ընդունվել է 1992 թվականին, իսկ դիպլոմը շնորհվել է 09031996 թվականին)։ Տվյալ դիպլոմը չի ճանաչվում ՀՀ-ում և հնարավորություն չի տալիս աշխատելու ՀՀ պետական կառույցներում»։

Այն հանգամանքը, որ Մուշեղ Բուլղադարյանին 09031996 թվականին տրված թիվ 000139 դիպլոմը չի ճանաչվում ՀՀ-ում և հնարավորություն չի տալիս աշխատելու պետական կառույցներում, ինչով պայմանավորված հայցվորը չի համապատասխանում Նախարարությունում, որպես պետական մարմին, աշխատելու համար բարձրագույն կրթություն ունենալու վավերապայմանին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն, սակայն այդ հանգամանքը սույն գործի քննության պահին, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի որոշման կայացման պահին հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց կամ դատարանին։

Այսպիսով, վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունը և սույն գործի փաստերի համադրությունը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս արձանագրելու, որ Մուշեղ Բուլղադարյանին 09031996 թվականին տրված թիվ 000139 դիպլոմը ՀՀ-ում չճանաչվելու փաստի՝ գործի քննության ընթացքում հայտնի լինելը կարող էր ազդել գործի ընթացքի կամ ելքի վրա, քանի որ այդ հանգամանքով պայմանավորված հայցվորը չի համապատասխանում Նախարարությունում, որպես պետական մարմին, աշխատելու համար բարձրագույն կրթություն ունենալու վավերապայմանին, հետևաբար այդ դիմպլոմը հնարավորություն չի տալիս վերջինիս աշխատելու պետական կառույցներում։

Սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

 ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասով հռչակվում է յուրաքանչյուրի աշխատանքի ազատ ընտրության իրավունքը։ Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է ինչպես անձի՝ աշխատանքային հարաբերությունների ձևավորման տեսանկյունից աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այդպես էլ բուն աշխատանքի տեսակի ընտրության իրավունքը և աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Վերջինս ներառում է նաև գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերություններն առանց հիմնավոր և օրինական պատճառի դադարեցնելու արգելքը, և տվյալ արգելքի խախտման դեպքում դատական և արտադատական պաշտպանությունը` այդ թվում կրած վնասների հատուցումը։

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 13-րդ հոդվածի՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ։

Նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…) եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով հարկադիր պարապուրդ հասկացության սահմանմանը՝ արձանագրել է, որ «(...) հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։ (...) հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը (...)» (տե'ս, Վահե Վարդանյանն ընդդեմ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային հարաբերությունը ծագում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության հիման վրա, և այն տվյալ հարաբերության հիմնական սուբյեկտների ազատ կամահայտնության արդյունք է, և աշխատանքային հարաբերությունը կարող է դադարել նաև աշխատողի՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու տեսանկյունից կամքի փոփոխման դեպքում։ Աշխատանքային հարաբերությունների իրականացման ընթացքում աշխատողը, ի թիվս այլնի, ունի իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու իրավունք, որը նաև խախտվում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։ Միևնույն ժամանակ, այն պարագայում, երբ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է և աշխատողի խախտված իրավունքները վերականգնվել են, ապա աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որպիսի ժամանակահատվածը ներառում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ իր մեղքով աշխատողը մեկուսացվել է աշխատանքային հարաբերություններից և իր համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը։

Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում հարկադիր պարապուրդն առաջանում է, եթե

1.  աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով,

2.  աշխատողն աշխատանքային հարաբերություններից մեկուսացվել է ոչ իր կամքով և (կամ) մեղքով։

Ամբողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոշարադրյալ իրավակարգավորումները և փաստելով, որ աշխատանքային հարաբերություններին բնորոշ են տևականության և շարունակականության հատկանիշները, արձանագրում է, որ աշխատողն ունենում է համապատասխան վարձատրություն ստանալու իրավունք այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ աշխատողն աշխատանքային հարաբերություններից և աշխատանքի կատարումից մեկուսացվել է ոչ իր մեղքով, առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով իր հետ աշխատանքային պայմանագրի լուծման արդյունքում, ապա աշխատողն ունենում է «օրինական ակնկալիք» ստանալու առաջացած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար հատուցում ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հարկադիր պարապուրդի գումարը հայցվորին վճարման ենթակա լինելու հարցը ենթակա է լուծման վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, ինչպես նաև այն փաստական հանգամանքի հաշվառմամբ, թե հարկադիր պարապուրդի գումարի գանձման ենթակա լինելը կարող էր պայմանավորվել Մուշեղ Բուլղադարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ թիվ 1058-Ա հրամանը վերացնելու, Մուշեղ Բուլղադարյանին համարժեք պաշտոն առաջարկելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ ՎԴ/5835/05/20 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացմամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից վկայակոչված վերը նշված փաստը էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, ուստի այն հիմք է հանդիսանում ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը և գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:

Այսպիսով, սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 30.05.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքի, ինչպես նաև սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի քննություն իրականացնելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 07122022 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։

Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.05.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան