Գլխավոր տեղեկություն
Համար
N 910-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 910-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1176-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված)՝

1) N 1 հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծով նախատեսվող գումարի չափը հաշվարկվում է թատերահամերգային կազմակերպության կողմից ներկայացված կանխատեսումների հիման վրա, և նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ամփոփումից հետո, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կատարվում են վերաբաշխումներ։

Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի, թատերահամերգային կազմակերպության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի ֆինանսավորվում է կազմակերպության նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով։ Նշված գումարը պետք է օգտագործվի առանց մրցույթի տրամադրվող գումարի ծախսման ուղղությունների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել կազմակերպության աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի, նաև անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար:

9. Ընդ որում՝

1) սույն ծրագրի իմաստով սեփական եկամուտներ են համարվում թատերահամերգային կազմակերպության գործունեության արդյունքում վերջինիս կողմից ձևավորած ֆինանսական միջոցները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցների, մեկանգամյա բնույթ կրող միջոցառումների համար տրամադրվող գումարների, հովանավորչական և նվիրատվությամբ ստացված եկամուտների, կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված գումարների, անհատույց օգտագործմամբ ամրացված գույքի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրված վարձակալությունից ստացված եկամուտների.

2) լիազոր պետական մարմինը մշակում և ներդնում է ֆինանսավորման նոր մոդելի արդյունավետության մշտադիտարկման մեխանիզմ՝ ապահովելով կազմակերպության կողմից նախատեսված գործողությունների իրականացման արդյունավետ դիտարկում։

Եթե կազմակերպության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում առաջանում են կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման և հնարավոր սնանկացման ռիսկեր՝ լիազոր մարմինը, կազմակերպության հետ համատեղ, կամ դրա անհնարինության դեպքում՝ միանձնյա մշակում է կազմակերպության առողջացման իրատեսական ծրագիր, որը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը և դրա վերաբերյալ հավանության առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պահպանում է հաջորդ տարվա համար կազմակերպությանը ֆինանսավորման ենթակա գումարի չափը՝ պայմանով սակայն, որ դրա օգտագործման նկատմամբ իրականացվում է եռամսյակային մշտադիտարկում:».

2) N 1 հավելվածի 3-րդ բաժնի վերնագրում «ժամանակացույցը» բառը փոխարինել «սկզբունքներ» բառով.

3) N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի այն թատերահամերգային կազմակերպություններում, որոնց սեփական եկամուտները կգերազանցեն մինչև նոր մոդելի ներդնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168. Արվեստների ծրագրով» առանց մրցույթի տրամադրվող գումարի չափի կեսը, ինչպես նաև տվյալ թատերահամերգային կազմակերպության սեփական եկամուտներում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կկազմի առնվազն 75 տոկոսը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան