«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 449-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բնական գազի սպառողներին մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը սպառվող բնական գազի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի սպառողների օգտին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի բնական գազի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագինը մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`
ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 90000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 25000 դրամի սուբսիդիա,
ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար 146,51 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 52,01 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ սուբսիդիա:
Սույն կետով սահմանված` բնական գազի սպառողների օգտին պետության կողմից սուբսիդավորումը չի իրականացվում (սուբսիդիաներ չեն վճարվում)` արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար սպառված բնական գազի դիմաց:
2. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը`
ա) 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գներով` հետևյալ չափերով`
ամսական մինչև 10000 նորմալ խոր. մետր սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 65000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
ամսական 10000 նորմալ խոր. մետր և ավելի սպառման դեպքում` 1000 նորմալ խոր. մետրի համար` 94,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
բ) սուբսիդիաների տեսքով պետության վճարած գումարը սպառողների փաստացի սպառման ծավալը գերազանցելու դեպքում ավելի մասը հաշվարկել որպես կանխավճար` 2009 թվականի համար:
3. Դադարեցնել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեությունը` հիմնարկի ամբողջ գույքը (այսուհետ` «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիր) ամրացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
«Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել սույն որոշման 4.3-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի համաձայն «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին հանձնման պահը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գործունեության դադարեցման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի համար (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի գումարները) համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ:
(3-րդ կետը լրաց. 18.08.06 N 1156-Ն)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
4.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության` «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկից ընդունման-հանձնման ակտով ընդունել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրը և մուտքագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշիռ` հաշվեկշռային արժեքով:
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի (անշարժ գույքի մասով), ինչպես նաև դրանում զբաղեցված համապատասխան հողամասի նկատմամբ պետական սեփականության իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (այսուհետ` գրանցում) և համապատասխան սեփականության վկայականի ստացումը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` գրանցման հետ կապված պետական տուրքի և այլ վճարումների կատարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը համապատասխան միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
4.3. Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության առաջարկած` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության հիմնադրած նոր իրավաբանական անձի հետ (համապատասխան անձն այսուհետ` գնորդ) կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`
ա) գույքային համալիրի գինը կազմում է 248,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ներառյալ սեփականության իրավունքով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքը (այսուհետ` կադաստրային արժեք).
բ) գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2007 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2008 թվականի ընթացքում` 120 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
գ) գույքային համալիրի զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի մի մասը գնորդին տրամադրվում է սեփականության իրավունքով, մյուս մասը` անհատույց մշտական օգտագործման իրավունքով (որի մասին գնորդը պետք է օգտագործման պայմանագիր կնքի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ).
դ) անշարժ գույքի մասով առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են գնորդի հաշվին.
ե) գնորդը պարտավորվում է շարունակել անավարտ շինարարության օբյեկտի կառուցումը, մինչև 2008 թվականն ապահովել գույքային համալիրի շահագործման հանձնումը` դրանում տեղակայելով մինչև 140 մեգավատ էլեկտրական հզորությամբ գազատուրբին` նպատակ ունենալով նվազեցնելու էլեկտրաէներգիայի արտադրության վառելիքային ծախսերը:
Գնորդի կողմից սույն պայմանի կատարման վերահսկողությունը վաճառողի անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:
4.4. Գնորդի կողմից ստացվող պայմանագրի գնի վճարումները հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային բանկային հաշվին, որից`
ա) ընդամենը 188,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում` սույն որոշման 1-ին կետում նշված չափերով, որից` 2006 թվականի ընթացքում` 58,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը, 2007 թվականի ընթացքում` 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ավելացրած (գումարած) կադաստրային արժեքը, 2008 թվականի ընթացքում` 70 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում).
բ) ընդամենը 60 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառում է կադաստրային արժեքը) վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որից` կադաստրային արժեքը` 2006 թվականին, 10 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի և կադաստրային արժեքի տարբերությունը` 2007 թվականին, 50 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` 2008 թվականին (վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում):
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի հանձնման կապակցությամբ անհրաժեշտ հանձնաժողովների ձևավորումը և դրանց գործողությունների համակարգումը.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացնել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին սեփականության և օգտագործման իրավունքով տրամադրվող հողամասերի սխեմաները («Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը` ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների սպասարկման հողամասերը, գնորդին տրամադրվում են բացառապես անհատույց մշտական օգտագործման իրավունքով).
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի լուծարման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` գնորդի հետ կնքել «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի զբաղեցրած հողամասի անհատույց մշտական օգտագործման պայմանագիր` ըստ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված սխեմաների (անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվում են Ռուսաստանի Դաշնությանը պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ. ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության հետ փաստացի համատեղ օգտագործվող հողամասերը` ներառյալ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների հողամասերը)` ապահովելով ստորագրված պայմանագրի նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` գնորդի հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|