«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60411256
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մայիսի 2011 թ. |
թիվ 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.
1. Սահմանել տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |
Հավելված |
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները։
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով մրցակից չունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը):
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով տնտեսվարող սուբյեկտը մենաշնորհ դիրք ունեցող կարող է համարվել նաև այդ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի հիման վրա` առանց սույն կարգում նշված ուսումնասիրության իրականացման կամ տեղեկատվության վերլուծության։
3. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ դիրքը կամ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով` տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:
4. Ապրանքային շուկայի ծավալը, որպես կանոն, որոշվում է բնեղեն արտահայտությամբ, եթե շուկայի ապրանքատեսակային սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման (ձեռքբերման) ընդհանուր ծավալը հնարավոր է հաշվարկել չափման միևնույն միավորի (օրինակ` կիլոգրամ, հատ, մետր և այլն) միջոցով: Այլ դեպքերում կամ ելնելով տվյալ ապրանքային շուկայի առանձնահատկություններից, ապրանքային շուկայի ծավալը կարող է որոշվել արժեքային (դրամական) արտահայտությամբ:
5. Ապրանքային շուկայի ծավալի և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի (այսուհետ` ուսումնասիրվող ժամանակահատված) տվյալների հիման վրա:
6. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:
7. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
8. Եթե տնտեսվարող սուբյեկտը Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով չի համարվում գերիշխող դիրք ունեցող կամ այդ հիմքերով հնարավոր չէ դիտարկել գերիշխող դիրքի առկայությունը, ապա Հանձնաժողովը կարող է տնտեսվարող սուբյեկտին համարել գերիշխող դիրք ունեցող Օրենքի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:
9. Էական մրցակցության չհանդիպելու և (կամ) շուկայական իշխանություն ունենալու փաստը հատկորոշելիս Հանձնաժողովի կողմից հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.
1) տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական կարողությունը (արտադրական, գույքային, դրամական կամ այլ ռեսուրսների առկայությունը),
2) դիտարկվող ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանի և այդ ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի բաժնի հարաբերակցությունը.
3) դիտարկվող ապրանքային շուկայի մուտքի խոչընդոտների առկայությունը (օրենքով, այլ իրավական ակտերով, գործարար շրջանառության սովորույթներով կամ այլ ձևով սահմանված պահանջները կամ այլ հանգամանքները, որոնց առկայության պարագայում տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն չի ունենում մուտք գործել դիտարկվող ապրանքային շուկա կամ այդ ապրանքային շուկա մուտք գործելը կարող է պահանջել չարդարացված ներդրումների իրականացում կամ կարող է տեղի ունենալ չարդարացված ժամանակահատվածի ընթացքում),
4) դիտարկվող ապրանքային շուկայի կայունությունը (առնվազն մեկ տարի ժամանակահատվածում տվյալ շուկայի մասնակից տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի և դրանց բաժինների, ինչպես նաև շուկայի ծավալի անփոփոխ լինելը կամ աննշան փոփոխությունը),
5) տնտեսվարող սուբյեկտի ազդեցությունը դիտարկվող ապրանքային շուկային փոխկապակցված այլ ապրանքային շուկաների և դրանցում գործող տնտեսվարող սուբյեկտների վրա (տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է փոխկապակցված ապրանքային շուկայի մասնակից կամ այլ ձևով հնարավորություն ունի ազդելու այդ ապրանքային շուկայի մասնակից տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործողությունների կամ վարքագծի վրա):
10. Եթե Հանձնաժողովն արձանագրում է, որ տնտեսվարող սուբյեկտը ապրանքային շուկայում սույն կարգի 9-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկի ուժով հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, ապա տնտեսվարող սուբյեկտին համարում է գերիշխող դիրք ունեցող:
11. Առևտրային ցանցը Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով համարվում է գերիշխող դիրք ունեցող` տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների և (կամ) դիտանցումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:
12. Սույն կարգում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ: