«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2004 թվականի N 1510-Ն
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՄՈՆԻԱԿԱՅԻՆ ՍԵԼԻՏՐԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1337-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2004 թվականի մարտի 22-ին փոխանակված հայտագրի համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրվելիք 2550 տոննա ամոնիակային սելիտրան իրացնել աճուրդային եղանակով:
2. Սահմանել ամոնիակային սելիտրայի մեկ տոննայի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` 74000 դրամ:
3. Սահմանել, որ`
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) աճուրդով վաճառվող ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
դ) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը հատուցվում են ամոնիակային սելիտրայի իրացումից գոյացած միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հիմք ընդունելով 2000 թվականի օգոստոսի 2-ին «Ագրոքիմիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքած պահառության պայմանագիրը` վերջինիս միջոցով ապահովել ամոնիակային սելիտրայի ստացումը, մաքսային ձևակերպումը, բեռնաթափումը, սերտիֆիկացումը և պահպանումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` կնքելով գործակալության պայմանագիր.
բ) ամոնիակային սելիտրայի ստացման, մաքսային ձևակերպման, ներքին երկաթուղային փոխադրման, վագոնից պահեստ բեռնաթափման, սերտիֆիկացման, պահպանման ծախսերը փոխհատուցել սույն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետում նշված հատուկ հաշվից` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.
գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք ամոնիակային սելիտրայի աճուրդով իրացման կարգը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|