Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

42/20052020

Բ-3707/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

18 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 71106619 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

11 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի նույն վարչությունում հարուցվել է թիվ 71103920 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի միջնորդությունը և թույլատրվել Անդրանիկ Բորիսի Դավթյանի նկատմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թիվ 15 հիվանդասենյակում՝ մեկամսյա ժամկետով, Սևակ Սարգսի Քոչինյանի նկատմամբ՝ ձերբակալվելու դեպքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 4-րդ խցում՝ եռօրյա ժամկետով, իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:

3 Սևակ Քոչինյանի ներկայացուցիչ ՎՍուղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունվարի 15-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և Անդրանիկ Դավթյանի ու Սևակ Քոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի միջնորդությունը մերժելու մասին։

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Այսպես, բողոքաբերը քննարկելով ձերբակալվածներին պահելու վայրում և հիվանդասենյակում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը նեղ իմաստով է մեկնաբանել բնակարան հասկացությունն ու դատական ակտը հիմնավորել է Գոռ Սարգսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ արտահայտած իրավական մեկնաբանությունները մեջբերելով, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործի փաստական հանգամանքները տարբերվում են նշված գործի փաստական հանգամանքներից։

Տվյալ դեպքում, զուտ ձերբակալվածներին պահելու վայրում կամ հիվանդասենյակում իրականացնելու փաստն ինքնին բավարար չէ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելու համար։ Բողոքաբերի գնահատմամբ, նշված վայրերում խնդրո միջոցառման իրականացման իրավաչափությունը պետք է քննարկել դրա իրականացման եղանակի և ձևի, ինչպես նաև անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքների վերաբերյալ ողջամիտ ակնկալիք ունենալու համատեքստում։

Բացի այդ, բողոքի հեղինակը հիմնազուրկ է դիտարկել Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ ԱԴավթյանի և ՍՔոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում ըստ էության իրականացվել է քողարկված հարցաքննություն։

Վերոգրյալից բացի, բողոքաբերը նկատել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման թույլտվությունը ստանալու վարույթին ԱԴավթյանի և ՍՔոչինյանի մասնակցության հարցը Վերաքննիչ դատարանում քննության առարկա լինել չի կարող։ Հիշյալ դիրքորոշումը հիմնավորվել է դատավարական այդպիսի կարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ՝ փաստարկելով նաև, որ տվյալ վարույթին վերահսկվող անձի մասնակցության դեպքում օպերատիվ-հետախուզական գործունեությամբ հետապնդվող նպատակը հնարավոր չի լինելու իրագործել։

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը, մերժելով ԱԴավթյանի և ՍՔոչինյանի նկատմամբ տարբեր վայրերում խնդրո միջոցառումն իրականացնելու թույլտվությունը ստանալու մեկ միասնական միջնորդությունը, որևէ կերպ չի պատճառաբանել Ս.Քոչինյանի քննարկվող իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը։ Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ առնվազն ՍՔոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը հայցվել է օրենսդրությամբ առաջադրվող պահանջներին համապատասխան։

6 Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7Նյութերում առկա՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված՝

- 2020 թվականի մայիսի 16-ով թվագրված գրության պատճենի համաձայն՝ «(․․․) 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 71103920 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայության աշխատակիցներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու՝ Սևակ Սարգսի Քոչինյանի մասնակցությունը կատարված հանցագործությանը, ինչպես նաև հիշյալ հանցագործությանն առնչություն ունեցող բոլոր անձանց պարզելու վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ, ինչպես նաև կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ ներքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում»2,

- 2020 թվականի մայիսի 20-ով թվագրված գրության պատճենի համաձայն՝ «(․․․) Նախաքննության ընթացքում Ալվարդ Հունանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր համոզմամբ որդուն դանակահարել է Սևակ Քոչինյանը։ Այնուհետև լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ալվարդ Հունանյանը հայտնել է, որ ինքը տեսել է, որ որդուն դանակահարել է Սևակ Քոչինյանը։

Սևակ Քոչինյանը որպես վկա հարցաքննության ժամանակ ժխտել է իր կողմից հիշյալ հանցագործությունը կատարելու փաստը։

Քրեական գործով առաջացած անհրաժեշտությունից ելնելով խնդրում եմ Սևակ Քոչինյանի հետ կատարել ՕՀ միջոցառումներ, այդ թվում ներքին դիտում՝ քրեական գործով նոր ապացույցներ ձեռք բերելու նպատակով»3։

7.1 «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(․․․) Տիգրան Դավթյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով (․․․) ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11 կետով հարուցվել է թիվ 71106619 քրեական գործը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բնակարանային գողությունը կատարել է (․․․) Անդրանիկ Բորիսի Դավթյանը և նշված դեպքի հետ կապված պարզաբանումներ կատարելու համար վերջինս 2020 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 21։35-ի սահմաններում հանդիպել է Տիգրան Դավթյանի մտերիմ, (․․․) Սևակ Սարգսի Քոչինյանի հետ, որի ընթացքում էլ առաջացած վիճաբանության ժամանակ Սևակ Քոչինյանն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Անդրանիկ Դավթյանի մարմնի տարբեր մասերին ու պատճառել ծանր մարմնական վնասվածքներ։ Նշված դեպքից հետո Սևակ Քոչինյանը դիմել է փախուստի, իսկ Անդրանիկ Դավթյանը տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։

Անդրանիկ Դավթյանի մարմնական վնասվածք ստանալու փաստով 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 71103920 քրեական գործը։

(․․․) Անդրանիկ Բորիսի Դավթյանի կողմից վերը նշված ենթադրյալ հանցագործությունը կատարելու, այլ հանցավոր գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու նպատակով 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից ստացվել է (․․․) Անդրանիկ Բորիսի Դավթյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին քննչական հանձնարարությունը։

Սևակ Սարգսի Քոչինյանի կողմից վերը նշված ենթադրյալ հանցագործությունը կատարելու, այլ հանցավոր գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու նպատակով 2020 թվականի մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից ստացվել է (․․․) Սևակ Սարգսի Քոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին քննչական հանձնարարությունը։

Վերոգրյալի մասին զեկուցելով և ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժնի պետի պարտականություններ կատարող[ը] (․․․) հիմնավորված միջնորդություն է ներկայացրել (․․․) Անդրանիկ Բորիսի Դավթյանի նկատմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության թիվ 15 հիվանդասենյակում, իսկ (․․․) Սևակ Սարգսի Քոչինյանի նկատմամբ՝ վերջինիս ձերբակալվելու դեպքում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ թիվ 4 խցում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ։

Քննարկելով միջնորդությունը և կից նյութերը, ինչպես նաև նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, Անդրանիկ Բորիսի Դավթյանի, Սևակ Սարգսի Քոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմամբ կարող են ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ (․․․)»4։

8. Օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(...) [Ը]ստ ներկայացված նյութերի միջնորդություն ներկայացրած մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուն ուղղված այլ միջոցներ, սակայն դրանց արդյունքում հնարավոր չի եղել լիարժեք ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները։

(...) [Ե]լնելով մասնավոր և հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշռման անհրաժեշտությունից և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է և Անդրանիկ Դավթյանի, Սևակ Քոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմամբ կարող են ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-րդ կետով նախատեսված առերևույթ ծանր, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ ծանր հանցագործությունների բացահայտմանը, [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման»5։

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն գործով կիրառելի է Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 11-ի որոշումը, (․․․

(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը

ա) ըստ վիճարկվող որոշման՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը (հիմնական գործով տուժող և մեկ այլ գործով գողության ենթադրյալ կատարող) Անդրանիկ Դավթյանի նկատմամբ պետք է իրականացվեր «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության թիվ 15 հիվանդասենյակում, իսկ Սևակ Քոչինյանի (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարողի) նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ թիվ 4 խցում, որոնք քրեադատավարական օրենքի համաձայն՝ չունեն «բնակարանի» կարգավիճակ։ Միջամտության՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում ԱԴավթյանի և ՍՔոչինյանի նկատմամբ ըստ էության իրականացվել է քողարկված հարցաքննություններ (․․․

(․․․)

բ) Տվյալ դեպքում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են հարուցված և քննիչի վարույթում գտնվող թիվ 71106619 և 71103920 քրեական գործերի առկայության պայմաններում, ՍՔոչինյանի և ԱԴավթյանի իրավունքների և ազատությունների նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցների՝ հարցաքննության, նրանց հեռախոսային խոսակցության լսման և այլնի ակնհայտ առկայության պարագայում։ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված միջնորդության մեջ և կից ներկայացված նյութերում առկա է նախաքննության մարմնի հանձնարարությունների պատճենները՝ Սևակ Քոչինյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ թվում՝ «ներքին դիտում» իրականացնելու և որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Դավթյանին, ապա նրա նկատմամբ ՕՀ միջոցառումն իրականացնելու մասին նախաքննական մարմնի որևէ հանձնարարություն բողոքի վերաբերյալ նյութերում բացակայում է, առնվազն Առաջին ատյանի դատարանին չի ներկայացվել (վերաքննիչ ատյանում դա հաստատել է նաև Միջամտությունը նախաձեռնած Օպերատիվ մարմնի ներկայացուցիչը)։

(․․․) Անդրանիկ Դավթյանի և Սևակ Քոչինյանի դեպքում դրանք իրականացվել են միջամտության օրենսդրական հիմքերի խախտումներով, ավելին՝ հրատապ սոցիալական կարիքի բացակայության պայմաններում։ (․․․) [Տ]վյալ դեպքում քրեական հետապնդման մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերն ու Միջամտությունը ենթադրաբար հիմնավորող փաստարկները բավարար չէին և բավարար չեն արձանագրելու, որ Միջամտության նպատակը և հրատապ սոցիալական կարիքը (հանրային շահը) գերակայում էր նույն Միջամտության բնույթի՝ վերոնշյալ անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների սահմանափակման (մասնավոր շահերի) համեմատ, ինչը հանգեցրել է վերոնշյալ անձանց իրավունքների խախտման (․․․

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործի պայմաններում Սևակ Քոչինյանի և Անդրանիկ Դավթյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների սահմանափակումը եղել է անհամաչափ, իսկ հակառակն արձանագրած Առաջին ատյանի դատարանի հետևությունը, սույն որոշման մեջ նշված պատճառաբանությամբ, անհիմն, քանի որ՝

ա) Առաջին ատյանի դատարանում վերոնշյալ անձինք չեն օգտվել իրենց հակափաստարկները ներկայացնելու հնարավորությունից, ինչը, թերևս, բխում է Միջամտության բնույթից և դրա վերաբերյալ առկա քրեադատավարական կարգավորումներից, սակայն նրանք նաև չեն օգտվել տվյալ գործընթացում իրենց շահերն ապահովող իրավական երաշխիքներից։ Ավելին, Միջամտությունը թույլատրած որոշման կայացման գործընթացը, որը հանգեցրել է նրանց վերոնշյալ իրավունքները սահմանափակելուն, նրանց համար չի եղել արդար և Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող նրանց շահերը հավուր պատշաճի չեն հարգվել։

բ) Թեև Միջամտությունը պետք է լիներ համաչափ քրեական հետապնդման մարմնի հետապնդած նպատակին, սակայն Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հիմնավորող նյութերը չեն բովանդակում ինչպես փաստական, այնպես էլ իրավական բավարար հիմնավորում՝ այդ Միջամտության հրատապ սոցիալական կարիքի, այլ կերպ՝ դրա անհրաժեշտության վերաբերյալ»6։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ԱԴավթյանի և Ս.Քոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:

Մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց։

2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով»:

Մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի 46-րդ մասի համաձայն՝ «բնակարան՝ շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար (...): «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը»։

11Վճռաբեկ դատարանը «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ7։

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է՝ գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից8։ Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր։

12 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 71106619 քրեական գործը9,

- օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել, որ հափշտակությունը ենթադրաբար կատարել է ԱԴավթյանը։ Հիշյալ արարքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու ընթացքում ԱԴավթյանի և ՍՔոչինյանի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում ՍՔոչինյանը ենթադրաբար իր մոտ առկա կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել ԱԴավթյանի մարմնի տարբեր մասերին10,

- հիշյալ դեպքի առթիվ 2020 թվականի մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 71103920 քրեական գործը11,

- հետաքննության մարմինը ստացել է թիվ 71103920 քրեական գործով օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ այդ թվում «ներքին դիտում» միջոցառումն իրականացնելու մասին հանձնարարություններ12,

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ թույլատրելու ԱԴավթյանի նկատմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թիվ 15 հիվանդասենյակում՝ մեկամսյա ժամկետով, ՍՔոչինյանի նկատմամբ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 4-րդ խցում՝ եռօրյա ժամկետով իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում13,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 20-ի որոշմամբ կարգադրվել է հայցվող միջամտությունը14,

- Վերաքննիչ դատարանը Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով նախադեպային որոշման լույսի ներքո փաստել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է դրա բնույթին և նպատակային նշանակությանը ոչ համապատասխան՝ պատճառաբանելով, որ `

ա) հիվանդասենյակն ու ձերբակալվածներին պահելու վայրը չեն տեղավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված՝ «բնակարան» հասկացության շրջանակում,

բ) ներկայացված նյութերում բացակայում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը՝ ԱԴավթյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ,

գ) Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հիմնավորող նյութերը չեն հիմնավորվել խնդրո օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ հետապնդվող նպատակի՝ հրատապ սոցիալական կարիքի, անհրաժեշտության առկայությունը։ Ավելին, «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է ԱԴավթյանի և ՍՔոչինյանի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության եղանակի՝ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պայմաններում,

դ) Առաջին ատյանի դատարանում նշված անձինք չեն օգտվել իրենց հակափաստարկները ներկայացնելու հնարավորությունից, ինչը, թերևս բխում է միջամտության բնույթից և դրա վերաբերյալ առկա կարգավորումներից, սակայն նրանք նաև չեն օգտվել այդ գործընթացում իրենց շահերն ապահովող իրավական երաշխիքներից։ Այդ գործընթացը նրանց համար չի եղել արդար ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածով երաշխավորվող նրանց շահերը հավուր պատշաճի չեն հարգվել,

ե) «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ԱԴավթյանի ու ՍՔոչինյանի նկատմամբ ըստ էության իրականացվել է քողարկված հարցաքննություն15։

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Գոռ Սարգսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ դրանք չեն կարող մեխանիկորեն կիրառվել հիվանդասենյակում կամ ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելու և դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրերում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հիշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառելիությունը պետք է որոշվի in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ ստուգման ենթարկելով նաև թե արդյո՞ք կատարման վայրի առնչությամբ վերահսկվող անձն ունի կամ կարող է ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։

Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, առանց in concreto գնահատելու «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թիվ 15 հիվանդասենյակում և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 4-րդ խցում վերահսկման ենթարկվող անձանց իրավահարաբերությունների բնույթը, զուտ համապատասխան խցում և հիվանդասենյակում իրականացնելու փաստով պայմանավորված` անթույլատրելի է ճանաչել այդ տեղերում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը՝ գտնելով, որ ձերբակալվածներին պահելու վայրի խուցը և հիվանդասենյակը բնակարան չեն, հետևաբար այնտեղ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չի կարող իրականացվել։

Այս առումով Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որոշակի տարածք մշտապես կամ ժամանակավորապես զբաղեցնելը բնակարանի անձեռնմխելիության երաշխիք տրամադրելու հանգամանքը կանխորոշող հիմնական պայման չէ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, այս կամ այն տարածքը որպես բնակարան դիտարկելու հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել ոչ թե կոնկրետ անձին այն հատկացված լինելու իրավական հիմքերի առկայությունը, այլ փաստացի այդ տարածքը զբաղեցնելու, դրա հետ որոշակի կապեր ունենալու, այդ տարածքում ծավալվող իրավահարաբերությունների բնույթը բնութագրող հանգամանքները, որոնց ուժով անձը կարող է ունենալ մասնավոր կյանքի անձեռնմխելիության որոշ երաշխիքների լեգիտիմ ակնկալիք16։

Մասնավոր կյանքի անձեռնմխելիության որոշ երաշխիքների լեգիտիմ ակնկալիքի վերաբերյալ վերն արտահայտված դիրքորոշման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև ձերբակալվածների պահման վայրում կամ հիվանդասենյակում անձի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքները չեն կարող լիարժեքորեն նույնացվել անձի՝ բնակարանում ունեցած անձեռնմխելիության երաշխիքների հետ, սակայն ձերբակալվածների պահման վայրում կամ հիվանդասենյակում այդպիսի երաշխիքների նվազագույն ընկալման հնարավորությունն առհասարակ բացառվել չի կարող։ Այսինքն՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջոցով քրեական հետապնդման մարմնի կողմից առերևույթ վերահսկողություն կարող է իրականացվել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության առարկան կազմող` մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ17։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ ձերբակալվածների պահման վայրը և հիվանդասենյակը չի կարող դիտարկվել իբրև «բնակարան»՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով, իրավաչափ չէ։

131 Թերևս ստորադաս դատարանն առհասարակ բացառելով հիվանդասենյակում և ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» իրականացնելու հնարավորությունը հանգել է սխալ եզրահանգման, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի ստուգման արդյունքում Ա.Դավթյանի և ՍՔոչինյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցում եկել է ճիշտ եզրահանգման։

Ինչպես իրավացիորեն նշել է Վերաքննիչ դատարանը, նախաքննության փուլում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնի կողմից ԱԴավթյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վարույթը նախաձեռնվել է համապատասխան ցուցումի կամ հանձնարարության բացակայության պայմաններում18։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախաձեռնող մարմնի կողմից ներկայացված հանձնարարությունները տեղեկատվություն են պարունակում թիվ 71103920 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու մասին։ Մինչդեռ, ըստ ներկայացված նյութերի, ԱԴավթյանը ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվում է թիվ 71106619 քրեական գործով։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ համաչափության սկզբունքի պահպանման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական գնահատման չի արժանացրել գործի փաստական հանգամանքները՝ ՍՔոչինյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ հետապնդվող նպատակի լեգիտիմության առումով։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության մեջ իրավասու մարմինը որևէ կերպ չի հիմնավորել, թե ո՞րն է եղել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման նպատակը, ո՞ր փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը և հնարավոր ի՞նչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել իրավասու մարմինը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հաշվի առնելով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության էապես բարձր աստիճանը, անընդունելի է առանց դրա անհրաժեշտության հիմնավորման, նշված միջոցառման իրականացումը՝ զուտ գործի քննության լրիվությունն ապահովելու նկատառումներով։ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման միայն լեգիտիմ նպատակի առկայության պարագայում է, որ դատարանը կարող է պատշաճ գնահատման ենթարկել խնդրո առարկա միջամտության համաչափությունն այդ նպատակին19։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի դատողությունն առ այն, որ ՍՔոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցի կիրառմամբ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման հնարավորության ակնհայտ առկայության պայմաններում, ևս հիմնավոր է և համահունչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojević v. Croatia գործով հայտնած իրավական դիրքորոշմանը: Մասնավորապես, նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ գաղտնի դիտում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ չէին ներկայացվել կատարված հանցագործության վերաբերյալ գործի փաստերի և կոնկրետ հանգամանքների վրա հիմնված փաստական մանրամասներ և չէր հիմնավորվել, որ նախաքննությունը չէր կարող իրականացվել այլ՝ ավելի նվազ միջոցներով20:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հարուցված է եղել քրեական գործ, վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ունեցել, որ ԱԴավթյանին մարմնական վնասվածքներ պատճառողը ենթադրաբար ՍՔոչինյանն է, որպիսի պայմաններում նախաքննության մարմինը չի հիմնավորել այդ տեղեկությունները քրեադատավարական լայն գործիքակազմի կիրառմամբ ձեռք բերելու հնարավորության բացակայությունը: Փոխարենը նախաձեռնող մարմինը, իր հերթին նաև Առաջին ատյանի դատարանը, բավարարվել են այդ տեղեկությունների ձեռքբերման անհնարինության մասին ձևական նշումով:

Ինչ վերաբերում է նյութերում առկա քննչական հանձնարարությունում առկա այն տեղեկատվության, որ ՍՔոչինյանը վկայի դատավարական կարգավիճակում տրված ցուցմունքով ժխտել է հիշյալ հանցագործությունը կատարելու փաստը, հարկ է նշել, որ նշյալ հանգամանքի շուրջ ՍՔոչինյանին հարցաքննելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել։ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ ձեռք բերելու անհնարինությունը, զուտ ՍՔոչինյանին հարցաքննելու մասին քննչական հանձնարարությունում առկա նշումով պայմանավորված հաստատելն անհամատեղելի է տվյալ վարույթին ներկայացվող պահանջներին։

132 Միևնույն ժամանակ, անընդունելի է Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի դատական քննությունը չի ապահովել վերահսկվող անձի՝ իր իրավական երաշխիքներից օգտվելու հնարավորությունը։ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումները գտնվում են դատական վերահսկողության ներքո: Օրենսդրի կողմից և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով որոշակիորեն հստակեցված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման պայմանները, ընթացակարգը և այդ իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության բովանդակությունը։

Թեև օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման միջնորդության քննությունը չունի մրցակցային բնույթ, սակայն Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման մոտեցումն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված է, քանի որ կոչված է ապահովելու համապատասխան միջոցառման անցկացման օրինականությունը, գաղտնիությունն ու արագությունը՝ տվյալ դեպքում հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ուստի՝ դատարանը, նման գործերով իրականացնելով դատական վերահսկողություն, ստուգում և գնահատում է միջնորդության արդարացի լուծման համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները: Հետևաբար, իրավական ընթացակարգի այդ առանձնահատկություններով է պայմանավորված այն հանգամանքը, որ շահագրգիռ անձը տվյալ փուլում չի կարող իրացնել օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներ: Այդուհանդերձ, շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման շրջանակներում, հետևաբար՝ ընդհանուր առմամբ ապահովված են արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման երաշխիքները21։

Այս համատեքստում հարկ է նկատել նաև, որ Վերաքննիչ դատարանը չի մատնանշել թե տվյալ դեպքում միջնորդության քննության ընթացքում վերահսկման ենթակա անձը կոնկրետ ո՞ր իրավական երաշխիքից չի օգտվել և ինչպես է այն արտահայտվել։

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում պարզելու համար թե արդյո՞ք շահագրգիռ անձն ունեցել է իր դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հնարավորություն, Եվրոպական դատարանը գնահատում է թե արդյո՞ք անհատին հասանելի է եղել դատական վերանայման ընթացակարգը։ Այսպես՝ Klass and Others v. Germany գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ երբ պետությունն իրականացնում է գաղտնի վերահսկողություն, որի գոյությունը հայտնի չէ վերահսկվող անձանց, և որը, հետևաբար, անբողոքարկելի է մնում, հնարավոր է, որ անհատը ենթարկվի 8-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի և նույնիսկ զրկվի այս հոդվածով երաշխավորված իրավունքներից՝ առանց այդ մասին իմանալու և, հետևաբար, առանց ներպետական մակարդակով իրավական պաշտպանության միջոցի դիմելու կամ գործը Եվրոպական կոնվենցիայի ներքո գործող մարմիններին ներկայացնելու հնարավորություն ունենալու22։

Վիճարկվող դատական ակտում արտացոլված այն մոտեցումը, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում իրականացվել է քողարկված հարցաքննություն, ևս անընդունելի է՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի վերաքննության առարկայից ելնելով։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ է սահմանազատել ապացույցի ձեռքբերման ընթացակարգի իրավաչափության ստուգումն այդ ապացույցը ձեռքբերելու թույլտվություն տվող դատարանի որոշման իրավաչափության ստուգման ընթացակարգից23։ Վերաքննության առարկան հիմնված է in concreto փաստական հանգամանքների հետազոտմամբ հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու առումով Առաջին ատյանի դատարանի եզրահանգման գնահատման վրա։ Այսինքն՝ դատական վերանայման գործառույթի իրացման արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասություն չունի գնահատականներ տալու Առաջին ատյանի դատարանի կողմից կարգադրված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընթացակարգի իրավաչափությանը, որը հետագա քննության առարկա է կազմում։

14. Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Ա.Դավթյանի և ՍՔոչինյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է։

15. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թեև դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչև 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, սակայն սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, թույլ տրված խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Հետևաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 8-9:

3 Տե՛ս նյութեր, թերթ 7:

4 Տե՛ս նյութեր, թերթեր 2-4:

5 Տե՛ս նյութեր, թերթեր 10-13:

6 Տե՛ս նյութեր, թերթեր 72-85:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojević v. Croatia գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, 94-րդ կետ:

9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

10 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 1․1-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը։

15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ ,Հայփոստե ՓԲԸ-ի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՇԴ/0525/07/18 որոշումը։

17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-11 որոշումը։

18 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը։

19 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով հիշյալ որոշումը։

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Dragojević v. Croatia գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, կետ 95։

21 Տե՛ս mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշումը։

22 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Klass and Others v. Germany գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/7, կետ 36։

23 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը, կետ 17։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան