ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1420-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2023 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքված Մտադրությունների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կենտրոն Մարշալ Բաղրամյան պողոտա 12 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 10062024-01-0302), որը բաղկացած է 0.217922 հեկտար հողամասից, 800.2 քառ. մ վարչական շենքից, 82.5 քառ. մ ավտոտնակից, 38.9 քառ. մ ավտոտնակից, 33.5 քառ. մ մետաղական շինությունից, 19.7 քառ. մ մետաղական շինությունից, 70.9 քառ. մ օժանդակ շինությունից, 70.4 քառ. մ և 154.88 խոր. մ պարսպից, 36.9 քառ. մ ծածկից, 45.3 քառ. մ ծածկից, 31.5 քառ. մ ծածկից, 84.8 քառ. մ ծածկից՝ ուղղակի ձևով 99 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոսի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ սահմանելով, որ՝
1) վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի տարեկան վարձավճարը կազմում է 1 ամերիկյան դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ.
2) վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |