Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Մոլդովայի Հանրապետության մաքսային վերահսկողության պետական մաքսային դեպարտամենտը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով զարգացնել և ամրապնդել երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև հետագա համագործակցությունը,
համոզված լինելով, որ այդ համագործակցությունը կնպաստի երկու երկրների մաքսային մարմիններին` իրագործելու ուղևորաբեռնային հաղորդակցության, փոստային առաքումների փոխանակման արագացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները իրենց երկրների մաքսային օրենսդրության շրջանակներում, մաքսային և արտարժութային կանոնների վերահսկողության ապահովման նպատակով, ինչպես նաև աշխատելով առավելագույնս հեշտացնել բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների փոխանակությունը, կձգտեն մաքսային հարցերի բնագավառում իրականացնել բազմակողմ համագործակցություն և փոխադարձ աջակցություն:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հաշվի առնելով երկուստեք շահերը, ապահովում է բեռների և ուղևորների հաղորդակցության և փոստային առաքումների մաքսային վերահսկողության իրականացումը:
Հոդված 3
Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումների և փոստային առաքումների մաքսային վերահսկողության արագացման, այդ վերահսկողության մեթոդների և ձևերի կատարելագործման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության տնտեսական և այլ շահերին վնաս հասցնելուց խուսափելու համար:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կապահովեն պետական սահմանով անցնող փոխադրամիջոցները, բեռները, փոստային առաքումները, արտարժույթը, վճարման այլ միջոցները և արտարժութային արժեքներն անհրաժեշտ մաքսային փաստաթղթերով, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային և արտարժութային կանոններին և կիրառվում են ուղևորաբեռնային հաղորդակցության և փոստային առաքումների համար:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերի տարածքով փոխադրվող և նրանց մաքսային մարմինների կողմից ձևակերպված տարանցիկ բեռները բաց են թողնվում անարգել և ազատվում մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռները պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները և փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վրա դրված պաշտոնական նշանները:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը կփոխանակեն 6-րդ հոդվածում նշված մաքսային փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված կամ սահմանափակված ապրանքների անվանացանկերը:
Հոդված 8
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, կձգտեն մաքսային փաստաթղթերի միասնականացմանը:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերի մաքսատների միջև ապրանքների և փոխադրամիջոցների տեղափոխումը կիրականացվի բեռնային մաքսային հայտարարագրերի (ԲՄՀ) օգտագործման միջոցով:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինները մյուս Կողմի տարածքից իրենց տարածքով ներս են թողնում միայն մաքսային ստուգումների ենթակա այն բեռները, փոխադրամիջոցները, ուղեբեռները և փոստային առաքումները, որոնք բաց են թողնվել մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից:
Եթե Կողմերից մեկի մաքսային մարմինները բացահայտեն, որ մյուս Կողմի մաքսային մարմինները չեն իրականացրել այդ բեռների, փոխադրամիջոցների, ուղեբեռների ու փոստային առաքումների մաքսային ստուգումներն ու ձևակերպումները, ապա դրանք կկասեցնեն, և այդ մասին կտեղեկացվի մյուս Կողմի մաքսային մարմինը:
Այնուհետև բացահայտող Կողմը կգործի մյուս Կողմի մաքսային մարմինների կարգադրությունների համաձայն:
Հոդված 11
Եթե սույն Համաձայնագրի մասնակից պետության տարածքից մյուս մասնակից պետության տարածք ներմուծված բեռները, փոխադրամիջոցները, ուղեբեռները, ինչպես նաև արտարժույթը և արտարժութային արժեքները ենթակա չեն ներս թողնելու` մաքսային, արտարժութային, սանիտարական, կարանտինային և անասնաբուժական վերահսկողության կանոնների ու ներմուծման հրահանգների հիման վրա կամ անվտանգության ապահովման նպատակով, ապա դրանք կվերադարձվեն մյուս Կողմին` բեռնային փաստաթղթերի մեջ արգելման վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելով, կամ կներկայացնեն համապատասխան տեղեկանք, եթե մյուս Կողմի մաքսային մարմինները այդ հարցով դիմեն նրանց:
Հոդված 12
Հայաստանի Հանրապետության տարածքից Մոլդովայի Հանրապետության տարածք և Մոլդովայի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք արտահանվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպումների` Պայմանավորվող կողմերի մաքսային գործող օրենսդրության համաձայն:
Հոդված 13
Մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ապօրինի ներմուծված փոխադրամիջոցների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների ու արտարժութային արժեքների նկատմամբ կկիրառվի այն պետության մաքսային օրենսդրությունը, որի տարածքում գտնվում են վերոհիշյալ առարկաները ու արժեքները:
Հոդված 14
Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ, Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով երրորդ երկիր տարանցիկ ուղևորություն կատարող Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային ստուգումները և բաց թողնելու գործողությունները կկատարվեն Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության համաձայն:
Այդ նպատակով`
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը`
Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն, Մոլդովայի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի հոդվածների կիրառման, մեկնաբանման և փոփոխման հետ կապված վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 16
Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկություններ կհաղորդեն մաքսային գործի հարցերին առնչվող գործող օրենսդրական ակտերի վերաբերյալ:
Հոդված 17
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները գրավոր կամ բանավոր պարբերաբար կիրականացնեն սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ամբողջական փորձի փոխանակում:
Կողմերի միջև գրագրությունը կկատարվի ռուսերեն:
Հոդված 18
Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները միմյանց փոխօգնություն կցուցաբերեն անհատույց:
Հոդված 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 15-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Հայերեն և մոլդովերեն տեքստերի մեկնաբանման դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 15-ից:
