ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2022 թվականի N 348-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի։
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 21-ի N 348-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ԾԱԾԿԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերություններն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:
2. Սույն ընթացակարգով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 140 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 7 հավելվածով հաստատված «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության համաձայն:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագրին դասվող սպիտակ շաքար.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
III. ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
5. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի բաշխումն իրականացվում է մինչև Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
6. Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ներառյալ: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված հայտը ենթարկել փոփոխության՝ մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:
7. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` լիազոր մարմին ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից հայտ ներկայացվելու ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D,
որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
9. Պատմական գնորդները լիազոր մարմին են ներկայացնում իրենց հայտերը, որոնցում խնդրարկված ներմուծվելիք ապրանքի քանակը չպետք է գերազանցի հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուրի կողմից ներմուծված ապրանքի միջին ծավալը:
10. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո մնացորդի առկայության դեպքում, լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն պատմական գնորդներին, որոնք ստացել են նախնական հայտով խնդրարկված ծավալից ավելի քիչ ներմուծման թույլատրելի ծավալ, էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկվում` նշելով մնացորդի քանակը:
11. Պատմական գնորդները լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հայտեր:
12. Ներկայացված լրացուցիչ հայտերն ստանալուց հետո լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է պատմական գնորդներին հասանելիք մնացորդի վերաբաշխումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր պատմական գնորդի կողմից ներմուծման թույլատրելի ծավալի տեսակարար կշիռը պատմական գնորդներին հասանելիք ներմուծման ծավալի մեջ՝ հաշվի առնելով պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկման եղանակը:
13. Եթե պատմական գնորդները ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտեր չեն ներկայացնում, ապա ներմուծման թույլատրելի ծավալի մնացորդը բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև:
14. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով չպետք է գերազանցի արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 20 տոկոսը:
15. Արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է համամասնորեն՝ ըստ արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցներին հասանելիք ներմուծման թույլատրելի ծավալի մեջ դիմած քանակների տեսակարար կշիռների։
16. Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները 2022 թվականի հունիսի 10-ից մինչև հունիսի 20-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ` համաձայն ձևի։
17․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված մասը լիազոր մարմնի կողմից բաշխվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև, սակայն յուրաքանչյուր մեկ մասնակցի մասով հիշյալ ծավալը չպետք է գերազանցի չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալի 20 տոկոսը` մինչև առկա չբաշխված ծավալի սպառումը։
18. Դիտանցման նպատակով մաքսային ոլորտի լիազոր մարմինն ամսական պարբերականությամբ՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն սպիտակ շաքարի ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվություններ է ներկայացնում լիազոր մարմին՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
19. Լիազոր մարմինը 2022 թվականի մայիսի առաջին տասնօրյակում էլեկտրոնային եղանակով ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում սպիտակ շաքար ներմուծող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված սպիտակ շաքարի փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով հիմնավորված տեղեկատվություն լիազոր մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
20․ Սույն ընթացակարգի 19-րդ կետով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ ներկայացված փաստացի տվյալների հիմնավորվածության, իսկ, հակառակ պարագայում, համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցերի քննարկման նպատակով։
IV. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
21. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
22. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
23. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
24. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգի 21-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կամ մերժվում է մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:
25. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
26. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
27. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և սույն ընթացակարգի 25-րդ կետով սահմանված տեղեկացումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը: Միևնույն անձի կողմից տարբեր ընկերությունների անունից հայտ ներկայացնելը հիմք է հանդիսանում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտի մերժման համար։
28. Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում 2022 թվականի օգոստոսի 31-ը։
29. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
30. Այն դեպքում, երբ, որպես իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ հայտատուի անձնագրային տվյալները, հայտատուն պարտավոր է փոփոխված փաստաթղթերը ձեռք բերելուց հետո 3-օրյա ժամկետում դիմել լիազոր մարմին՝ տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար, իսկ նոր լիցենզիա ձևակերպելու համար ներկայացնել սույն ընթացակարգի 21-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
V. ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
31. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում․
4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
32. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու իրավունք ունի հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
5) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում:
33. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։
34. Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
35. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո, տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
36. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև
Հ Ա Յ Տ
ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը և կնիքը _____ ______________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 21-ի N 348-Ն որոշման |
Ձև
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը
Ստորագրությունը և կնիքը
____ ___________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 21-ի N 348-Ն որոշման |
Ձև
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին | ||||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը | |||
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
| |||
5. Հայտատուն |
6. Վաճառողը | |||
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը | |||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը | ||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը
Ստորագրությունը և կնիքը
____ ___________ 202 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2022 թվական: