Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-500-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) կազմակերպությունների կողմից ազդարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը:»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.

«8) դիմելու իրավասու մարմին՝ ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար.

9) դիմելու իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձին կամ կազմակերպություն՝ առաջարկելով ձեռնարկել ազդարարի խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման ուղղությամբ միջոցառումներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 30.2.

Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում

 

1. Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիտորինգ և տվյալների հավաքում, ինչպես նաև հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը:

2. Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝

1) հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը,

2) իրականացնելու ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության մոնիտորինգ և գնահատում,

3) հանդես գալու ազդարարների պաշտպանության իրականացման վերաբերյալ հրապարակային զեկույցներով,

4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

3. Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է ազդարարի կամ նրա փոխկապակցված անձի խնդրանքով խորհրդապահական կարգով տրամադրելու խորհրդատվություն և ներկայացնելու անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները:

4. Խորհրդատվության շրջանակում ձեռք բերված տեղեկությունները և անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման առանց անձի գրավոր համաձայնության:

5. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունը և վիճակագրությունն ամփոփվում և հրապարակվում են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում (www.azdararir.am) և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում (www.ombuds.am):

7. Հաշվետվությունը և վիճակագրությունը պետք է առնվազն տեղեկատվություն պարունակեն ազդարարների կողմից իրավասու մարմիններ ներկայացվող հաղորդումների (ըստ տեսակների և ձևերի) և ազդարարներին տրամադրվող պաշտպանության վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Մարդու իրավունքների պաշտպանի՝ հաշվետվությունը և վիճակագրությունը www.azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում հրապարակելու լիազորությունը ծագում է միասնական էլեկտրոնային հարթակին Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիությունն ապահովելու պահից:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 30.2-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-500-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան