ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 786-Ն
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ:
2. Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 16 Երևան |
|
Հավելված |
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները:
2. Խորհուրդն ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է:
3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Խորհուրդն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից: Խորհրդի առաջին նիստը հրավիրում է լիազոր մարմնի ղեկավարը:
5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Խորհուրդը կազմված է առավելագույնը 25 անդամից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
7. Խորհրդի նախագահը լիազոր մարմնի ղեկավարի՝ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող տեղակալն է:
8. Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
1) մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ՝ լիազոր մարմին), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից.
2) ութ ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ) յուրաքանչյուրից մեկական ներկայացուցիչ՝ ընդգրկելով առնվազն վերջին երեք տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առնվազն մեկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ.
3) ութ ներկայացուցիչ՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
9. Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են այդ կազմակերպությունների ներկայացմամբ՝ երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար նախապատվությունը տրվում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում առավել երկար գործունեություն իրականացրած կազմակերպություններին:
10. Կազմակերպությունների ներկայացուցիչների լիազորությունը դադարելու դեպքում սույն կարգի 9-րդ կետի համաձայն խորհրդի կազմում ընդգրկվում է նոր ներկայացուցիչ:
III. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Խորհրդի գործունեության նպատակը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է:
12. Խորհուրդը գործում է օրինականության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների հիման վրա:
13. Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննարկում և ներկայացնում է առաջարկներ ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական միասնական քաղաքականության վերաբերյալ.
2) քննարկում է ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցերը, հրատապ խնդիրները և ներկայացնում դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ.
3) ներկայացնում է ընտանիքում բռնության վերաբերյալ հանրությանն իրազեկելու միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ.
4) քննարկում է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.
5) ներկայացնում է ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ.
6) ուսումնասիրում և քննարկում է հանրապետական գործադիր մարմինների կողմից ընտանիքում բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերի մասին հրապարակված հաշվետվությունները.
7) առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին ընտանիքում բռնության ենթարկվածների՝ ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:
15. Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհրդի նիստերը կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարցման կարգով՝ օգտագործելով էլեկտրոնային հեռահաղորդակցման միջոցներ:
16. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
17. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամներից մեկը:
18. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:
20. Խորհուրդն իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների, ուղերձների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
21. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
22. Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
23. Խորհուրդը ձևավորում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող յոթ անդամից բաղկացած բազմամասնագիտական խումբ, որի առնվազն չորս անդամը պետք է հանդիսանան կազմակերպության ներկայացուցիչ:
24. Բազմամասնագիտական խումբը քննարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկները և խորհրդի նախագահին է ներկայացնում եզրակացություն դրա տրամադրման վերաբերյալ:
25. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կարող են ընդգրկվել խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
26. Աշխատանքային խմբերը կատարում են խորհրդի որոշումները, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ խորհրդի առջև դրված խնդիրների լուծման, խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ծագած խնդրահարույց և հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամ չհանդիսացող աշխատանքային խմբի ղեկավարը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով:
27. Խորհրդի նախագահը`
1) ղեկավարում և կազմակերպում է խորհրդի աշխատանքը.
2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
4) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.
5) ստորագրում է խորհրդի նիստի արձանագրությունը.
6) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
28. Խորհրդի անդամները`
1) իրավունք ունեն՝
ա. ներկայացնելու հարցեր՝ խորհրդի օրակարգում ընդգրկելու նպատակով,
բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,
դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են՝
ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,
բ. կատարել խորհրդի որոշումները:
29. Խորհրդի գործավարությունն իրականացնում է լիազոր մարմնի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը, որը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
2) կազմակերպում է էլեկտրոնային հարցման կարգով խորհրդի նիստերի անցկացումը.
3) խորհրդի նիստերին հրավիրում է խորհրդի անդամներին և հրավիրված անձանց, արձանագրում է խորհրդի նիստերը.
4) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
5) կազմակերպում է խորհրդի նիստի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին.
6) հետևում է խորհրդի նիստի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
7) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ընդունում և խորհրդի նախագահին է հանձնում խորհրդի անդամների և աշխատանքային խմբերի առաջարկությունները:
V. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
30. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |