«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612079
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.11.16 N 121-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. հունվարի 31-ի N 18-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
Լրագրողի գործունեությունն ընտրական հանձնաժողովներում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
1) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
2) բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
4) հավատարմագրված լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնց կարող են ներկա գտնվել լրագրողները:
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Դիմումում լրացվում է`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը.
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստանալուց հետո այն անմիջապես գրանցում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները:
Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, եթե լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացրած դիմումում ավելի կարճ ժամկետ նշված չէ:
8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
9. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմքը:
(9-րդ կետը փոփ. 15.03.12 N 53-Ն)
10. Հավատարմագրումը մերժվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Սահմանված ժամկետում մերժում չտրվելու դեպքում լրագրողը համարվում է հավատարմագրված:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
2) (ենթակետն ուժը կորցրել է 15.03.12 N 53-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 15.03.12 N 53-Ն)
4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման դեպքում գրավոր տեղեկացնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
(11-րդ կետը փոփ. 15.03.12 N 53-Ն)
12. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
13. (կետն ուժը կորցրել է 09.11.16 N 121-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 09.11.16 N 121-Ն)
15. (կետն ուժը կորցրել է 09.11.16 N 121-Ն)
(հավելվածը փոփ. 15.03.12 N 53-Ն, 09.11.16 N 121-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 51-Ն | 02.07.2022, N 18-Ն | |
09.11.2016, N 121-Ն | 19.12.2016, N 18-Ն | |
15.03.2012, N 53-Ն | 13.04.2012, N 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|