ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 19.05.22 N 707-Լ)
13 հունվարի 2022 թվականի N 64-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.05.22 N 707-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում տրամադրվող աջակցությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ զոհված զինծառայողի ծնողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, և սույն միջոցառման շրջանակներում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար դիմելու օրվա դրությամբ զոհված զինծառայողի մայրը կամ փոխնակ մայրը հղի է, կամ երեխան արդեն ծնվել է:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների (այսուհետ՝ զոհված զինծառայող) ծնողներին (այսուհետ՝ շահառու ծնողներ)՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծախսերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ հավելվածի 28-րդ կետով սահմանված հրամանի հիման վրա մասնակի փոխհատուցելու միջոցով:
2. Սույն միջոցառման շրջանակներում զինծառայողը համարվում է զոհված նաև այն դեպքում, եթե նա մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով։
3. Զոհված զինծառայողի ծնողները համարվում են սույն միջոցառման շահառու ծնողներ նաև այն դեպքում, երբ հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից` բացառությամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերից, օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, սակայն առանց սույն հավելվածի 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի։ Սույն կետում նշված շահառու ծնողների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը չեն փոխհատուցվում:
4. Շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման նպատակով տրամադրվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում նշված ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է`
1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝
ա. սույն միջոցառման 1-ին կետում նշված շահառու ծնողների համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 5,500,000 դրամը,
բ. սույն միջոցառման 3-րդ կետում նշված շահառու ծնողների համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2,750,000 դրամը.
2) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ սույն միջոցառման 1-ին կետում նշված շահառու ծնողների համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 600,000 դրամը։
5. Սույն միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերից յուրաքանչյուրի համար փոխհատուցում տրամադրվում է միայն մեկ անգամ:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված շահառու ծնողներին իրենց վերարտադրողական առողջության աջակցման նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետով սահմանված ծախսերի մասնակի փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում) տրամադրելուն (նշանակմանն ու վճարմանը) առնչվող հարաբերությունները։
2. Եթե փոխհատուցում պետք է տրամադրվի սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված շահառու ծնողներին՝ հավելվածի 28-րդ կետով սահմանված հրամանի հիման վրա, ապա այդ հրամանն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գրությամբ (այսուհետ՝ գրություն) դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ գրության մեջ նշելով՝
1) հրամանի համարը և տալու օրը, ամիսը, տարեթիվը.
2) շահառու ծնողներից յուրաքանչյուրի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
3) այն ծախսի տեսակը, որը ենթակա է փոխհատուցման.
4) ըստ անհրաժեշտության, դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման դեպքում՝
ա. դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի չափը,
բ. ցուցում այն մասին, թե ում պետք է վճարել փոխհատուցումը՝ շահառու ծնողներին, թե այն բժշկական կազմակերպությանը, ում շահառու ծնողներն արդեն վճարել են դոնորական ձվաբջջի ձեռքբերման գումարը,
գ. շահառուի բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) անվանումը, բանկային հաշվի համարը և նրան սպասարկող բանկի անվանումը, եթե գումարը պետք է վճարվի բժշկական կազմակերպությանը։
3. Փոխհատուցումը նախարարությունը նշանակում և վճարում է՝
1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու (օգտված) ծախսերի համար՝ շահառու ծնողին.
2) դոնորական ձվաբջջի ձեռքբերման (ձեռք բերած) ծախսերի համար՝ շահառու ծնողին կամ բժշկական կազմակերպությանը՝ հիմք ընդունելով գրության ցուցումը։
4. Փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողը (դիմող ծնողը) գրավոր դիմում է նախարարություն: Դիմումում նշվում են՝
1) դիմող շահառու ծնողի (ում պետք է նշանակվի և վճարվի փոխհատուցումը) անունը, ազգանունը, հայրանունը.
2) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշիվ սպասարկող այն բանկի անվանումը, որտեղից դիմող շահառու ծնողը ցանկանում է ստանալ փոխհատուցումը.
4) բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ փոխնակ մայրը կանգնել է նախածննդյան հսկողության հաշվառման։
5. Դիմումին կից ներկայացվում են՝
1) շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր) պատճենը.
2) հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը.
3) արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի պատճենը (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն).
4) փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը.
5) փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենը (եթե փոխհատուցվում է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսը).
6) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի (այսուհետ՝ երեխա) ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո).
7) հայտարարություն այն մասին, որ դիմող շահառու ծնողը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե.
8) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը՝ տրված այն պետական մարմնի (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության) կողմից, որտեղ ծառայել է զինծառայողը (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն).
9) զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ։
6. Սույն կարգի 5-րդ և 12-րդ կետերում նշված դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով e-request.am կամ mlsa.am կայքէջերի միջոցով։ Այս դեպքում կցվում են նաև շահառուի ստորագրված դիմումը և սույն կարգի 5-րդ կամ 12-րդ կետերում նշված փաստաթղթերի լուսապատճենները։
7. Դիմումով ներկայացված տվյալները նախարարությունը համեմատում (համադրում) է՝
1) բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ.
3) գրության մեջ նշված տվյալների հետ (եթե ծնողները շահառու են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի համաձայն)։
8. Դիմումով ներկայացված տվյալները սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալների հետ համեմատելու (համադրելու) արդյունքներով նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ նշանակել փոխհատուցում կամ մերժել փոխհատուցում նշանակելը: Կայացրած որոշման մասին, իսկ մերժման դեպքում նաև՝ մերժման հիմքերի մասին, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմող շահառու ծնողին։ Եթե դիմումը մերժվել է սույն կարգի 9-րդ կետի 1-3-րդ, 7-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկով, և նոր տվյալները ներկայացվում են նախորդ դիմումի մերժումն ստանալու ամսվանից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:
9. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերի պատճենները).
2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում գրությամբ տրամադրած կամ բնակչության պետական ռեգիստրի տվյալներին).
3) դիմումն ստորագրված չէ դիմող ծնողի կողմից (էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումին կցված չէ դիմող ծնողի ստորագրված դիմումը).
4) դիմում ներկայացրած անձը հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից օգտվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կամ չի հանդիսանում զոհված զինծառայողի ծնող.
5) դիմող ծնողը կամ երեխան (եթե երեխան դիմելու օրվա դրությամբ ծնված է) դիմելու (դիմումը նախարարություն ստացվելու) օրվա դրությամբ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
6) դիմող ծնողը կամ երեխան (եթե երեխան մահացել է պերինատալ շրջանից հետո) կամ փոխնակ մայրը դիմելու (դիմումը նախարարություն ստացվելու) օրվա դրությամբ մահացած է.
7) դիմումում նշված բանկը չի սպասարկում համապատասխան բանկային հաշիվը.
8) դիմումը ներկայացվել է սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետից
հետո.
9) տվյալ ծախսի (դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր
ծառայություններից օգտվելու) համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է չմերժված դիմում։
10. Փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ, եթե դիմելու օրվա դրությամբ երեխան արդեն ծնվել է՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափով։
11. Փոխնակ մոր հղիության ընթացքում դիմելու դեպքում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է՝
1) մինչև երեխայի ծնվելու (փոխնակ մոր հղիությունն ընդհատվելու) ամիսը՝ ներառյալ յուրաքանչյուր ամսվա համար 150,000 դրամ՝ փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքի հիման վրա.
2) երեխայի ծնվելուց հետո՝ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարի և ամսական վճարված գումարների հանրագումարի տարբերության՝
ա. 100 տոկոսի չափով, եթե ներկայացվել է երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
բ. 40 տոկոսի չափով, եթե ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը։
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված՝ փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը և պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը ներկայացվում են շահառու ծնողի գրավոր դիմումի հիման վրա։ Այս դեպքում ներկայացված տեղեկանքի հիման վրա փոխհատուցում վճարվում է տեղեկանքում նշված հղիության ժամկետի (ըստ օրերի) ամսվա և դրան նախորդող այն ամիսների համար, որոնց համար փոխհատուցում չի վճարվել։
13. Դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցումը վճարվում է միանվագ՝ գրության մեջ նշված չափով՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված առավելագույն չափը։
14. Փոխհատուցումը շահառուին վճարվում է անկանխիկ եղանակով, շահառու ծնողի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով: Փոխհատուցումը վճարելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը դրա մասին հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմող շահառու ծնողին։
15. Փոխհատուցումը բժշկական կազմակերպությանը վճարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցելով գրության մեջ նշված բանկային հաշվի համարին։
16. Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 2 ամսվա ընթացքում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը ծնված երեխաների դեպքում՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ։
17. Փոխհատուցումը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2024, N 380-Լ | 16.03.2024, N 64-Լ | |
27.07.2023, N 1280-Լ | 28.07.2023, N 64-Լ | |
11.08.2022, N 1262-Լ | 14.08.2022, N 64-Լ | |
19.05.2022, N 707-Լ | 20.05.2022, N 64-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|