Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/2635/05/19

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2635/05/19

Նախագահող դատավոր՝  Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Ֆարմանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Հայկ Ֆարմանյանի հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Ֆարմանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, իրեն վերականգնել Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ` հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, որպես հետևանք՝ պարտավորեցնել Կոմիտեին Հայկ Ֆարմանյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը. մնացած մասով հայցը մերժվել է:

Դիմելով դատարան` Հայկ Ֆարմանյանը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ` պարտավորեցնել Կոմիտեին վճարել իրեն աշխատանքում չվերականգնելու դիմաց դրամական հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Դատարանի 30.07.2020 թվականի որոշմամբ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Հայկ Ֆարմանյանի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2020 թվականի որոշմամբ Հայկ Ֆարմանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Ֆարմանյանը (ներկայացուցիչ Վարազդատ Դանիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը Դատարան է ներկայացվել 03.07.2020 թվականին, Դատարանը միջնորդությունը քննել է 24.07.2020 թվականին, իսկ դրա վերաբերյալ որոշումը կայացրել է 30.07.2020 թվականին: Նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 30.07.2020 թվականին, երբ դեռևս հրապարակված չի եղել միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջնորդության մեջ նշված հիմքերով վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով առկա է եղել լրացուցիչ վճիռ կայացնելու հիմք, քանի որ Դատարանը, վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց դրամական հատուցում վճարելու պարտավորության հարցին, վճռի եզրափակիչ մասում, ըստ էության, չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ` բավարարել լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ

- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասում նշված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքին՝ բացահայտելով նույն նորմում գործածված «այն հարցի կապակցությամբ» արտահայտության բովանդակությունը,

- ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատողին դատական կարգով հատուցում տրամադրելու իրավական հնարավորությանը՝ վերջինիս կողմից նման հայցապահանջ ներկայացված չլինելու պարագայում։

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն վարչական դատավարության կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է որոշակի դեպքեր, երբ վարչական դատավարության կարգը կարող է սահմանվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սակայն այդ հնարավորությունը պետք է հատուկ նախատեսված լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հատուկ նախատեսված է, որ վարչական դատարանի կողմից լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չլինելու հանգամանքը` վարչական դատարանի կողմից լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է կայացնել լրացուցիչ վճիռ, եթե վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը: Այսինքն, լրացուցիչ վճիռն ուղղված է վճռի լրիվության և որոշակիության ապահովմանը: Ընդ որում, լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի արգելք է սահմանել այն առնչությամբ, երբ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նույն հոդվածի 8-րդ մասի հետ համադրմամբ մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած օրենսդիրը որպես լրացուցիչ վճիռ կայացնելու ինքնուրույն հիմք նախատեսել է այն դեպքը, երբ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը, վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով, վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը, մինչդեռ անգամ այդ դեպքում օրենսդիրն առաջին ատյանի դատարանին արգելել է լրացուցիչ վճիռ կայացնելն այն հարցի կապակցությամբ, որի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Այսինքն՝ օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել մինչև լրացուցիչ վճիռ կայացնելը բոլոր դեպքերում պարզելու՝ արդյո՞ք այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ խնդրարկվում է կայացնել լրացուցիչ վճիռ, չի ներկայացվել վերաքննիչ բողոք, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, նշված հանգամանքը լրացուցիչ վճիռ կայացնելու արգելք է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

ՀՀ Սահմանադրական դատարանը 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրն է հանդիսանում անձի խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետևանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետևանքների վերացումը տեղի է ունենում մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Սակայն, առանձին դեպքերում, մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել: Այս դեպքում որպես խախտման բացասական հետևանքները վերացնելու իրավական միջոց է ծառայում, ինչպես նշվեց, անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: Այս մոտեցումն է արտահայտված նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս, մասնավորապես, Վասիլեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով, Vasilescu v. Romania, 1998թ. մայիսի 22-ի վճիռը, կետ 61): Տվյալ դեպքում անօրինականորեն ազատված անձին աշխատանքում չվերականգնելու, այն է՝ մինչև իրավախախտման փաստը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհնարինության դեպքում անձի խախտված իրավունքի արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նրան փոխհատուցում վճարելու միջոցով: Այս գաղափարն է ամրագրված նաև վերոհիշյալ ԱՄԿ թիվ 158 կոնվենցիայի 10-րդ հոդվածում:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու երկու հնարավոր կառուցակարգ: Առաջին դեպքում աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ երկրորդ դեպքում նախկին աշխատանքային հարաբերությունները չեն վերականգնվում, և աշխատողը ստանում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում: Ընդ որում, նշված կառուցակարգերը չեն կարող գործել միաժամանակ, քանի որ բացառում են միմյանց։ Այսինքն՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը չբավարարվելու պայմաններում ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը: Հետևաբար, հայցադիմումում հատուցում ստանալու վերաբերյալ պահանջի բացակայության պայմաններում դատարանի կողմից նշված խնդիրը պետք է դառնա պարտադիր քննության առարկա:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկ Ֆարմանյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, իրեն վերականգնել Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ` հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Դատարանը, նշելով նաև, որ «հայցվորը խնդրել է իրեն վերականգնել Պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան պաշտոններից մեկում», գտել է, որ «վերը նշված իրավանորմերով արդեն իսկ բացահայտված են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը, որպիսի իրավանորմերը մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ պաշտոններում վերականգնելու իրավասություն դատարանին չեն տալիս: Ընդ որում, ինչպես նշվեց, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ: Որևէ հաստիքի առաջարկման լիազորությունը պատկանում է գործատուին, տվյալ դեպքում՝ Կոմիտեին, և դատարանը չի կարող որոշում կայացնել վարչական մարմնի փոխարեն և անձին վերականգնել իր նախկին աշխատանքից տարբերվող որևէ կոնկրետ պաշտոնում»: Դատարանը նշել է նաև, որ «Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի գործունեությունը դադարեցվել է, իսկ նոր ձևավորված բաժնում որպես բաժնի պետ է նշանակվել գանձումների համակարգման և հաշվառման բաժնի պետը: Ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը՝ Պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան պաշտոններից մեկում վերականգնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման»:

Արդյունքում, Դատարանը 30.06.2020 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու՝ Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը Հայկ Ֆարմանյանին հատուցում վճարելուն Կոմիտեին պարտավորեցնելու և հայցը մնացած մասով մերժելու մասին:

03.07.2020 թվականին, այսինքն՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, Հայկ Ֆարմանյանը միջորդություն է ներկայացրել Դատարան լրացուցիչ վճիռ կայացնելու մասին՝ խնդրելով լրացուցիչ վճռով Կոմիտեին պարտավորեցնել աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով՝ միջնորդության մեջ նշելով նաև, որ դատարանն անձին աշխատանքում չվերականգնելու դիմաց գործատուին պարտավորեցնում է աշխատողին վճարել դրամական հատուցում՝ անկախ այդ մասին հայցապահանջում ներկայացված լինելու փաստից, այն է՝ օրենքի ուժով:

Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշմամբ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Հայկ Ֆարմանյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությամբ խնդրարկված պահանջը հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար դատարանն իրավասու չէր առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված համապատասխան պահանջի անդրադառնալ հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու հարցին:

29.07.2020 թվականին Հայկ Ֆարմանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 30.06.2020 թվականին վճռի դեմ՝ խնդրելով մասնակիորեն՝ աշխատանքում չվերականգնելու մասով, բեկանել Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը և այն փոփոխել՝ այդ մասով հայցը բավարարել. աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով դրամական հատուցում վճարելը վճռում չնախատեսելու կապակցությամբ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանի 26.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշման դեմ բեված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, իսկ 14.09.2020 թվականին որոշում է կայացվել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վերաքննիչ դատարանը, 12.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ «այն դեպքում, երբ դատարանը աշխատողին (ծառայողին) աշխատանքից (ծառայությունից) ազատելու հետ կապված վեճի քննության արդյունքներով գալիս է այն եզրահանգման, որ վիճարկվող աշխատանքից (զբաղեցրած պաշտոնից, ծառայությունից) ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) մասին անհատական իրավական ակտը ոչ իրավաչափ է, սակայն անհնարին է վերացնել դրա բացասական հետևանքը՝ վերականգնել աշխատողին նախկին աշխատանքում, ապա դատարանը, չվերականգնելով աշխատողին իր նախկին աշխատանքում (ծառայությունում), անկախ հայցվորի կողմից նման պահանջ ներկայացված լինելու հանգամանքից, կրում է դրանից բխող պոզիտիվ պարտականություն՝ պարտավորեցնելու գործատուին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև պարտավորեցնելու գործատուին վճարել հատուցում՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով», «տվյալ դեպքում Դատարանը գործով կայացրած վճռի պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը, սակայն իր եզրահանգումները նաև վճռի եզրափակիչ մասում կատարել է միայն այդ իրավակարգավորմամբ սահմանված՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուին միջին աշխատավարձի չափով հատուցում վճարել պարտավորեցնելուն, անհիմն է գնահատում Դատարանի պատճառաբանություններն առ այն, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությամբ խնդրարկված պահանջը հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար Դատարանն իրավասու չէր առանց համապատասխան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջի անդրադառնալ հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու հարցին», միևնույն ժամանակ Հայկ Ֆարմանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «վարչական դատարանի լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է, որ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան 29.07.2020թ.-ին Բ-1772 մուտքի համարով և 04.08.2020թ.-ին Բ-1822 մուտքի համարով մուտքագրվել են թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով հայցվոր Հայկ Ֆարմանյանի և պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Դատարանի 30.06.2019թ. վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքներ են բերվել Դատարանի 30.06.2019թ. վճռի՝ թե՛ հայցը մասնակի բավարարելու՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.02.2019թ. թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին Հայկ Ֆարմանյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, պարտավորեցնելու մասի, թե՛ մնացած՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորման համապատասխան պաշտոններից մեկում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով հօգուտ հայցվորի բռնագանձելու պահանջների մասին հայցը մերժելու մասի դեմ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ հայցվորի կողմից ներկայացված «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին» միջնորդությամբ խնդրարկված հարցը, այն է՝ թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով կայացնել լրացուցիչ վճիռ և լրացուցիչ վճռով պարտավորեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ Հայկ Ֆարմանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, անմիջականորեն կապված է գործով քննված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.02.2019թ. թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու, և հայցվոր Հայկ Ֆարմանյանին աշխատանքում վերականգնելու պահանջները Դատարանի կողմից կայացրած վճռով համապատասխանաբար բավարարելու և մերժելու հետ, եզրահանգում է, որ 30.06.2019թ. վճռի դեմ վերը նշված վերաքննիչ բողոքները ներկայացված լինելու պայմաններում Դատարանը բոլոր դեպքերում իրավասու չէ (չի կարող) լրացուցիչ վճիռ կայացնել այդ հարցի կապակցությամբ, որից ելնելով գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հիմքով և վերը նշված պատճառաբանությամբ բողոքում նշված հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու և Դատարանի 30.07.2020թ. «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը վերացնելու համար»:

Վերլուծելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Վերաքննիչ դատարանն իրավացիորեն անհիմն է համարել Դատարանի կողմից լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրված պատճառաբանությունները, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքը, ըստ էության, մերժել է այն հիմքով, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա և նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է և չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու ու Դատարանի 30.07.2020 թվականի որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ տվյալ դեպքում բացակայել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքը, այն է՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությամբ չի հայցվել այնպիսի հարցի կարգավորում, որի կապակցությամբ նաև ներկայացվել է վերաքննիչ բողոք։

Սույն գործի փաստերից բխում է, որ Դատարանը, 30.06.2020 թվականին իր կողմից կայացված վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով Հայկ Ֆարմանյանի պահանջին՝ կապված իրեն Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում վերականգնելու հետ, և այն համարելով անհիմն ու մերժման ենթակա, և վճռի եզրափակիչ մասում մերժելով այդ պահանջը՝ առանց գործատուին պարտավորեցնելու Հայկ Ֆարմանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց նրան վճարելու համապատասխան հատուցում, ըստ էության, չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասին անդրադառնալու պայմաններում արտահայտված դիրքորոշմամբ այն մասին, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց դատարանը գործատուին պարտավորեցնում է վճարել հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

 Նշված հանգամանքը բավարար համարելով՝ Հայկ Ֆարմանյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով իրեն վերապահված իրավունքից, մինչև Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը միջորդություն է ներկայացրել Դատարան լրացուցիչ վճիռ կայացնելու մասին՝ խնդրելով լրացուցիչ վճռով Կոմիտեին պարտավորեցնել աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Վերը նշված միջնորդությունն ուսումնասիրելու արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալուն, մինչդեռ 30.06.2020 թվականի վճռի դեմ հայցվոր Հայկ Ֆարմանյանի կողմից 29.07.2020 թվականին ներկայացված բողոքով վերջինս խնդրել է մասնակիորեն՝ աշխատանքում չվերականգնելու մասով, բեկանել Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը և այն փոփոխել՝ այդ մասով հայցը բավարարել: Ավելին՝ ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայել է աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով դրամական հատուցում վճարելը վճռում չնախատեսելու վերաբերյալ հիմքը: Նշված հիմքը բացակայել է նաև կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում: Պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 04.08.2020 թվականին ներկայացված բողոքով խնդրել է բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով 30.06.2020 թվականին կայացված վճիռը, և փոփոխել այն` մերժելով Հայկ Ֆարմանյանի հայցը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված միջնորդությունը ներկայացնելու պահի դրությամբ Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը դեռևս վերաքննության կարգով բողոքարկված չի եղել: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքն առաջին անգամ ներկայացվել է 29.07.2020 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, 12.10.2020 թվականին կայացնելով վերը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը կիրառել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի կողմից նշված խախտումը չվերացվելու պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ միևնույն ժամանակ օրինական ուժի մեջ մտնեն ինչպես հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու մասին դատական ակտը, այնպես էլ՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը, որի դեպքում հայցվորը կզրկվի նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց իրեն հասանելիք՝ օրինական ակնկալիք հանդիսացող հատուցում ստանալու իրավունքից, որը Վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումների համատեքստում համարում է անթույլատրելի:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու՝ ՀՀ վարչական դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը վերացնելու համար, որպիսի հանգամանքից ելնելով՝ գործը պետք է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ Հայկ Ֆարմանյանի միջնորդությունը բավարարման ենթակա լինելու պայմաններում նրան աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման չափը որոշելու հարցը լուծելու և այն գործատուին վճարել պարտավորեցնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ/2635/05/19

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2635/05/19

Նախագահող դատավոր՝  Ա. Բաբայան

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Ֆարմանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12102020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Ֆարմանյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը»:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոներ Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս, Տ Պետրոսյանս, Էդ Սեդրակյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 19112021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Ֆարմանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, իրեն վերականգնել Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ` հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, որպես հետևանք՝ պարտավորեցնել Կոմիտեին Հայկ Ֆարմանյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը. մնացած մասով հայցը մերժվել է:

Դիմելով դատարան` Հայկ Ֆարմանյանը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ` պարտավորեցնել Կոմիտեին վճարել իրեն աշխատանքում չվերականգնելու դիմաց դրամական հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Դատարանի 30.07.2020 թվականի որոշմամբ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Հայկ Ֆարմանյանի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2020 թվականի որոշմամբ Հայկ Ֆարմանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Ֆարմանյանը (ներկայացուցիչ Վարազդատ Դանիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը Դատարան է ներկայացվել 03.07.2020 թվականին, Դատարանը միջնորդությունը քննել է 24.07.2020 թվականին, իսկ դրա վերաբերյալ որոշումը կայացրել է 30.07.2020 թվականին: Նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 30.07.2020 թվականին, երբ դեռևս հրապարակված չի եղել միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջնորդության մեջ նշված հիմքերով վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով առկա է եղել լրացուցիչ վճիռ կայացնելու հիմք, քանի որ Դատարանը, վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց դրամական հատուցում վճարելու պարտավորության հարցին, վճռի եզրափակիչ մասում, ըստ էության, չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ` բավարարել լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, ու գտել է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ

- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասում նշված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքին՝ բացահայտելով նույն նորմում գործածված «այն հարցի կապակցությամբ» արտահայտության բովանդակությունը,

- ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատողին դատական կարգով հատուցում տրամադրելու իրավական հնարավորությանը՝ վերջինիս կողմից նման հայցապահանջ ներկայացված չլինելու պարագայում։

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն վարչական դատավարության կարգը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է որոշակի դեպքեր, երբ վարչական դատավարության կարգը կարող է սահմանվել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սակայն այդ հնարավորությունը պետք է հատուկ նախատեսված լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հատուկ նախատեսված է, որ վարչական դատարանի կողմից լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չլինելու հանգամանքը` վարչական դատարանի կողմից լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է կայացնել լրացուցիչ վճիռ, եթե վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը: Այսինքն, լրացուցիչ վճիռն ուղղված է վճռի լրիվության և որոշակիության ապահովմանը: Ընդ որում, լրացուցիչ վճիռը դատարանի նախաձեռնությամբ կարող է կայացվել, իսկ դրա վերաբերյալ միջնորդությունը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի արգելք է սահմանել այն առնչությամբ, երբ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նույն հոդվածի 8-րդ մասի հետ համադրմամբ մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած օրենսդիրը որպես լրացուցիչ վճիռ կայացնելու ինքնուրույն հիմք նախատեսել է այն դեպքը, երբ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը, վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով, վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը, մինչդեռ անգամ այդ դեպքում օրենսդիրն առաջին ատյանի դատարանին արգելել է լրացուցիչ վճիռ կայացնելն այն հարցի կապակցությամբ, որի կապակցությամբ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Այսինքն՝ օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել մինչև լրացուցիչ վճիռ կայացնելը բոլոր դեպքերում պարզելու՝ արդյո՞ք այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ խնդրարկվում է կայացնել լրացուցիչ վճիռ, չի ներկայացվել վերաքննիչ բողոք, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, նշված հանգամանքը լրացուցիչ վճիռ կայացնելու արգելք է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

ՀՀ Սահմանադրական դատարանը 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրն է հանդիսանում անձի խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետևանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետևանքների վերացումը տեղի է ունենում մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Սակայն, առանձին դեպքերում, մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել: Այս դեպքում որպես խախտման բացասական հետևանքները վերացնելու իրավական միջոց է ծառայում, ինչպես նշվեց, անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: Այս մոտեցումն է արտահայտված նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս, մասնավորապես, Վասիլեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով, Vasilescu v. Romania, 1998թ. մայիսի 22-ի վճիռը, կետ 61): Տվյալ դեպքում անօրինականորեն ազատված անձին աշխատանքում չվերականգնելու, այն է՝ մինչև իրավախախտման փաստը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհնարինության դեպքում անձի խախտված իրավունքի արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նրան փոխհատուցում վճարելու միջոցով: Այս գաղափարն է ամրագրված նաև վերոհիշյալ ԱՄԿ թիվ 158 կոնվենցիայի 10-րդ հոդվածում:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու երկու հնարավոր կառուցակարգ: Առաջին դեպքում աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ երկրորդ դեպքում նախկին աշխատանքային հարաբերությունները չեն վերականգնվում, և աշխատողը ստանում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում: Ընդ որում, նշված կառուցակարգերը չեն կարող գործել միաժամանակ, քանի որ բացառում են միմյանց։ Այսինքն՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը չբավարարվելու պայմաններում ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը: Հետևաբար, հայցադիմումում հատուցում ստանալու վերաբերյալ պահանջի բացակայության պայմաններում դատարանի կողմից նշված խնդիրը պետք է դառնա պարտադիր քննության առարկա:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկ Ֆարմանյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանը, իրեն վերականգնել Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ` հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Դատարանը, նշելով նաև, որ «հայցվորը խնդրել է իրեն վերականգնել Պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան պաշտոններից մեկում», գտել է, որ «վերը նշված իրավանորմերով արդեն իսկ բացահայտված են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը, որպիսի իրավանորմերը մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ պաշտոններում վերականգնելու իրավասություն դատարանին չեն տալիս: Ընդ որում, ինչպես նշվեց, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ: Որևէ հաստիքի առաջարկման լիազորությունը պատկանում է գործատուին, տվյալ դեպքում՝ Կոմիտեին, և դատարանը չի կարող որոշում կայացնել վարչական մարմնի փոխարեն և անձին վերականգնել իր նախկին աշխատանքից տարբերվող որևէ կոնկրետ պաշտոնում»: Դատարանը նշել է նաև, որ «Արևմտյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի գործունեությունը դադարեցվել է, իսկ նոր ձևավորված բաժնում որպես բաժնի պետ է նշանակվել գանձումների համակարգման և հաշվառման բաժնի պետը: Ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը՝ Պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան պաշտոններից մեկում վերականգնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման»:

Արդյունքում, Դատարանը 30.06.2020 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու՝ Կոմիտեի 11.02.2019 թվականի թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը Հայկ Ֆարմանյանին հատուցում վճարելուն Կոմիտեին պարտավորեցնելու և հայցը մնացած մասով մերժելու մասին:

03.07.2020 թվականին, այսինքն՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, Հայկ Ֆարմանյանը միջորդություն է ներկայացրել Դատարան լրացուցիչ վճիռ կայացնելու մասին՝ խնդրելով լրացուցիչ վճռով Կոմիտեին պարտավորեցնել աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով՝ միջնորդության մեջ նշելով նաև, որ դատարանն անձին աշխատանքում չվերականգնելու դիմաց գործատուին պարտավորեցնում է աշխատողին վճարել դրամական հատուցում՝ անկախ այդ մասին հայցապահանջում ներկայացված լինելու փաստից, այն է՝ օրենքի ուժով:

Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշմամբ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Հայկ Ֆարմանյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությամբ խնդրարկված պահանջը հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար դատարանն իրավասու չէր առանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված համապատասխան պահանջի անդրադառնալ հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու հարցին:

29.07.2020 թվականին Հայկ Ֆարմանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 30.06.2020 թվականին վճռի դեմ՝ խնդրելով մասնակիորեն՝ աշխատանքում չվերականգնելու մասով, բեկանել Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը և այն փոփոխել՝ այդ մասով հայցը բավարարել. աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով դրամական հատուցում վճարելը վճռում չնախատեսելու կապակցությամբ վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանի 26.08.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշման դեմ բեված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, իսկ 14.09.2020 թվականին որոշում է կայացվել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վերաքննիչ դատարանը, 12.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ արձանագրելով, որ «այն դեպքում, երբ դատարանը աշխատողին (ծառայողին) աշխատանքից (ծառայությունից) ազատելու հետ կապված վեճի քննության արդյունքներով գալիս է այն եզրահանգման, որ վիճարկվող աշխատանքից (զբաղեցրած պաշտոնից, ծառայությունից) ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) մասին անհատական իրավական ակտը ոչ իրավաչափ է, սակայն անհնարին է վերացնել դրա բացասական հետևանքը՝ վերականգնել աշխատողին նախկին աշխատանքում, ապա դատարանը, չվերականգնելով աշխատողին իր նախկին աշխատանքում (ծառայությունում), անկախ հայցվորի կողմից նման պահանջ ներկայացված լինելու հանգամանքից, կրում է դրանից բխող պոզիտիվ պարտականություն՝ պարտավորեցնելու գործատուին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև պարտավորեցնելու գործատուին վճարել հատուցում՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով», «տվյալ դեպքում Դատարանը գործով կայացրած վճռի պատճառաբանական մասում անդրադարձել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը, սակայն իր եզրահանգումները նաև վճռի եզրափակիչ մասում կատարել է միայն այդ իրավակարգավորմամբ սահմանված՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուին միջին աշխատավարձի չափով հատուցում վճարել պարտավորեցնելուն, անհիմն է գնահատում Դատարանի պատճառաբանություններն առ այն, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությամբ խնդրարկված պահանջը հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար Դատարանն իրավասու չէր առանց համապատասխան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջի անդրադառնալ հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու հարցին», միևնույն ժամանակ Հայկ Ֆարմանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «վարչական դատարանի լրացուցիչ վճռի կայացման վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է, որ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան 29.07.2020թ.-ին Բ-1772 մուտքի համարով և 04.08.2020թ.-ին Բ-1822 մուտքի համարով մուտքագրվել են թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով հայցվոր Հայկ Ֆարմանյանի և պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Դատարանի 30.06.2019թ. վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքներ են բերվել Դատարանի 30.06.2019թ. վճռի՝ թե՛ հայցը մասնակի բավարարելու՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.02.2019թ. թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին Հայկ Ֆարմանյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով` սկսած 11.02.2019թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, պարտավորեցնելու մասի, թե՛ մնացած՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 12.07.2019թ. թիվ 1/16-3/37702-2019 գրությամբ ներկայացված հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորման համապատասխան պաշտոններից մեկում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ՝ հայցվորի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով հօգուտ հայցվորի բռնագանձելու պահանջների մասին հայցը մերժելու մասի դեմ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ հայցվորի կողմից ներկայացված «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին» միջնորդությամբ խնդրարկված հարցը, այն է՝ թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով կայացնել լրացուցիչ վճիռ և լրացուցիչ վճռով պարտավորեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ Հայկ Ֆարմանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, անմիջականորեն կապված է գործով քննված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 11.02.2019թ. թիվ 1/490-Ա հրամանն անվավեր ճանաչելու, և հայցվոր Հայկ Ֆարմանյանին աշխատանքում վերականգնելու պահանջները Դատարանի կողմից կայացրած վճռով համապատասխանաբար բավարարելու և մերժելու հետ, եզրահանգել է, որ 30.06.2019թ. վճռի դեմ վերը նշված վերաքննիչ բողոքները ներկայացված լինելու պայմաններում Դատարանը բոլոր դեպքերում իրավասու չէ (չի կարող) լրացուցիչ վճիռ կայացնել այդ հարցի կապակցությամբ, որից ելնելով գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հիմքով և վերը նշված պատճառաբանությամբ բողոքում նշված հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ բողոքը բավարարելու և Դատարանի 30.07.2020թ. «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը վերացնելու համար»:

Վերլուծելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած Վերաքննիչ դատարանն իրավացիորեն անհիմն է համարել Դատարանի կողմից լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրված պատճառաբանությունները, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքը, ըստ էության, մերժել է այն հիմքով, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա և նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է և չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու ու Դատարանի 30.07.2020 թվականի որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ տվյալ դեպքում բացակայել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ վճիռ կայացնելու արգելքը, այն է՝ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությամբ չի հայցվել այնպիսի հարցի կարգավորում, որի կապակցությամբ նաև ներկայացվել է վերաքննիչ բողոք։

Սույն գործի փաստերից բխում է, որ Դատարանը, 30.06.2020 թվականին իր կողմից կայացված վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով Հայկ Ֆարմանյանի պահանջին՝ կապված իրեն Կոմիտեի 12.07.2019 թվականի գրությամբ նշված համարժեք պաշտոններից ցանկացած մեկում վերականգնելու հետ, և այն համարելով անհիմն ու մերժման ենթակա, և վճռի եզրափակիչ մասում մերժելով այդ պահանջը՝ առանց գործատուին պարտավորեցնելու Հայկ Ֆարմանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց նրան վճարելու համապատասխան հատուցում, ըստ էության, չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն իր նման եզրահանգումը պայմանավորել է Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասին անդրադառնալու պայմաններում արտահայտված դիրքորոշմամբ այն մասին, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց դատարանը գործատուին պարտավորեցնում է վճարել հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

 Նշված հանգամանքը բավարար համարելով՝ Հայկ Ֆարմանյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով իրեն վերապահված իրավունքից, մինչև Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը միջորդություն է ներկայացրել Դատարան լրացուցիչ վճիռ կայացնելու մասին՝ խնդրելով լրացուցիչ վճռով Կոմիտեին պարտավորեցնել աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարել դրամական հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Վերը նշված միջնորդությունն ուսումնասիրելու արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալուն, մինչդեռ 30.06.2020 թվականի վճռի դեմ հայցվոր Հայկ Ֆարմանյանի կողմից 29.07.2020 թվականին ներկայացված բողոքով վերջինս խնդրել է մասնակիորեն՝ աշխատանքում չվերականգնելու մասով, բեկանել Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը և այն փոփոխել՝ այդ մասով հայցը բավարարել: Ավելին՝ ներկայացված վերաքննիչ բողոքում բացակայել է աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով դրամական հատուցում վճարելը վճռում չնախատեսելու վերաբերյալ հիմքը: Նշված հիմքը բացակայել է նաև կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում: Պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 04.08.2020 թվականին ներկայացված բողոքով խնդրել է բեկանել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով 30.06.2020 թվականին կայացված վճիռը, և փոփոխել այն` մերժելով Հայկ Ֆարմանյանի հայցը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված միջնորդությունը ներկայացնելու պահի դրությամբ Դատարանի 30.06.2020 թվականի վճիռը դեռևս վերաքննության կարգով բողոքարկված չի եղել: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքն առաջին անգամ ներկայացվել է 29.07.2020 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, 12.10.2020 թվականին կայացնելով վերը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը կիրառել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի կողմից նշված խախտումը չվերացվելու պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ միևնույն ժամանակ օրինական ուժի մեջ մտնեն ինչպես հայցվորին նախկին աշխատանքում չվերականգնելու մասին դատական ակտը, այնպես էլ՝ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը, որի դեպքում հայցվորը կզրկվի նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց իրեն հասանելիք՝ օրինական ակնկալիք հանդիսացող հատուցում ստանալու իրավունքից, որը Վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումների համատեքստում համարել է անթույլատրելի:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու՝ ՀՀ վարչական դատարանի 30.07.2020 թվականի «Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ» որոշումը վերացնելու համար։

 

4. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

Լիովին համաձայն լինելով սույն գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի տեսական վերլուծությունների հետ, գտնում ենք, որ սույն գործի փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը, որպիսի պնդումը հիմնավորվում է ներքոհիշյալ պատճառաբանություններով

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը չի կարող լրացուցիչ վճիռ կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Շարադրված նորմի ճիշտ մեկնաբանման համար նախ անհրաժեշտ է ըմբռնել, թե օրենսդիրն ինչ նպատակ է հետապնդել նման արգելք սահմանելով։ Նորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդրի նպատակն է եղել արգելել առաջին ատյանի դատարանին վճիռ կայացնել մի հարցի կապակցությամբ, որն արդեն քննության առարկա պետք է դառնա վերադաս դատական ատյանում։ Նման արգելքի անհրաժեշտությունը թելադրված է իրավական անորոշությունը բացառելու շարժառիթով, այն է՝ որպեսզի երկու տարբեր դատարաններ միաժամանակ չքննեն նույն հարցը, ընդ որում` օրենսդրի հստակ կամքն այն է, որ բողոք ներկայացված լինելու դեպքում այդ հարցը քննվի վերադաս դատական ատյանում, այսինքն՝ առաջին ատյանի դատարանը զրկվում է իր վճռի թերությունները լրացուցիչ վճիռ կայացնելու միջոցով վերացնելու հնարավորությունից, եթե տվյալ հարցի քննությունն արդեն պետք է կատարվի վերադաս դատական ատյանում։

Ասվածը մասնավորեցնելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, արձանագրում ենք հետևյալը

Սույն գործով Վճռաբեկ դատարանը կատարված վերլուծության արդյունքում հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կողմերի աշխատանքային հարաբերությունները չվերականգնվելու դեպքում «ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը», իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից ակնհայտ է, որ այդ հատուցումն իր մեջ ընդգրկում է ինչպես մինչև վճռի օրինական ուժ ստանալը հարկադիր պարապուրդի, այնպես էլ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման գումարը՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։

Վճռաբեկ դատարանը սույն գործով իր որոշման մեջ իրավացիորեն բացառել է միևնույն վեճի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորումների միաժամանակյա կիրառումը։ Դա իր հերթին նշանակում է, որ եթե հայցվորը վերաքննիչ բողոքով պահանջում է իր կարծիքով առաջին ատյանի դատարանի կողմից սխալմամբ չկիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը կիրառել, մասնավորապես՝ իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ապա բողոքի բավարարման արդյունքում անխուսափելիորեն պետք է փոխվի նաև աշխատողին տրվող հատուցման չափը, այն է՝ նրան պետք է տրվի միջին աշխատավարձի չափով հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչև աշխատանքում վերականգնելը, և այլևս չեն կարող տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուցումները։ Հետևաբար եթե նման պահանջով բողոք է բերվել, ապա հնարավոր չէ պնդել, որ հատուցման հարցի վերաբերյալ բողոք չի ներկայացվել, քանի որ հատուցման պահանջն ածանցյալ է աշխատանքում վերականգնելու պահանջից և նախկին աշխատանքում վերականգնելու կամ չվերականգնելու դեպքում դատարանը պետք է լուծի նաև վերականգնման կամ չվերականգնման դեպքերի համար սահմանված հատուցումների հարցը։

Սույն գործի հանգամանքները լիովին համապատասխանում են վերը շարադրված իրավիճակին, այն է առաջին ատյանի դատարանը 30062020 թվականի վճռով Հայկ Ֆարմանյանի հայցը բավարարել է մասնակիորեն, մասնավորապես մերժել է նրան նախկին աշխատանքում վերականգնելը, ինչի դեմ Հայկ ֆարմանյանի կողմից 29072020 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով այդ մասով բեկանել և փոփոխել վճիռը՝ վերականգնել նախկին աշխատանքում։ Ի դեպ, սույն գործով կայացված վճռի դեմ 29072020 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Կոմիտեն՝ պահանջելով հայցն ամբողջությամբ մերժել։ Ակնհայտ է, որ երկու բողոքներից ցանկացածի բավարարման դեպքում աշխատողին վճարվող հատուցումների չափը պետք է փոփոխվի կամ հատուցումը պետք է ընդհանրապես մերժվի։ Դա իր հերթին նշանակում է, որ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման հարցով բողոքներ ներկայացվել են։

Հայցվորը միաժամանակ 03072020 թվականին առաջին ատյանի դատարան է ներկայացրել լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդություն, որի վերաբերյալ որոշումը հրապարակվել է 30072020 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ներկայացված են եղել աշխատողին վճարվելիք հատուցման հարցերի վերաբերյալ վերաքննիչ բողոքները։ Քանի որ բողոքների քննության արդյունքում հատուցման հարցն անխուսափելիորեն պետք է քննության առարկա դառնա Վերաքննիչ դատարանում, կարող են ստեղծվել հետևյալ իրավիճակներըհայցվորի բողոքը բավարարվելու դեպքում աշխատողը կվերականգնվի նախկին աշխատանքում, և Դատարանի լրացուցիչ վճիռը կդառնա ավելորդ, իսկ պատասխանողի բողոքը բավարարվելու դեպքում հայցը կմերժվի, և լրացուցիչ վճիռը կմնա անկատար, երկու դեպքում էլ լրացուցիչ վճիռը կդառնա հիմնական վճռից կտրված և կատարման ոչ ենթակա դատական ակտ։ Այսպիսով, քանի որ օրենսդիրը առաջին ատյանի դատարանին արգելել է բողոքներ ներկայացված լինելու պայմաններում լրացուցիչ վճիռ կայացնել, ուստի առաջին ատյանի դատարանը՝ մերժելով լրացուցիչ վճիռ կայացնելը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ անփոփոխ թողնելով նշված դատական ակտը, կայացրել են ճիշտ, օրինական որոշումներ, իսկ Վերաքննիչ դատարանն իր 12102020 թվականի որոշմամբ նաև տվել է իր որոշման հիմնավոր պատճառաբանությունները։

2Բացի վերոգրյալը, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերը հաշվի չի առել՝ գալով այն եզրահանգման, որ տվյալ դեպքում դատարանը լրացուցիչ վճիռ կայացնելը չէր կարող մերժել, քանի որ առկա են լրացուցիչ վճիռ կայացնելու օրենքով սահմանված նախապայմանները։ Այսպես

ՀՀ քաղաքացիակիան դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե` վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը։

Նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դատարանը վճռի եզրափակիչ մասում որևէ պահանջի բավարարման կամ մերժման հարցը լուծած չլինելու թերությունը կարող է վերացնել միայն այն դեպքում, երբ վճռի պատճառաբանական մասում անդրադարձել է տվյալ պահանջին։ «Պահանջին անդրադառնալ» բառակապակցությունը տվյալ դեպքում նշանակում է, որ դատարանի վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրակացություն՝ գործին մասնակցող անձի պահանջի հիմնավոր լինելու վերաբերյալ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետ), հակառակ դեպքում գործ կունենանք այդ մասով չպատճառաբանված վճռի հետ։

Օրենսդրի կողմից նման կարգավորումը նույնպես ինքնանպատակ չէ, քանի որ օրենսդիրն առաջին ատյանի դատարանին թույլատրել է ուղղել ոչ թե վճռի թերություններն ընդհանրապես, այլ միայն տեխնիկական (ձևական) թերությունները, իսկ վճռում լուծման ենթակա որևէ պահանջին ընդհանրապես չանդրադառնալը և միաժամանակ չլուծելը չի կարող համարվել տեխնիկական (ձևական) թերություն։ Դա արդեն դատական սխալ է, որի վերացման համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է այլ կառուցակարգեր։

Սույն գործով Դատարանի 30062020 թվականի վճռի պատճառաբանական մասի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այնտեղ բացակայում է որևէ դատողություն, առավել ևս՝ եզրակացություն՝ աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման պահանջի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ վճռի պատճառաբանական մասը եզրահանգում է պարունակում միայն աշխատանքում չվերականգնելու դիմաց հարկադիր պարապուրդի վճարման պահանջի հիմնավորվածության վերաբերյալ (հատոր 3-րդ գթ 130-136), որպիսի պայմաններում վճռի քննարկվող թերությունը չի կարող վերացվել լրացուցիչ վճիռ կայացնելու միջոցով։

Տվյալ դեպքում խոսք կարող է գնալ դատական սխալի մասին, ինչը կարող է ուղղվել միայն համապատասխան հիմքով վերաքննիչ բողոք բերելու եղանակով։

Այսպիսով, կարծում ենք, որ սույն գործի փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ քննարկվող դատավարական նորմերին տալով միայն տառացի մեկնաբանություն, անտեսել է, որ նման մեկնաբանություն տալիս պետք է հաշվի առնել «նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը»։

Նման պայմաններում գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի բողոքարկվող որոշումը վերացվել չի կարող, քանի որ անկախ վերաքննիչ բողոք ներկայացրած անձանց գնահատականներից, աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցման հարցն առհասարակ չլուծելու վճռի թերությունը չի կարող վերացվել լրացուցիչ վճիռ կայացվելու միջոցով։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի 30․072020 թվականի որոշումը պետք է թողնվի անփոփոխ։

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան