ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/1112/01/19 | ||||||
Գործ թիվ ԵԴ/1112/01/19 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի հոկտեմբերի 22-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հովհաննես Վարդգեսի Զորոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 12119619 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ու 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշումներով Հովհաննես Վարդգեսի Զորոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2019 թվականի նոյեմբերի 25-ին Հ.Զորոյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Հ.Զորոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նախաքննության մարմնի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ Հ.Զորոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
2020 թվականի հունվարի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի փետրվարի 18-ի դատավճռով Հովհաննես Զորոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով:
3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ներկայացված բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Հովհաննես Զորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցի 8-րդ հասցեում գտնվող գեղեցկության սրահի դիմաց տեսնելով իր ծանոթ, նախկինում ունեցած վիճաբանության պատճառով անբարեհաճ հարաբերությունների մեջ գտնվող Գևորգ Համլետի Զաքարյանին, մոտեցել է նրան, առանց նրա հետ զրույցի բռնվելու, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Գևորգ Համլետի Զաքարյանի որովայնի և ձախ արմնկահոդի շրջաններին՝ վերջինի առողջությանը դիտավորությամբ պատճառելով որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով՝ ուղեկցված բարակ և հաստ աղիների վնասումով և ձախ արմնկահոդի շրջանի կտրած-ծակած վերքի ձևով՝ ուղեկցված մկանախարձերի և ճաճանչային նյարդի վնասումով՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի»1։
6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Առաջին ատյանի դ]ատարանը [հաշվի առնելով] ամբաստանյալ Հովհաննես Զորոյանի անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չլինելը, դրական բնութագրվելը, վատառողջ լինելը, աշխատելը, խնամքին 2-րդ խմբի հաշմանդամ հոր՝ Վարդգես Վոլոդյայի Զորոյանի առկայությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ նախաքննության մարմին կամովին ներկայանալը, ինչպես նաև հանցագործությունը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը՝ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելով, անկեղծորեն զղջալով և խոստովանական ցուցմունքներ տալով՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը:
(…) [Ինչպես նաև այն], որ տուժող Գևորգ Զաքարյանը հաշտվել է ամբաստանյալ Հովհաննես Զորոյանի հետ, վերջինս, ըստ տուժողի, նյութական օգնություն է ցուցաբերել տուժողին, մասնավորապես՝ հիվանդանոցային և հետվիրահատական բուժման ծախսերը փոխհատուցելու եղանակով:
(…) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հովհաննես Զորոյանը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի նրա ուղղումը հնարավոր է առանց իրական պատիժը կրելու:
Միաժամանակ, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հովհաննես Զորոյանին պետք է պարտավորեցնել չփոխել մշտական բնակության վայրը` (…)։
Ինչ վերաբերում է մեղադրողի այն պնդմանը, որ հանցագործության գործիքի առկայությունը խոսում է ամբաստանյալ Հովհաննես Զորոյանի կատարած հանցագործության հանրային բարձր վտանգավորության մասին, ապա [Առաջին ատյանի դ]ատարանը, թեև արագացված կարգով դատական քննության արդյունքում գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, սակայն հարկ է համարում արձանագրել, որ մեղադրողի կողմից նշված հանցագործության գործիք հանդիսացող դանակը քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված չէ, հետևաբար [Առաջին ատյանի դ]ատարանը զրկված է ապացույց չճանաչված հանցագործության գործիքի առկայությամբ հանցագործության հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորելու հնարավորությունից»2։
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ամբաստանյալ Հ.Զորոյանի կողմից նշանակված պատիժը կրելու աննպատակահարմարության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի] մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար (…) ընդունելի է:
Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ դատախազի այն պնդումը, որ դատարանում հետազոտված նյութերից չի բխում Հովհաննես Զորոյանի վատառողջ լինելը, քանի որ հետազոտված փաստաթղթերից պարզ է դարձել, որ ամբաստանյալն առողջական խնդիրների՝ նյարդային հիվանդ լինելու պատճառով «7բ» կետով ազատվել է զինվորական ծառայությունից, իսկ դատավորի հարցին ի պատասխան նշել է, որ ներկայում առողջական խնդիրներ չունի, որպիսի պայմաններում անհասկանալի է, թե որ առողջական խնդրի առկայությունն է հանդիսանում մեղմացնող հանգամանք: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի վերաբերյալ գործի նյութերում առկա և առաջին ատյանի դատարանում հետազոտված փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Հ.Զորոյանի մոտ ախտորոշվել է բաց թափանցող ծանր գանգուղեղային վնասվածք, գագաթային աջ հետին ճակատագագաթային շրջանի բազմաբեկորային ներհրված կոտրվածք, ճակատոսկրի բեկորային գծային կոտրվածք, գլխուղեղի սալջարդ միջին ծանրության վնասվածք, իսկ զինվորական գրքույկի պատճենից երևում է, որ ամբաստանյալը Հայաստանի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից հիվանդությունների ցուցակի 12 բ հոդվածի համաձայն՝ այն է կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ (մանրէային, վիրուսային) և վարակիչ-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ՝ ընդհանուր վարակների, սուր և քրոնիկական ինտոքսիկացիաների ժամանակ՝ ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումով՝ ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի:
Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, որ դատավճռում չի պատճառաբանվել, թե դրական բնութագրվելը, տուժողի հետ հաշտվելը կամ նրա բուժման ծախսերը հատուցելն ինչ նշանակություն ունեն հանրային մեղադրանքի գործերով և ինչպես են նվազեցնում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը կամ ինչպես են վերականգնում սոցիալական արդարությունը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սոցիալական արդարության վերականգնման առումով հենց հանրային մեղադրանքի գործերով է անհրաժեշտ հաշվի առնել տուժողի կողմից հանցանք կատարած անձի դեմ բողոք, պահանջ չունենալու, պատճառված վնասը հարթելու ուղղությամբ որևէ միջոց ձեռնարկելու հանգամանքները, քանի որ մասնավոր հետապնդման գործերով տուժողի բողոքի բացակայությունն արդեն իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Հետևաբար դատարանը, անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս, նշված հանգամանքները չի կարող հաշվի չառնել:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, արագացված դատաքննության դեպքում, [Առաջին ատյանի դ]ատարանն արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը գնահատելիս պետք է հաշվի առներ մեղադրանքի ծավալն ամբողջությամբ, այդ թվում՝ նաև հանցագործության գործիքի առկայությունը, ուստի այս առումով բողոքաբերի պնդումը տեղին է: Սակայն նույնիսկ տվյալ պայմաններում, հաշվի առնելով գործում առկա մյուս հանգամանքները, [Առաջին ատյանի դ]ատարանն ընդհանուր առմամբ նշանակել է համաչափ պատիժ:
Վերաքննիչ դատարանը նշանակված պատժի համաչափության հարցը գնահատելիս միաժամանակ հաշվի է առնում նաև, որ [Առաջին ատյանի դ]ատարանի կողմից սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետ, ինչը բավականաչափ ժամանակ է օրինապահ վարքագիծ դրսևորելու պարտականության առումով»3։
8. Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ ամբաստանյալ Հ.Զորոյանի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տեղեկանքը կազմված է 2006 թվականի ապրիլի 14-ին4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Արմեն Շահբազյանի, Պարույր Բայրամյանի և այլոց գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, ինչպես առանձին վերցրած, այնպես էլ համակցության մեջ պատշաճ գնահատականի չեն ենթարկել վերջինիս անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հետևյալ հանգամանքները.
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ. ա) ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մահ, բ) կտրող-ծակող գործիքի առկայությունն ու այն գործադրելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ տուժողի հետ վիճաբանությունից շուրջ մեկ ամիս հետո, պատահական տեսնելով նրան, ամբաստանյալ Հ.Զորոյանն անմիջապես մոտեցել և առանց զրույցի բռնվելու իր մոտ առկա գործիքով երկու հարված է հասցրել տուժողին, գ) տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում հարվածներ հասցնելու հանգամանքը, դ) ուղղակի դիտավորությամբ գործելը։
Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, ստորադաս դատարանների կողմից որպես ամբաստանյալ Հ.Զորոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող դիտարկված հանգամանքներն իրական չեն։ Մասնավորապես՝ բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալն ինքնակամ ներկայացել է ոչ թե հանցանքը կատարելուց հետո, այլ շուրջ երեք ամիս անց՝ նրա նկատմամբ հայտարարված հետախուզման առկայության և վաղ թե ուշ հայտնաբերվելու անխուսափելիության պայմաններում։ Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելուն, անկեղծորեն զղջալուն, խոստովանական ցուցմունք տալուն և հանցագործության բացահայտմանն աջակցելուն, ապա ըստ բողոքաբերի մինչև Հ.Զորոյանի՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալը նրա կատարված արարքն արդեն իսկ բացահայտված է եղել և վերջինս բավարար ապացույցների համակցությամբ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Անդրադառնալով ամբաստանյալի՝ նախկինում դատապարտված չլինելու հանգամանքին, բողոքաբերը նշել է, որ իրավահպատակ վարքագիծը բնորոշ է հասարակության լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից, հետևապես այն չի կարող դիտարկվել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։
Նշվածի համատեքստում բողոքաբերը նշել է նաև, որ տուժողի հետ հաշտվելը և բուժման ծախսերը փոխհատուցելը չէր կարող բավարար համարվել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ գործում առկա չեն ամբաստանյալ Հ.Զորոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող այնպիսի հանգամանքներ, որոնցով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը։
10. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է մասնակիորեն բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ու վերացնել ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։
Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ։ Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով։ Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն։ Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան։ Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա։ Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս։
(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը։ Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ (…)5:
13. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը6:
14. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցերը քննարկելիս կարևոր է նաև անձի առողջական վիճակի վերաբերյալ առկա տեղեկությունների՝ որպես անձը բնութագրող տվյալի, վերլուծությունն ու գնահատումը, քանի որ անձի մոտ հիվանդության առկայությունը` ելնելով դրա բնույթից, տեսակից և ծանրության աստիճանից, գործում առկա այլ տվյալների համակցությամբ, կարող է վկայել անձին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, ինչը համահունչ է նաև կարևորագույն` մարդասիրության սկզբունքին, ինչպես նաև բխում է դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի արգելքի սահմանադրական և կոնվենցիոն պահանջից7:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Զորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցի 8-րդ հասցեում տեսնելով իր ծանոթ, նախկինում ունեցած վիճաբանության պատճառով անբարեհաճ հարաբերությունների մեջ գտնվող Գ.Զաքարյանին, մոտեցել է նրան և առանց զրույցի բռնվելու, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա որովայնի ու ձախ արմնկահոդի շրջաններին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով՝ ուղեկցված բարակ և հաստ աղիների վնասումով ու ձախ արմնկահոդի շրջանի կտրած-ծակած վերքի ձևով՝ ուղեկցված մկանախարձերի և ճաճանչային նյարդի վնասումով՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի8։
Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Զորոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել կամովին ներկայանալը, հետհանցավոր վարքագիծը՝ առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելով, անկեղծորեն զղջալով և խոստովանական ցուցմունք տալով՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է, աշխատում է, խնամքին է 2-րդ խմբի հաշմանդամ հայրը, բացի այդ՝ հաշտվել է տուժողի հետ և փոխհատուցել բուժման ծախսերը։ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ հանցագործության գործիքն իրեղեն ապացույց ճանաչված չէ, ուստի զրկված է կատարված արարքի հանրային բարձր վտանգավորությունը հանցագործության գործիքով պայմանավորելու հնարավորությունից9։
Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել է հիմնավորված և իրավաչափ հետևության։ Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկներին, Վերաքննիչ դատարանն անհիմն է գնահատել ամբաստանյալի վատառողջ չլինելու պնդումը, նշելով, որ վատառողջ լինելը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքով և զինվորական գրքույկում նշված՝ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդգծելով, որ դատական քննության արագացված կարգի կիրառմամբ գործի քննության պայմաններում Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Զորոյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը գնահատելիս պետք է հաշվի առներ վերջինիս առաջադրված մեղադրանքի ծավալն ամբողջությամբ, այդ թվում՝ նաև հանցագործության գործիքի առկայությունը, գտել է, որ այնուամենայնիվ, նշանակված պատիժն ամբաստանյալ Հ.Զորոյանի կողմից կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության10։
16. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,
դ) հանցագործության եղանակը և իրադրությունը՝ այն, որ փողոցում տեսնելով տուժողին, ում հետ նախկինում ունեցած վիճաբանության պատճառով գտնվել է անբարեհաճ հարաբերությունների մեջ, անմիջապես մոտեցել է նրան ու առանց զրույցի բռնվելու իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել վերջինիս և դիմել փախուստի,
ե) հասցված հարվածների քանակը (երկու հարված), դրանց բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել նաև տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ որովայնի հատվածին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է բարակ ու հաստ աղիների վնասումով, որը վտանգավոր է կյանքի համար։
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, աշխատելը, խնամքին հաշմանդամ հոր առկայությունը, կամովին ներկայանալը, առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, ինչպես նաև տուժողի հետ հաշտվելը և բուժման ծախսերը փոխհատուցելը, ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծելով հանդերձ, որ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները՝ որպես անձը բնութագրող տվյալ, գործում առկա այլ տվյալների համակցությամբ, կարող են վկայել անձին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես ելակետ ընդունված՝ ՀՀ առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի՝ շուրջ 15 տարի առաջ կազմված տեղեկանքը11, ինչպես նաև զինվորական գրքույկում առկա տեղեկությունը չէին կարող բավարար դիտարկվել ամբաստանյալ Հ.Զորոյանի առողջական առկա վիճակը պատշաճ վերլուծելու և պատժի կրման արդյունքում հնարավոր բացասական հետևանքները գնահատելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում, ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ առկա տվյալները բավարար չեն սույն որոշման 12-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո համապատասխան եզրահանգման գալու համար։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
18. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ. «նշանակված պատժի համաչափության հարցը գնահատելիս միաժամանակ հաշվի է առնում նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանվել է փորձաշրջանի առավելագույն ժամկետ, ինչը բավականաչափ ժամանակ է օրինապահ վարքագիծ դրսևորելու պարտականության առումով», ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումը պետք է հիմնվի կատարված արարքի հանրային վտանգավորության և բնույթի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև անձը բնութագրող տվյալների համակողմանի վերլուծության վրա։
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն դատողությանը, որ նախկինում դատապարտված չլինելը չէր կարող դիտարկվել որպես Հ.Զորոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում դատապարտված չլինելը ստորադաս դատարաններն իրավաչափորեն գնահատել են որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, այդ թվում՝ ամբաստանյալ Հ.Զորոյանի առողջական առկա վիճակը գնահատելով՝ հանգի համապատասխան հետևության։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Հ.Զորոյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Հովհաննես Վարդգեսի Զորոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 18-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Հովհաննես Վարդգեսի Զորոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 155-163:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 53-57:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 101-107:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 67:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գերասիմ Վարտանյանի գործով 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԿԴ/0289/01/17 որոշման 18-18․1-րդ կետերը:
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|