ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/11946/05/17 2024 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/11946/05/17 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
ռ . Հակոբյանք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի «ԿԱՐՇ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի` 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «ԿԱՐՇ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական և 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական և 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 21.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` միայն Կառավարության դեմ ուղղված պահանջի մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ․ Ավետիսյան, դատավորներ՝ Կ․ Բաղդասարյան, Ա․ Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2019 թվականի որոշմամբ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 21.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի որոշումներով Կառավարության ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Շ. Երանյանի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել են:
Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով 05.05.2023 թվականին կայացված դատավճռի համաձայն՝ Կարապետ Առաքելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով և 479-րդ հոդվածի 1-ին մասով հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա օգտագործել է կեղծ փաստաթուղթ, դատարան ներկայացրել է կեղծ ապացույց և կատարել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության փորձ:
Նշված դատավճռով հաստատված փաստական հանգամանքները՝ նոր երևան եկած հանգամանքները, արդեն իսկ օբյեկտիվորեն գոյություն ունեն և էական նշանակություն ունեն սույն վարչական գործով, այսինքն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրանց որպես նոր երևան եկած հանգամանքների գնահատական տալը կհանգեցնի դատական այլ որոշման կայացման, քան մինչ այդ հանգամանքների նոր երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է` կհանգեցնի արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար նաև պատասխանող կողմի խախտված իրավունքների վերականգնմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները և գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 21.02.2019 թվականի վճռով մասնակիորեն` միայն Կառավարության դեմ ուղղված պահանջի մասով, բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի` 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական և 0,00945 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
2) Վերաքննիչ դատարանի 30.07.2019 թվականի որոշմամբ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 21.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
3) Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 05.05.2023 թվականի դատավճռով Կարապետ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով և 479-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պատշոնական կայք, court.am)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր երևան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն իրավունքի գերակայության ցուցիչներից է և արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչը։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը:
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011)003rev) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ res judicata սկզբունքից հնարավոր են բացառություններ: Այդ բացառություններից է նոր երևան եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով եզրափակված գործը նորոգելու իրավական հնարավորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,
- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (․․․)՝ նորահայտ են,
- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,
- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,
- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե՛ս, Xheraj v. Albania (գանգատ թիվ 37959/02) գործով Եվրոպական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը, 53-54-րդ կետեր, Yerogova v. Russia (գանգատ թիվ 77478/01) գործով Եվրոպական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ, Maltseva v. Russia (գանգատ թիվ 76676/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ):
Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին կետին» (տե՛ս, Kuznetsova v. Russia (գանգատ թիվ 67579/01) գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են բացահայտվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի քննության ժամանակ, սակայն գործին մասնակցող անձանց և դատարանին հայտնի չլինելու հետևանքով հաշվի չեն առնվել: Նման պայմաններում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դառնում են ոչ ճիշտ և օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող, ինչը ոչ միայն չի կարող լինել անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոց, այլև իր հերթին կարող է ոտնահարել անձանց իրավունքները և օրինական շահերը: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը պայմանավորված է ոչ թե ստորադաս դատարանների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու, այլ գործի ավարտից հետո ի հայտ եկած հանգամանքներին համապատասխան դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ (տե՛ս, Մուշեղ Բուլղադարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.10.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթում դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայել՝ գործի քննության պահին դատարանին անհայտ հանգամանքի հաշվառմամբ՝ ապահովելով դատավարության մասնակիցների ներգրավվածությունն այդ հանգամանքի՝ գործի լուծման համար էական նշանակություն ունենալու փաստի հաստատմանը (հերքմանը), արդյունքում՝ երաշխավորել վարչական գործով վեճի լուծման օրինականությունը և հիմնավորվածությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական և 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը:
Դատարանի 21.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Հայցվորը, որպես օտարման ենթակա իր գույք, մատնանշել է 22.05.2002 թվականին Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի և Գետառի հատման մասում գրանցված անավարտ շինությունը (վկայական թիվ 502755): Նշված շինության վերաբերյալ ներկայացվել է N 108-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետին համապատասխան կազմված նկարագրության արձանագրություն, որտեղ նույնականացված է հայցվոր ընկերության անվամբ գրանցված 643,2 քմ շինությունը, միայն թե նշված է, որ «տարածքը արդեն քանդված է շինարարի կողմից»:
Դատարանն արձանագրում է, որ վերը նշված արձանագրությունից ակնհայտ է, որ հայցվորին պատկանող 643,2 քմ անավարտ շինությունը ներառվել է Որոշմամբ օտարվող գույքերի ցանկում, հակառակ դեպքում չէր կարող դրա վերաբերյալ N 108-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետին համապատասխան կազմվել նկարագրության արձանագրություն: Ընդ որում, դատարանը շարժվում է այն կանխավարկածով, որ դա Որոշման հավելված-ցանկում ներառված «Ա. Մանուկյան փողոցին հարող տարածքում` շինությունն է», քանի որ պատասխանող կողմը այլ գույքի հետ նույնականացնող որևէ տվյալ չներկայացրեց դատարանին:
Փաստ է նաև այն, որ հայցվոր ընկերության անվամբ գրանցված 643,2 քմ շինությունը փաստացի քանդվել է, վերջինիս հատուցում չի տրվել: Մնում է պարզել՝ արդյո՞ք դա տեղի է ունեցել Որոշմամբ նախանշված ծրագրի իրականացման նպատակով:
Այս կապակցությամբ հատկանշական է նկարագրության արձանագրությունում նշված այն հանգամանքը, որ շինությունը քանդվել է «շինարարի» կողմից: Ակնհայտ է, որ «շինարարը» չի կարող կապ ունենալ հայցվոր ընկերության հետ, հակառակ պարագայում արձանագրություն կազմողը ուղղակի կնշեր, որ շինությունը քանդվել է սեփականատիրոջ կողմից: Ընդ որում, հայցվորի կողմից շինությունը քանդելու թույլտվություն ձեռք բերելու կամ ինքնակամ քանդելու մասին վկայող ապացույց Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել:
Մյուս կողմից, բացի շինության սեփականատիրոջից, այն քանդելու լիազորություն ունեցել է միայն իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետը: Բնականաբար, Երևանի քաղաքապետն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան մասնագետների միջոցով, ում սովորաբար կենցաղային լեզվով անվանում ենք «շինարար»:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նկարագրության արձանագրությունով հաստատվում է, որ հայցվորին պատկանող անավարտ շինությունը ոչ միայն ներառվել է իրացման գոտում, նաև այն քանդվել է իրացնողի կողմից:
Այսպիսով, Որոշմամբ նախատեսված ճանապարհաշինարարական ծրագրի իրականացման նպատակով փաստացի քանդվել է հայցվորին պատկանող անավարտ շինությունը, սակայն որևէ հատուցում հայցվորը դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում խախտվել է հանրության գերակա շահի համար գույքի հարկադիր օտարումը միայն հատուցման դիմաց իրականացնելու սահմանադրական պահանջը (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երրորդ մաս): Ընդ որում, անկախ նրանից՝ փաստացի ով է (որ մարմինն է) կազմակերպել և/կամ իրականացրել քանդման աշխատանքները, դրա պատասխանատուն Կառավարությունն է, քանի որ Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է համարվել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Երևանի քաղաքապետը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից»:
Վերաքննիչ դատարանը 30.07.2019 թվականի որոշմամբ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժել է՝ վերահաստատելով Դատարանի 21.02.2019 թվականի վճռով արտահայտված դիրքորոշումները:
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, փաստել է․ «(․․․) անխոցելի է փաստն առ այն, որ 2002 թվականի մայիսի 22-ի դրությամբ Ընկերության սեփականության ներքո գտնվող 643,2քմ մակերեսով շինությունն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 01-ի թիվ 1607-Ն որոշմամբ նախատեսված ծրագրի շրջանակներում իրացման ենթակա գույքային միավորների կազմում, բայցևայնպես այն փաստացի քանդված է եղել 2008 թվականի ապրիլի 17-ի նկարագրության արձանագրության կազմման և ստորագրման պահին»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի որոշումներով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Շ. Երանյանի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով 05.05.2023 թվականի դատավճռով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը գտել է, որ «Առաջադրված մեղադրանքն մեղադրյալ Կարապետ Առաքելյանի կողմից ընդունելու և համաձայնեցման վարույթ կիրառելու պայմաններում` (․․․) մեղադրյալ Կարապետ Առաքելյանի կողմից՝ նրա մեղավորությամբ, նրան մեղսագրված արարքի կատարումն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով և 479-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով 05.05.2023 թվականին կազմվել է համաձայնության մասին արձանագրություն։ Արձանագրությամբ, մասնավորապես, նշվել է․ «(…) Կարապետ Կիրովի Առաքելյանը հանդիսացել է «Էլեն» ԲԲ ընկերության նախագահը: Երևանի քաղաքապետ Ա.Բազեյանը, հաշվի առնելով «Էլեն» ԲԲ ընկերության հայտը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և քաղաքաշինական խորհրդի եզրակացությունները, Գետառի կանաչապատման հաստատված նախագիծը՝ մշակված «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից, 2000 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրել է թիվ 1193 որոշումը, որով «Էլեն» ԲԲ ընկերությանը (հետագայում կառուցապատող) Ա.Մանուկյան փողոցի և Գետառի հատման մասում Գետառի հատվածը ծածկելու, առևտրի կենտրոն և սրճարան կառուցելու նպատակով, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով հատկացվել է 840 քմ հողամաս, որի հիման վրա նույն նպատակով «Էլեն» ԲԲ ընկերության և Երևանի քաղաքապետի միջև 2001 թվականի հունիսի 19-ին կնքվել է վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ «Էլեն» ԲԲ ընկերությունը վարձակալել է Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի և Գետառի հատման մասում 840 քմ տարածք, որտեղ ուրվագծվել է իրականությանը չհամապատասխանող 18 սյուն ունեցող 745,5 քմ մակերես ունեցող տարածք և 94,5 քմ մակերես ունեցող ընդհանուր օգտագործման կամուրջ:
Երևանի քաղաքապետարանի և «Հայնախագիծ» ՓԲ ընկերության միջև 2000 թվականի սեպտեմբերի 29-ի կնքված պայմանագրով ,Հայնախագիծ» ՓԲ ընկերությունը նախագծել է Գետառ գետի հունի (Մխիթար Հերացու և Վարդանանց փողոցների միջև գտնվող հատվածի) բարեկարգման և կառուցապատման վերաբերյալ նախագիծ, որը պետական ծրագրի շրջանակում հետագայում չի հաստատվել:
Կարապետ Առաքելյանը 2001 թվականի մարտի 5-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին հողի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու մասին, (...): «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագծի մաս կազմող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի և Գետառի հատման տեղամաս Գ-1 հատվածի նախագծի և քրեական գործով չհիմնավորված միջոցով և եղանակով անհիմն 2001 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի կողմից տրված՝ Գետառ գետի հունի բարեկարգման և կառուցապատման համար 23/35-10/ շինարարության թույլտվության հիման վրա, առանց 2001 թվականի փետրվարի 22-ին կնքված N 155/ՀԱ հողի վարձակալության պայմանագրի նոտարական կարգով վավերացման, ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանի կողմից «Էլեն» ԲԲ ընկերությանը տրվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող N 005240 անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականը, որի հատակագիծ բաժնում նշվել է գոյություն չունեցող 18 սյուն, 745,5 քմ մակերսով հողամաս և 94,5 քմ ընդհանուր օգտագործման կամուրջ:
Այնուհետև, «Էլեն» ԲԲ ընկերության նախագահ Կարապետ Առաքելյանը, գիտակցելով, որ վարձակալության պայմանագիրը կեղծ է, (․․․) 2002 թվականի ապրիլի 17-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին պետական գրանցում կատարելու մասին՝ կից ներկայացնելով N 005240 անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման ակնհայտ կեղծ վկայականը և «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագիծը:
ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Էդուրադ Համբարձումյանը, ունենալով Ալ.Մանուկյան և Գետառ գետի հատման մասի տարածքը և դրա վրա շինության առկայությունը ստուգելու, դրանք չափագրելու պարտականություն, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, չի գնացել նշված տարածք և չի իրականացրել չափագրում, այլ, հիմք ընդունելով դիմումին կից ներկայացված «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագծի մաս կազմող Երևան քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի և Գետառի հատման տեղամաս Գ-1 հատվածի նախագիծը, արտագրել է այն «Էլեն» ԲԲ ընկերության սեփականության վկայականի շենքի հատակագիծ հատվածում՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ՝ «Էլեն» ԲԲ ընկերության Կենտրոն համանքի Ալ.Մանուկյան փողոց և Գետառի հատման մասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2002 թվականի ապրիլի 22-ին տրված թիվ 502369 սեփականության վկայականում, որի հիման վրա «Էլեն» ԲԲ ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտնվող 28 սյուներով 643,2 քմ մակերոսով շինության սեփականության վկայական: Իսկ ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանը, չունենալով նոտարական կարգով վավերացված 2001 թվականի փետրվարի 22-ին կնքված N 155/ՀԱ հողի վարձակալության պայմանագիրը, թիվ 502369 վկայականում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վկայականի ձեռքբերման հիմքում նշելով տվյալ տարածքին չվերաբերող՝ Էրեբունի շրջանի պետնոտարի կողմից 01.03.2001թ. թիվ 2-221 հողի վարձակալության պայմանագիր 20 տարի ժամկետով:
2002 թվականի մայիսի 11-ին կնքված անավարտ սրճարանի նվիրատվության պայմանագրով Կարապետ Առաքելյանին փաստացի պատկանող «Էլեն» ԲԲ ընկերությունը վերը նշված՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վկայականի հիման վրա իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտնվող 28 սյուներով 643,2 քմ մակերեսով շինությունը՝ անավարտ սրճարանը, և վարձակայությամբ ստացված 0.07455 հա վարձակալած ու 0.00945 հա ընդհանուր օգտագործման հողերը, նվիրատվել է Կարապետ Առաքելյանին փաստացի պատկանող «Կարշ» ՍՊ ընկերությանը:
Նվիրատվության պայմանագրի հիման վրա 2002 թվականի մայիսի 13-ին «Կարշ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Կարինե Ալոյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին պետական գրանցում կատարելու մասին, որի հիման վրա 2002 թվականի մայիսի 22-ին «Կարշ» ՍՊ ընկերությանը տրվել է ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող սեփականության իրավունքի թիվ 502755 վկայականը, համաձայն որի՝ «Կարշ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտնվող 28 սյուներով 643,2 քմ մակերոսով շինության սեփականության իրավունք:
(․․․)
Այնուհետև, Կարապետ Առաքելյանը ՀՀ կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նախնական դիտավորությամբ, հստակ տեղյակ լինելով, որ թիվ 502755 վկայականն ակնհայտ կեղծ է և դրանում «Կարշ» ՍՊ սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 28 սյուներով 643,2 քմ մակերեսով շինությունն իրականում գոյություն չունի, 2017 թվականի նոյեմբերի 11-ին իր կողմից լիազորված անձ Կարեն Թունյանի միջոցով, ով գործել է անզգուշությամբ՝ չիմանալով Կարապետ Առաքելյանի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու մտադրության մասին, հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի դեմ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կարշ» ՍՊ ընկերության աեփականության իրավուքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի և Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0.07455 հա մակերեսով պետական և 0.00945 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643.2 քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու, նշված հողամասի տիրապետման և օգտագործման իրավունքից հայցվորին զրկելու գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
(․․․)
Նշված երկու հայցադիմումներին կից, որպես դրանց հիմնավորում և որպես ապացույց, Կարապետ Առաքելյանը Կարեն Թունյանի միջոցով մեկ միասնական դիտավորությամբ դատարաններ է ներկայացրել նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող սեփականության իրավունքի թիվ 502755 վկայականը։ (․․․)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 05.05.2023 թվականի դատավճռով, մասնավորապես, հաստատված է համարվել, որ 22․05․2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը, ըստ որի Կենտրոն համայնքի Ալ․ Մանուկյան փողոց և Գետափ հատման մասում գտնվող 643,2քմ անավարտ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է «Կարշ» ՍՊԸ-ին, բովանդակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ, և վկայականում նշված՝ «Կարշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 643,2քմ անավարտ շինությունն իրականում գոյություն չունի։
Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործի քննության արդյունքում բացահայտված այն փաստը, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը բովանդակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ, և վկայականում նշված՝ «Կարշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 643,2քմ անավարտ շինությունն իրականում գոյություն չունի, թեև գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին, սակայն հայտնի չի եղել բողոք բերած դատավարության մասնակցին և Դատարանին։ Ի հիմնավորումն խնդրո առարկա շինության գոյության փաստի՝ որպես գրավոր ապացույց Դատարան է ներկայացվել սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը, ինչը Դատարանի կողմից հիմք է ընդունվել շինության գոյության (մինչև վիճարկվող քանդման գործողությունների կատարումը) փաստը հաստատված համարելու համար։ Շինության գոյության փաստը հերքվել է միայն նշված քրեական գործի արդյունքում։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործի քննության արդյունքում բացահայտված վերը նշված փաստը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն՝ հաշվի առնելով, որ Դատարանի 21.02.2019 թվականի վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել ««ԿԱՐՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0.07455հա մակերեսով պետական և 0.00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643.2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը», որպիսի գործողության կատարված լինելու հանգամանքն օբյեկտիվորեն հերքվում է այդ գործողության անմիջական առարկայի՝ 643,2քմ շինության բացակայության փաստի ուժով։ Այլ կերպ՝ սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականում որպես «Կարշ» ՍՊԸ-ի սեփականություն նշված 643,2քմ մակերեսով շինության՝ իրականության մեջ գոյություն չունենալու փաստն ինքնին բացառում է նաև գոյություն չունեցող շինությունը քանդելու գործողության առկայությունը։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երևան եկած հանգամանքի հիմքով ենթակա են վերանայման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։
Այսպիսով, սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.07.2019 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24․01․2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները։
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն․ «ԿԱՐՇ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի` 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «ԿԱՐՇ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական և 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Լ․ ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: