Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը հավասարության և փոխշահավետության հիման վրա,
ելնելով ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքից,
մտադրվելով նպաստել տնտեսական ակտիվության աճին, լրիվ զբաղվածության ապահովմանը, արտադրողականության բարձրացմանը և ռեսուրսների նպատակահարմար օգտագործմանը,
ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի ներդաշնակ զարգացմանը և աճին, նրա զարգացման ճանապարհին խոչընդոտների վերացմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման և/կամ արտահանման վրա, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար:
Համաձայնեցված անվանացանկով ապրանքների մասով երկու երկրների միջև առևտրի պայմանակարգի կիրառման առանձնահատկությունները ձևակերպվում են ամենամյա փաստաթղթերով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են.
ա) ամբողջովին Պայմանավորվող կողմերի տարածքում արտադրված ապրանքները,
բ) Պայմանավորվող կողմի տարածքում վերամշակման ենթարկված ապրանքները, որոնց համար օգտագործվել են երրորդ երկրների ծագում ունեցող հումք, նյութեր և լրակազմող արտադրանքներ, և որի հետևանքով, ելնելով առաջին չորս նշաններից, փոփոխվել է ըստ ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի դասակարգման պատկանելությունը,
գ) այն ապրանքները, որոնք արտադրվել են «բ» կետում նշված հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ` պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չի գերազանցում իրացվող ապրանքների առաքման գնի հաստատագրված մասին:
Ապրանքների ծագման մանրամասն կանոնները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը`
սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված հարկերը և գանձումները,
սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների առաքման և ներմուծման նկատմամբ չեն մտցնի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրության մեջ չի կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ,
մյուս Պայմանավորվող կողմի ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան նրանք են, որոնք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 3
Չձևավորված կապերը պահպանելու և Կողմերի համար անհրաժեշտ առևտրատնտեսական հարաբերությունների իրականացման նպատակով Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ կարող են կազմվել փոխադարձ արտահանման առարկա հանդիսացող և առաջնային նշանակություն ունեցող ինդիկատիվ ցուցակներ:
Նշված ինդիկատիվ ցուցակները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` փոխադարձ պայմանավորվածությամբ սահմանված ժամկետներում և գործողության ժամանակաշրջանի համար, և կձևակերպվեն առանձին, որպես կանոն, ամենամյա արձանագրությամբ:
ՀՈԴՎԱԾ 4
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձ առևտրի մեջ ձեռնպահ կմնան ապրանքների արտահանման և/ կամ ներմուծման նկատմամբ խտրական միջոցների կիրառումից, քանակական սահմանափակումներ կամ դրանց հավասարազոր միջոցներ մտցնելուց:
Պայմանավորվող կողմերը կարող են միակողմանիորեն սահմանել քանակական սահմանափակումներ, սակայն միայն խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետով:
Վերոհիշյալ սահմանափակումները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) և վճարման հաշվեկշռի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում:
Սույն հոդվածին համապատասխան քանակական սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում պետք է վաղօրոք մյուս Պայմանավորվող կողմին հատկացնի վերոհիշյալ սահմանափակումների կիրառման հիմնական պատճառների, ձևերի և ենթադրվող ժամկետների մասին ամբողջ տեղեկությունը, որից հետո կնշանակվեն խորհրդակցություններ:
Սույն հոդվածին համապատասխան` քանակական սահմանափակումների կիրառումը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական բնագավառում բոլոր հաշվարկները և վճարումները կիրագործվեն Պայմանավորվող կողմերի լիազորված բանկերի միջև կնքված համաձայնագրի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերը կանոնավորապես կփոխանակեն տեղեկություններ`
օրենքների և այլ նորմատիվ ակտերի մասին, որոնք կապված են տնտեսական գործունեության, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկավորման, բանկային և ապահովագրական գործունեության և ֆինանսական այլ ծառայությունների, տրանսպորտային և մաքսային հարցերի, ներառյալ մաքսային վիճակագրությունը, վերաբերյալ:
Պայմանավորվող կողմերը միմյանց անհապաղ տեղեկացնում են ազգային օրենսդրության մեջ այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:
Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը:
ՀՈԴՎԱԾ 7
1. Պայմանավորվող կողմերը կձգտեն միասնական մաքսային սակացուցակների հաստատմանը, որոնք կիրառվում են երրորդ երկրների հետ իրագործվող առևտրում, և այդ նպատակներով համաձայնեցին կանոնավոր խորհրդակցությունների անցկացման մասին:
2. Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն գործող մաքսային սակացուցակների և դրանցից դուրս բոլոր բացառումների մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են թույլ չտալ այն, վերացնել նրա հետևյալ մեթոդները`
- ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորման կողմից ընդունված որոշումները և գործարար պրակտիկայի ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ ունեն խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքներում,
- գործողությունները, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերիշխող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ամբողջ տարածքի կամ նրա նշանակալի մասի վրա:
ՀՈԴՎԱԾ 9
Պայմանավորվող կողմերը երկկողմ տնտեսական հարաբերությունների սակացուցակային և ոչ սակացուցակային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգերի անցկացման համար կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է Եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Համակցված տարիֆավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը իրենց սեփական կարիքների համար իրականացնում են ապրանքային անվանացանկի ընդլայնում ինը նիշերի սահմաններից դուրս:
Ապրանքային անվանացանկի էտալոնային նմուշի ներդրումը իրագործվում է փոխհամաձայնության հիման վրա` համապատասխան միջազգային կազմակերպություններում եղած ներկայացուցչությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 10
Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի միջազգային բաժանման և կոոպերացիայի համակարգին դրանց միանալու գործընթացի էական տարրը:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի և (կամ երրորդ երկրի մաքսային տարածքների ծագում ունեցող և մյուս Պայմանավորվող կողմի և) կամ երրորդ երկրի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը և դրա համար արտահանողներին, ներմուծողներին և փոխադրողներին կտրամադրի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները` սեփական կամ երրորդ երկրների արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին այդ նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ վատ պայմաններով:
Պայմանավորվող կողմերը տարանցման հարցերով կկնքեն հատուկ համաձայնագիր:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքին` ձեռնարկելու միջազգային պրակտիկայում ընդունված միջոցառումներ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայմանորեն անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից է նա կամ պատրաստվում է դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`
ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,
զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,
պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,
միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի և սարքավորումների առաքմանը,
հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,
ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին և քարերին,
մարդկանց, կենդանիների և բուսականության առողջության պաշտպանությանը:
ՀՈԴՎԱԾ 12
Երրորդ երկրների նկատմամբ արտահանման վերահսկողության համաձայնեցված քաղաքականություն իրագործելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանցկացնեն կանոնավոր խորհրդակցություններ և կընդունեն փոխհամաձայնեցված միջոցառումներ արտահանման վերահսկողության արդյունավետ համակարգի ստեղծման համար:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև մինչև այժմ կնքված համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնական են:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրում ոչինչ չի արգելում Պայմանավորվող կողմերին` հաստատելու սույն Համաձայնագրի նպատակներին և պայմաններին չհակասող հարաբերություններ` սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների, ինչպես նաև նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:
Փոխադարձ առևտրում Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել բախումնային իրավիճակներից:
Պայմանավորվող կողմերը որոշում են, որ առևտրական պայմանագրերի կամ գործարքների մեկնաբանման կամ իրագործման հետևանքով երկու երկրների տնտեսական սուբյեկտների միջև հավակնությունները և վեճերը, եթե դրանք հնարավոր չէ լուծել բարեկամական ճանապարհով` խորհրդակցությունների և բանակցությունների հիման վրա, և եթե այլ բան համաձայնեցված չէ, կհանդիսանան միջնորդ դատարանների (մշտական կամ ad hoc) բացառիկ իրավասությունը, որոնք ստեղծվում են Պայմանավորվող կողմերի կամ երրորդ երկրների տարածքում, որը կորոշեն պայմանագրերը ստորագրած Կողմերը:
Վերջիններս կարող են նաև սահմանել կիրառվող նյութական իրավունքը, նորմերը և ընթացակարգերը, ինչպես նաև դատավարության վայրը:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի, որ իր տարածքում լինեն միջնորդ դատարանի վճիռները ճանաչելու և իրագործելու արդյունավետ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել համատեղ հայ-տաջիկական հանձնաժողով, որը, Կողմերից մեկի ցանկությամբ, կհավաքվի Հայաստանի Հանրապետությունում կամ Տաջիկստանի Հանրապետությունում:
ՀՈԴՎԱԾ 17
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Տաջիկստանի Հանրապետությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարող է Տաջիկստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը: Այդ առևտրական ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, դրանց գործառույթները և տեղակայման վայրը Պայմանավորվող կողմերի կողմից կհամաձայնեցվեն առանձին:
ՀՈԴՎԱԾ 18
Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին այնպիսի պայմաններով, որոնք կհամաձայնեցվեն միացող պետության և Պայմանավորվող կողմերի միջև:
ՀՈԴՎԱԾ 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից սկսած:
Համաձայնագիրը կորցնում է իր ուժը դրա գործողության դադարեցման մտադրության մասին Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից տասներկու ամիս անցնելուց հետո:
Սույն Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցնելուց հետո կարող է կիրառվել երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի մարտի 2-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 20-ից:
