ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2179-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետը և 8-րդ կետը, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Կապան, Կապան քաղաք, Երկաթուղայինների փողոց 18/6 հարթակ հասցեում գտնվող, 2023 թվականի հուլիսի 17-ի դրությամբ 52 600 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 1332 քառ. մետր մակերեսով հարթակները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.3 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 03052023-09-0020 վկայական) (այսուհետ՝ գույք) նվիրաբերել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ այն կառուցելու և Թումո արտադպրոցական, նորարական, կրթական ծրագիր իրականացնելու նպատակով։
2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին (այսուհետ՝ նախարար)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի տնօրենի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) նվիրաբերվող գույքը կառուցելու և Թումո ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամի կողմից 2 տարվա ընթացքում կիրականացվի 300 000 000 դրամի ներդրում՝
1-ին տարում՝ 140 000 000 դրամ,
2-րդ տարում՝ 160 000 000 դրամ.
2) սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն։
3. Նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |