Գլխավոր տեղեկություն
Համար
N 461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.599
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 461-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի Գ բաժնով և Ե բաժնի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը համարել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի գլխավոր գործակալություն (լիազոր մարմին):

(1-ին կետը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

3. Ստեղծել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհուրդ:

(3-րդ կետը լրաց., փոփ. 08.10.15 N 1158-Ն)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի կանոնադրությունը:

(4-րդ կետը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման 3-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 461-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

(վերնագիրը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Հիմնարկը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:

(1-ին կետը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” Министерства экономики Республики Армения.

3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation Unit” of Ministry of Economy of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.

5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” М Э РА.

6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” of ME of RA։

(5-րդ կետը խմբ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4:

(6-րդ կետը խմբ. 24.05.12 N 638-Ն)

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած՝ գյուղական տարածքների տնտեսական զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերի իրականացումն է:

8. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք հանրապետական գործադիր մարմինների բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10) ծրագրի իրականացման մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը.

13) իրականացնում է վարկառուներին և ենթավարկառուներին տրամադրվող շրջանառու վարկային միջոցների կառավարումը և մոնիթորինգը` համաձայն ձևի ուղեցույցի:

(13-րդ կետը լրաց. 15.03.12 N 287-Ն)

9. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

11. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:

12. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

13. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

14. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

15. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է բանկային համակարգի միջոցով:

16. Հիմնարկն օրենքի սահմաններում՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ։

17. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:

18. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

19. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

20. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և լիազոր մարմինը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

21. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը։

22. Լիազոր մարմինը`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թիվը.

2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) թեկնածուներ է առաջադրում՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.

4) հաստատում է ըստ ծրագրի բաղադրիչների՝ ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում՝ նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

23. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հիմնարկի տնօրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով՝ բացառությամբ սպասարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաստիքացուցակով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

24. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:

25. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

26. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 

 V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

27. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

28. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

29. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

30. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

31. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

32. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից:

33. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ

(վերնագիրը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

 

Սահմանումներ

Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ` ԳՖԿ) սույն կանոնադրությունն ավելի ըմբռնելի դարձնելու նպատակով կկիրառվեն հետևյալ սահմանումները`

1) փոխառու նշանակում է Հայաստանի Հանրապետություն,

2) ֆինանսավորման համաձայնագրեր նշանակում է գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով ԳԶՄՀ-ի և փոխառուի, ինչպես նաև փոխառուի և այլ դոնոր կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրեր,

3) ՇՀՖԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր,

4) ԳԶՄՀ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ,

5) ՎԽ նշանակում է վարկային խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում,

6) ԾԻԳ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված Ծրագրերի իրականացման գրասենյակ, որը պատասխանատու է Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի (ԳԿՍԾ) իրականացման ընդհանուր համակարգման և կառավարման համար,

7) ԾԻԳ-ի կանոնադրություն նշանակում է Ծրագրերի իրականացման գրասենյակի կանոնադրություն, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ,

8) ԾԻԳ-ի տնօրեն նշանակում է Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն,

9) ՄՖԿ նշանակում է մասնակից ֆինանսական կառույց, ինչպես օրինակ` բանկ, վարկային և լիզինգային կազմակերպություն կամ այլ ֆինանսական կառույց, որն ընտրվում է գյուղական ֆինանսավորման կառույցի վերաֆինանսավորման գործառույթներին մասնակցելու նպատակով,

10) ԾՂԽ նշանակում է ծրագրի ղեկավար խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում,

11) ԳՏՏԶԾ նշանակում է ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր,

12) ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույց նշանակում է կանոնների և կանոնակարգերի համառոտագիր, որոնք ենթակա են կիրառման ԳԶՄՀ-ից և այլ դոնորներից ստացված ֆինանսական միջոցների կառավարման համար,

13) ԳՖԿ-ի ծրագրային հաշիվներ նշանակում է ցանկացած հաշիվ, որի միջոցով ԳՖԿ-ն ստանում է արտաքին օժանդակություն գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառույթների համար և ցանկացած հաշիվ, որը ԳՖԿ-ն օգտագործում է ծրագրային գործառնությունների իրականացման համար,

14) ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները ներառում են բոլոր ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են ԳՖԿ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից այն բացառիկ պայմանով, որ դրանք պետք է կառավարվեն գյուղական ֆինանսավորման կառույցի սույն կանոնադրությամբ: ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները նաև ներառում են հետադարձ հոսքերը մասնակից ֆինանսական կառույցներից, տոկոսագումարները և ցանկացած այլ ակտիվներ, որոնք հաշվեգրվում են նշված միջոցներին,

15) ԳՖԿ-ի տնօրեն նշանակում է գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրեն,

16) ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններ նշանակում է ֆինանսավորման համաձայնագրերում սահմանված կարգով գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային ակտիվների օգտագործում մասնակից ֆինանսական կառույցներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք անհրաժեշտ են գյուղական ֆինանսավորման կառույցի ծրագրային գործառնություններն իրականացնելու, կառավարելու և մշտադիտարկելու համար,

17) գյուղական ֆինանսավորման կառույց կամ ԳՖԿ նշանակում է ինքնուրույն միավոր ԾԻԳ-ի կառուցվածքում, ինչպես սահմանված է ԳՖԿ-ի սույն կանոնադրության մեջ:

 

1. Նախաբան

 

1.1. ԳՖԿ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է հաստատելու ԾԻԳ-ի կառուցվածքում ԳՖԿ-ի առանձին և ինքնուրույն կարգավիճակը բոլոր ֆինանսական միջոցների մասով, որոնք տրամադրվում են ԳՖԿ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից այն բացառիկ պայմանով, որ դրանք պետք է կառավարվեն գյուղական ֆինանսավորման կառույցի սույն կանոնադրությամբ:

1.2. ԳՖԿ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է որպես հավելված ԾԻԳ-ի կանոնադրությանը: ԾԻԳ-ի կանոնադրության և ԳՖԿ-ի կանոնադրության միջև շարադրանքի անհամապատասխանության դեպքում գերակա է ԳՖԿ-ի սույն կանոնադրությունը: ԳՖԿ-ի կանոնադրության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի կողմից:

 

2. ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները

 

2.1. ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները նշանակում են ծրագրային ակտիվների օգտագործում` ՄՖԿ-ներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը ներդրումային ուղեցույցին համապատասխան, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերով սահմանված կարգով անհրաժեշտ են ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններն իրականացնելու, կառավարելու և մշտադիտարկելու համար: Իր ծրագրային գործառույթների իրականացման համար ԳՖԿ-ն պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ազգային զինանշանով պաշտոնական կլոր դրոշմակնիք: Ընդհանուր առմամբ ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները կիրականացվեն համաձայն համապատասխան կանոնակարգերի` գերակայության հետևյալ հաջորդականությամբ`

1) ֆինանսավորման համաձայնագրեր,

2) ԳՖԿ-ի սույն կանոնադրությունը,

3) ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցը:

 

3. ԳՖԿ-ի կառուցվածքը

 

ԳՖԿ-ի կառավարման մարմիններն են`

3.1. Ծրագրի ղեկավար խորհուրդ (ԾՂԽ)- ԾՂԽ-ն

3.1.1. հաստատում է ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցը և դրանում կատարված ցանկացած փոփոխություն և լրամշակում, որը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից,

3.1.2. մշակում և վերահսկում է ԳՖԿ-ի գործառնությունների ընդհանուր քաղաքականությունը,

3.1.3. որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ և պետք է հաստատվեն ԳԶՄՀ-ի և այլ համապատասխան դոնորների կողմից,

3.1.4. հաստատում է ԳՖԿ-ի տարեկան աշխատանքային պլան-բյուջեն,

3.1.5. հաստատում է ԳՖԿ-ի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները:

3.2. Վարկային խորհուրդը (ՎԽ)

3.2.1. հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ների կողմից ստացված վերաֆինանսավորման հայտեր ներդրումային ուղեցույցին համապատասխան,

3.2.2. ընդունում է որոշումներ` հիմնվելով ենթավարկերի /լիզինգային վարկերի ներդրումային ուղեցույցի ժամկետներին և պայմաններին համապատասխանելիության վրա:

3.3. ԾՂԽ-ի և ՎԽ-ի կազմը սահմանվում է ֆինանսական համաձայնագրերով:

3.4. ՎԽ-ի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ՎԽ-ի նախագահի ձայնը վճռորոշ է: ՎԽ-ի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների առնվազն հիսուն տոկոսը: ՎԽ-ն իրավասու է մերժել հայտը, եթե այն չի համապատասխանում ԳՖԿ-ի ներդրումային ուղեցույցում նշված համապատասխանության չափանիշներին:

 

4. ԳՖԿ-ի տնօրենը

 

4.1. ԳՖԿ-ի տնօրենը պետք է ունենա համապատասխան բացառիկ լիազորություններ իրականացնելու ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունները, կատարի իր պարտականությունները և իրականացնի իր ստանձնած լիազորությունները պատշաճ ջանասիրությամբ և պատասխանատվությամբ ԾՂԽ-ի ղեկավարության ներքո:

4.2. Մասնավորապես, ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների շրջանակում ԳՖԿ-ի տնօրենը պետք է ունենա ԳՖԿ-ն ներկայացնելու, ԳՖԿ-ի հաշիվները վարելու և ԾԻԳ-ի անունից իրավական ուժ ունեցող պարտավորություններ ստանձնելու բացառիկ լիազորություններ: ԳՖԿ-ի տնօրենը պետք է իրականացնի իր ստանձնած լիազորությունները ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների շրջանակում: ԾԻԳ-ի տնօրենը ԳՖԿ-ի տնօրենին պետք է հատկացնի ԾԻԳ-ի անունից գործելու մշտական լիազորություն ԳՖԿ-ի սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:

4.3. ԳՖԿ-ի տնօրենի նշանակումը պետք է հաստատվի ԾՂԽ-ի, ինչպես նաև ԳԶՄՀ-ի կողմից և պետք է ունենա ԳԶՄՀ-ի համար ընդունելի որակավորում և փորձառություն: ԳՖԿ-ի տնօրենն անմիջականորեն հաշվետու է ԾՂԽ-ին: ԳՖԿ-ի տնօրենը հաշվետու է նաև ԾԻԳ-ի տնօրենին համաձայն ֆինանսական համաձայնագրերի հաշվետվողականության մասով պարտավորությունների, ինչպես նշված է ստորև ներկայացված 6.3-րդ կետում:

 

5. ԳՖԿ-ի աշխատակազմը

 

5.1. ԳՖԿ-ի աշխատակազմի ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ` ԳՖԿ-ի տնօրենը պետք է առաջարկի թեկնածուին համապատասխան պաշտոնում նշանակման համար, որից հետո թեկնածուն պաշտոնապես կնշանակվի համապատասխան պաշտոնում` ըստ կիրառվող օրենսդրության: ԳՖԿ-ի բանկային մասնագետը (մասնագետները) և հաշվապահը (հաշվապահները) նշանակվում և ազատվում են միայն ԳԶՄՀ-ի կողմից ստացված համաձայնության հիման վրա: ԳՖԿ-ի աշխատողներն իրականացնում են իրենց պարտականությունները ԳՖԿ-ի տնօրենի կողմից ստացված հանձնարարականներին համապատասխան և անմիջականորեն հաշվետու են ԳՖԿ-ի տնօրենին:

5.2. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները կարող են օգտագործվել ԳՖԿ-ի տնօրենի և աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով: Աշխատավարձերը պետք է արդարացի և համապատասխան կերպով հաշվարկվեն` հաշվի առնելով այն աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որով աշխատում են ԳՖԿ-ի տնօրենը և աշխատակազմը ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններն իրականացնելու նպատակով` համաձայն ստորև ներկայացված 6.1-ին կետի:

 

6. Ֆինանսական կառավարում

 

6.1. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվները, այդ թվում նաև` վերաֆինանսավորման կապիտալի հետ հոսքերը և գործառնական ծախսերի խնայողությունները պետք է օգտագործվեն բացառապես ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների համար: Սույն կանոնադրությամբ արգելվում է ԳՖԿ-ի ծրագրային ակտիվների օգտագործումն այլ, ոչ ԳՖԿ-ի ծրագրային գործառնությունների նպատակով:

6.2. ԳՖԿ-ի ծրագրային ակտիվներն առանձնացվում են ԾԻԳ-ի մյուս ակտիվներից և պետք է վերահսկվեն, հաշվառվեն և հաշվեստուգվեն առանձին: Միացումից հետո ԳՖԿ-ն շարունակում է օգտագործել մինչ իր գործառույթները ԾԻԳ-ին միացնելը շրջանառու միջոցները կառավարելու նպատակով կիրառվող համապատասխան համակարգչային ծրագրերը կամ կարող է օգտագործել համակարգչային որևէ այլ ծրագիր ԳՖԿ-ի տնօրենի որոշմամբ ԳԶՄՀ-ից հաստատում ստանալուց հետո: ԳՖԿ-ն պետք է ունենա առանձին բանկային հաշիվներ և ֆինանսական կառավարման համակարգ, ինչը հնարավորություն կտա իրականացնել ԳՖԿ-ի ծրագրային ակտիվների առանձին վերահսկում, հաշվառում և հաշվեստուգում:

6.3. Ընդհանուր տարեկան աշխատանքային պլան/բյուջե և առաջընթացի հաշվետվություն կազմելու համար ԳՖԿ-ի տնօրենը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին ԾԻԳ-ի կամ ֆինանսական համաձայնագրերով սահմանված հաշվետվության պահանջները բավարարելու նպատակով:

 

7. ԾԻԳ-ի կողմից ԳՖԿ-ի համար կատարված գործառնական ծախսերի փոխհատուցումը

 

7.1. Այն դեպքում, երբ ԳՖԿ-ն գտնվում է ԾԻԳ-ի տարածքում, ԾԻԳ-ը կարող է կատարել ծախսեր ԳՖԿ-ի անունից` ԳՖԿ-ի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով: Նման ծախսերը կարող են ներառել`

7.1.1. տարածքի վարձակալություն, այդ թվում` նաև վճարումներ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլնի համար,

7.1.2. գրասենյակի կառավարում, այդ թվում` մաքրություն, անվտանգություն և այլն,

7.1.3. նյութատեխնիկական ապահովում, այդ թվում` վարորդներ և մեքենաներ:

7.2. Անհրաժեշտության դեպքում ԾԻԳ-ի տնօրենը և ԳՖԿ-ի տնօրենը վերոնշյալ դրույթների շրջանակներում համաձայնություն պետք է ձեռք բերեն կատարվող ծախսերի ծավալների մանրամասնությունների վերաբերյալ: ԾԻԳ-ը ԳՖԿ-ին եռամսյակային կտրվածքով կներկայացնի հաշիվ-ապրանքագիր ԾԻԳ-ի կողմից կատարված այն ծախսերի մասին, որոնք սահմանված կարգով ենթակա կլինեն փոխհատուցման ԳՖԿ-ի հաշիվներից:

 

8. ԳՖԿ-ի իրավունքներն ու պարտավորությունները, իրավասությունները և պատասխանատվությունը

 

8.1. ԳՖԿ-ի իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունները, կապված ծրագրային գործառնությունների և (կամ) ակտիվների հետ, որոնք ԾԻԳ-ի հետ միավորման արդյունքում փոխանցվել են ԾԻԳ-ին, կարգավորվում են սույն կանոնադրությամբ և վերագրվում են ԳՖԿ-ին` որպես ԾԻԳ-ի կազմում ինքնուրույն միավոր: Այդ իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունները կազմում են ԳՖԿ-ի ծրագրային գործառույթների մաս և գտնվում են ԳՖԿ-ի տնօրենի բացառիկ իրավասությունների շրջանակներում` բացառությամբ այն իրավասությունների, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԾԻԳ-ի տնօրենին: 

(ձևը լրաց. 15.03.12 N 287-Ն, խմբ. 13.09.13 N 1007-Ն, փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

(հավելվածը լրաց. 15.03.12 N 287-Ն, խմբ. 24.05.12 N 638-Ն, 13.09.13 N 1007-Ն, փոփ., խմբ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 461-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
(վերնագիրը փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ֆինանսահաշվային բաժին

 

2. Շինարարության վերահսկման բաժին

 

3. Մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի համակարգման, զարգացման բաժին

 

4. Գնումների բաժին

 

5. Գյուղական ֆինանսավորման բաժին

 

6. Գործերի կառավարման բաժին 

 

(հավելվածը խմբ. 15.12.11 N 1783-Ն, 13.09.13 N 1007-Ն, փոփ. 09.08.18 N 879-Ն, 15.02.19 N 138-Ն, 05.09.19 N 1186-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան