ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 338.3-րդ հոդվածով.
«Հոդված 338.3. | Ուսումնասիրության ընթացքում կեղծ հայտարարագիր ներկայացնելը |
1․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության մասին ծանուցված անձի կողմից իրավասու մարմին ներկայացված հայտարարագրում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 342.2-րդ հոդվածով.
«Հոդված 342.2. | Ուսումնասիրության տվյալները հրապարակելը |
1․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության հիմքերի վերաբերյալ տվյալները և դրա ընթացքի ու արդյունքների մասին տեղեկություններն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-249-Ն |
|