ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 909-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման NN 1 և 2 հավելվածներում «2023 թվականի դեկտեմբեր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «2024 թվականի հունիս» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ և N 2 հավելվածի 4.1-ին կետերում «15» թվերը փոխարինել «18» թվերով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել`
1) որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում` 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար աջակցություն ստացած այն անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն կետում նշված միջոցառման շահառուներ, կամ պետական բյուջեի կամ տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի դիմաց այլ բնակելի անշարժ գույք կամ դրամական միջոց հատկացնելու միջոցով նրանց (ընտանիքին) հատկացվել է փոխհատուցում․
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շահառուների ցանկում նշված անձի ընտանիքում ծնված երեխայի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), եթե այդ երեխայի տվյալները որոշմամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չեն տրամադրվել.
3) 2023 թվականի դեկտեմբեր ամսից հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված՝ որոշման շահառու հանդիսացած (մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը միջոցառման շրջանակներում դրամական օգնություն ստացած) անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե նա հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց): Այս դեպքում դրամական օգնությունը տրամադրվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ որոշման շահառուներին օգնություն տրամադրելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
5. Սույն որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների համար ամենամսյա դրամական վճարը, այդ թվում՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված տվյալների հիման վրա նոր ծնված երեխայի համար տրամադրվող միանվագ դրամական օգնությունը վճարվում է միանվագ՝ որոշմամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |