ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 952-Ն
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍԻ, ԽՈՇՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԿԱՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն՝
1) ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը, կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից.
2) շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը, կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատող կարգով նախատեսված նախաորակավորման ընթացակարգերի կազմակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 23-ի N 952-Ն որոշման |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐԻ, ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍԻ, ԽՈՇՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԿԱՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Սույն կարգով նախատեսված գնման գորըծնթացի կազմակերպման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
1) պատվիրատուի ղեկավարը հաստատում է նախաորակավորման հայտարարության (այսուհետ՝ հայտարարություն) տեքստը, որով սահմանվում է՝
ա. պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
բ. նախաորակավորման ընթացակարգի ծածկագիրը,
գ. գնման առարկայի բովանդակության համառոտ շարադրանքը,
դ. նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգն ու վայրը,
ե. մասնակիցների՝ նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը,
զ. նախնական պայմանագրի կնքման կարգը.
2) պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում, բացառությամբ նախաորակավորման հայտերի ներկայացման դեպքի, գնման ընթացակարգն իրականացվում է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, իսկ գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները.
3) պատվիրատուի ղեկավարը նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար.
4) հայտարարության տեքստը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը քարտուղարն այն հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում, հայտարարությունը գործում է անժամկետ.
5) նախաորակավորված մասնակիցը՝
ա. հայտի ապահովում չի ներկայացնում,
բ. նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների գնման դեպքում՝ հրավերի հիման վրա գնային առաջարկը ներկայացնում է ընդհանուր գնով,
գ. շինարարական աշխատանքների, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում՝ գնային առաջարկը ներկայացնում է փորձաքննված նախագծային փաստաթղթերով ձևավորվելիք շինարարական աշխատանքների կատարման արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսային արտահայտությամբ: Ընդ որում, նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների գնման դեպքում առաջարկվող տոկոսը չի կարող ավելի լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման ծառայության ձեռքբերման համար սահմանված առավելագույն տոկոսից, իսկ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում՝ չորս տոկոսից,
դ. եթե ճանաչվում է ընտրված մասնակից, ապա որակավորման ապահովում չի ներկայացնում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է պայմանագրի գնի քսան տոկոսին: Տոկոսային արտահայտությամբ գնային առաջարկների ներկայացման դեպքում, պայմանագրի ապահովման չափը հաշվարկվում է հրավերով սահմանված՝ շինարարական աշխատանքների կատարման խոշորացված արժեքի նկատմամբ,
ե. շինարարական աշխատանքների գնման դեպքում կնքվելիք պայմանագրի ոչ ավելի, քան երեսուն տոկոսը կարող է իրականացնել ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգին մասնակցելու նպատակով նախաորակավորված այլ մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է ենթակապալի միջոցով, ապա նախաորակավորված մասնակիցը հայտով ներկայացնում է նաև ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները: Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում կնքվելիք պայմանագրերը չեն կարող իրականացվել գործակալական պայմանագրեր կնքելու միջոցով.
6) ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած նախաորակավորված մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ (տոկոս) ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով.
7) պատվիրատուն պետք է երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է տեղեկագրում.
8) հայտարարության հրապարակումից հետո նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը փաստաթղթային եղանակով կամ հայտարարությամբ նախատեսված պատվիրատուի էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով պատվիրատուին է ներկայացնում հայտարարությամբ պահանջված փաստաթղթերի բնօրինակից արտատպված պատճենները.
9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված փաստաթղթերն ստանալու օրը քարտուղարը դրանք մուտքագրում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգ: Սույն ենթակետում նշված փաստաթղթերն ստացվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե դրանք բավարարում են հայտարարության պահանջներին, պատվիրատուն մասնակցի հետ կնքում է նախնական պայմանագիր՝ վերջինիս ներառելով նախնական պայմանագրեր կնքած մասնակիցների ցուցակում: Կնքված նախնական պայմանագրի բնօրինակից արտատպված պատճենն այն կնքելուն հաջորդող աշխատանքային օրը քարտուղարը հրապարակում է տեղեկագրում:
4. Նախնական պայմանագրով նախատեսվում է նաև, որ`
1) այն կնքած մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) հրավերի հիման վրա նախաորակավորված մասնակիցների կողմից հայտերի ներկայացման, գնահատման, ընտրված մասնակցի որոշման և պայմանագրի կնքման համառոտ պայմանները.
4) մասնակիցը կարող է դադարեցնել նախնական պայմանագիրը՝ դրա մասին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցելով պատվիրատուին: Նախնական պայմանագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում դրա հիման վրա տվյալ մասնակցի հետ նախկինում կնքված պայմանագրերը: Նախնական պայմանագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգ մուտքագրվելու կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի հետ կնքված պայմանագիրը հեռացնում է տեղեկագրից.
5) հրավերի հիման վրա հայտ ներկայացնելու դեպքում մասնակիցը պետք է վերահաստատի նախաորակավորման հայտարարությամբ նախատեսված որակավորման պահանջին իր համապատասխանությունը: Մասնակցի որակավորման պահանջին իր համապատասխանությունը համարվում է վերահաստատված, եթե նա հայտով ներկայացնում է դրա մասին գրավոր հայտարարություն:
III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Նախաորակավորման հայտարարությամբ նախատեսվում է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակավորման չափանիշը, որը սահմանվում է հետևյալ կարգով`
1) նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու ցանկություն հայտնած անձը պետք է պետական գրանցում ստացած լինի նախաորակավորման հայտը ներկայացնելու նախորդող առնվազն երրորդ տարում, հայտին կից ներկայացնելով նաև պետական գրանցման վկայականի բնօրինակից արտատպված պատճենը.
2) ճանապարհների հետ կապված՝
ա. շինարարական աշխատանքների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում ճանապարհների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված (ավարտական ակտը տվյալ պայմանագրի պատվիրատուի կողմից հաստատված) առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 3 միլիարդ դրամից,
բ. նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում ճանապարհների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 100 մլն դրամից,
գ. նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում ճանապարհների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի փորձաքննության նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 5 մլն դրամից,
դ. տեխնիկական հսկողության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում ճանապարհների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 50 մլն դրամից.
3) տրանսպորտային օբյեկտների հետ կապված՝
ա. շինարարական աշխատանքների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում տրանսպորտային օբյեկտների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված (ավարտական ակտը պատվիրատուի կողմից հաստատված) առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 200 մլն դրամից,
բ. նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում տրանսպորտային օբյեկտների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 10 մլն դրամից,
գ. նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում տրանսպորտային օբյեկտների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի փորձաքննության նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 0,5 մլն դրամից,
դ. տեխնիկական հսկողության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում տրանսպորտային օբյեկտների կառուցման կամ վերակառուցման կամ առնվազն 3-րդ ռիսկայնության աստիճանի տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 5 մլն դրամից.
4) շենքերի և շինությունների հետ կապված՝
ա. շինարարական աշխատանքների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 4-րդ ռիսկայնության աստիճանի բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման աշխատանքների պատշաճ կատարված և ամբողջովին ավարտված (ավարտական ակտը պատվիրատուի կողմից հաստատված) առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 1,5 միլիարդ դրամից,
բ. նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 4-րդ ռիսկայնության աստիճանի բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 50 մլն դրամից,
գ. նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 4-րդ ռիսկայնության աստիճանի բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի փորձաքննության նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 2,5 մլն դրամից,
դ. տեխնիկական հսկողության ծառայությունների դեպքում անձը հայտով ներկայացնում է հայտարարություն՝ հայտը ներկայացնելուն նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 4-րդ ռիսկայնության աստիճանի բնակելի կամ հասարակական նշանակության շենքերի կառուցման կամ վերակառուցման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնելու նպատակով կնքված և պատշաճ կարգով առնվազն երեք կապալի օբյեկտների վերաբերող պայմանագրեր (ներառյալ համաձայնագրերը) կատարած լինելու մասին: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանագրերի հանրագումարը չպետք է պակաս լինի 25 մլն դրամից.
5) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հայտարարությանը կից ներկայացվում են պայմանագրերի, դրանցով սահմանված կողմերի հաստատած` պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտերի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) և ավարտական ակտի բնօրինակներից արտատպված պատճենները:
6. Մասնակիցը նախաորակավորման հայտով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:
7. Պատվիրատուն կարող է ստուգել մասնակցի նախաորակավորման հայտով ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա նախաորակավորման հայտը մերժվում է՝ դրա մասին ծանուցելով մասնակցին, որին կցվում են նաև մերժման մանրամասն հիմնավորումները:
8. Նախաորակավորված մասնակիցների նկատմամբ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որակավորման չափանիշները, դրանց գնահատման պայմանները, կնքվող պայմանագրերի ֆինանսավորման, կատարման և կառավարման պայմանները սահմանվում են օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական: